HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում ՏՏ ոլորտում գործող կազմակերպությունների թիվը 175-ից հասել է 210-ի

IT_24.11.09Այսօր «Անի Պլազա» հյուրանոցում ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ կայացավ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների մրցունակության երրորդ ամենամյա համաժողովը, որի նպատակն էր համախմբել ոլորտի ներկայացուցիչներին և քննարկել ոլորտի հրատապ հարցերն ու խնդիրները: Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը կարևորեց միջոցառումը` այն համարելով կարևոր գործոն` համախմբված և միասնական ՏՏ ոլորտ ձևավորելու գործում: Նախարարի խոսքով` ՏՏ-ի դերը մեծ է նաև Հայաստանի տնտեսությա տարբեր ոլորտներում, ինչն ապահովում է առողջ մրցունակություն միջազգային շուկայում: «Այսօր ԱՊՀ երկրների շարքում շարունակում է ամրապնդվել Հայաստանի` որպես տեխնոլոգիական կենտրոնի դիրքը, քանի որ տեղական ՏՏ արտադրանքը սպասարկում է ոչ միայն հայկական շուկան, այլև գրավիչ է արտասահմանյան պատվիրատուների համար»,- ասաց Ներսես Երիցյանը: Նա հավաստիացրեց, որ հաշվի առնելով ՏՏ կարևորությունը` ոլորտի խնդիրները օրակարգային են կառավարության համար, ինչի ապացույցը 2008թ.-ին Հայաստանի ընդունած ՏՏ ոլորտի հայեցակարգն է: «ՏՏ շուկայի նկատմամբ մեծ հետաքրքրությանը հակադրվում է պրոֆեսիոնալ աշխատուժի պակասը, որն էլ ներկա դրությամբ համար մեկ մարտահրավերն է»,- ասաց Ն. Երիցյանը: Մերօրյա զարգացման ամենակարևոր գործոնը համարելով մարդկային միտքը` նախարարը համոզված է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կարող է լինել մեր հազարամյակի հեղափոխությունը, եթե արդեն այդպիսին չէ: «Ուժեղ կրթական համակարգ, նորարարություն և ձեռներեցություն. ահա այս ներդաշնակության մեջ է ժամանակակից երկրների առաջընթացի բանալին: 21-րդ դարում չունենալ այդ ամենը, նշանակում է ունենալ մարմին` առանց ուղեղի»,- հավելեց  նա: Համաժողովի ընթացքում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ընդգծեց ՏՏ հատուկ դերը յուրաքանչյուր երկրի մակրոտնտեսական զարգացման գործում` մրցունակության բոլոր ցուցանիշները համարելով ուղիղ համեմատական ՏՏ զարգացման ցուցանիշներին: «Ճգնաժամի պայմաններում առավել կարևորվում է ՏՏ դերը տնտեսության տարբեր ոլորտների  ընդհանուր արդյունավետության բարձրացման գործում»,- ասաց Բ.Ենգիբարյանը: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրենը նաև ներկայացրեց վերջերս Բերմուդյան կղզիներում կայացած ՏՏ ոլորտի միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպման արդյունքները, որոնք ենթադրում են ՏՏ առաջնային և ուղղորդող դերը երկրների տնտեսական, կրթական, հասարակական և այլ ոլորտներում` չբացառելով այդ ընթացքում պետական միջոցների կրճատման կամ ավելացման հնարավորությունը: Էկոնոմիկայի նախարարությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ՏՏ ոլորտում իրականցնում են ուսումնասիրություն, որը պատրաստ կլինի այս տարվա դեկտեմբերին: Բ. Ենգիբարյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց այդ ուսումնասիրության նախնական տվյալները, ըստ որոնց` 2008թ. Հայաստանում գործող 175 կազմակերպությունների թիվը այսօր հասել է 210-ի: «Եթե նախկինում Հայաստանում գործող կազմակերպությունների գերակշիռ մասը` 70 տոկոսը, ստեղծվում էին արտասահմանյան կապիտալով, մասնավորապես` Հյուսիսային Ամերիկայի, ԱՄՆ-ի, Կանադայի և Ռուսաստանի միջոցներով, ապա այսօր դրանք տեղական միջոցներով ստեղծվող կազմակերպությունների 50 տոկոս են կազմում: Աճել է նաև տեղական կազմակերպություններում աշխատող մասնագետների թիվը, նկատելի է կանանց ներգրավումը ոլորտում»,- ասաց Բ. Ենգիբարյանը: Միջոցառման ՏՏ ոլորտի օրակարգային հարցերի քննարկմանը զուգահեռ համաժողովի կիզակետում էր ՏՀՏ-ի ներմուծումը կրթական համակարգ: Համաժողովի ողջ ընթացքին իրական ժամանակով կարելի էր հետևել ինտերնետում: Քնար Բաբայան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter