Իրականացվում են Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու ամրակայման աշխատանքներ
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Վրաստանի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու փլուզման փաստի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի նախարար Նիկոլոզ Ռուռուային` խնդրելով պարզաբանել նախարարության դիրքորոշումը և տեղեկացնել ձեռնարկվող միջոցառումների մասին:
Ինչպես տեղեկացնում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի նախարարը հայտնել է իր պատրաստակամությունը` աջակցելու խնդրի լուծմանը:
Ն. Ռուռուան հավաստել է, որ եկեղեցին իրոք գտնվում էր անմխիթար վիճակում, և նախարարությունն արդեն քայլեր է ձեռնարկել վերականգնման աշխատանքների ուղղությամբ, նաև Վրաստան հրավիրելով հայ վերականգնող ճարտարապետների` աշխատանքների բոլոր փուլերին մասնակցելու համար:
Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանության գործակալության տնօրեն Նիկոլոզ Վաչեիշվիլին հավաստիացրել է Հայաստանի Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանին, որ այսօր արդեն հրատապ իրականացվում են եկեղեցու ամրակայման աշխատանքները, դրանց հետևող նախագծային աշխատանքները կիրականացնի «Արքիտեքս» վերականգնողական ճարտարապետական արվեստանոցը:
Մշակույթի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` Արև Սամուելյանը նշել է, որ վաղը նախարարության վերականգնող ճարտարագետը կմեկնի Վրաստան` մասնակցելու նախագծային աշխատանքներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել