HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

50-ից ավելի մետալուրգների առողջությանը հասցված վնասը չի փոխհատուցվել

m-grigoryan_24.11.09Ալավերդի քաղաքի Ս./Սարահարթ թաղամասի բնակիչ Մնացական Գրիգորյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական կոմբինատում առողջությունը կորցրած 50-ից ավելի թոշակառուների, ինչպես նաև իր երկու տարիների թոշակները «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Մանես» ԲԲԸ-ի կողմից չի վճարվում: «Ծերության թոշակ էլ 10 հազար դրամ փող են տալիս ու  երկու տարի է` զավոդը կոպեկ չի վճարում: Շատ եմ դիմել ընկերության ղեկավար Աղվան Հովհաննիսյանին, կռվելու չի, որ գնաս կռվես, ու էսքան վախտ ձեն-ձուն չկա: Էրեգ էլ եմ գնացել, ասում ա` փող չկա, բա ո՞ւր ա էդ փողը: Էսենց ինձ նման թոշակառու մի 50 հոգի կլինի, ոչ մեկին չեն տալիս»,- ասաց Մնացական Գրիգորյանը և պատմեց, թե ինչպես է հաշմանդամացել գործարանում: «Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական կոմբինատում երկար եմ աշխատել` շուրջ 20 տարի, հետո աշխատանքի մեջ` «օբժիգում» վառվել եմ: Վառվել եմ թևից, ու գործարանը 1976 թ.-ին ցմահ ինձ թոշակ է նշանակել»,-շարունակում է նա: Հիմա Մնացական Գրիգորյանը իր 7 անձից կազմված ընտանիքը կերակրում է տարիքային 10 հազար դրամ կենսաթոշակով և 20 հազար դրամ նպաստով: Թե ինչու է կենսաթոշակը այսքան ցածր, նա բացատրեց. «Տրուդավոյս` էդ էլ էին զավոդում կորցրել»: Մնացական Գրիգորյանի ընտանիքում ոչ ոք չի աշխատում. «Էն ա, տղաս էլ չի աշխատում: Գործ չեն տալիս, ով է գործ տալիս, էդ իմ թոշակի հույսին են»: Մնացական Գրիգորյանի հավաստմամբ` իր կենսաթոշակի` «Մանես» ԲԲԸ-ի պարտքը կազմում է 240 հազար դրամ. «Ո՞ւր ա, էդ փողերը, երևի կերել են, ինչ են արել: Գիտես ոնց ա էդտեղ, ասենք` քո ծանոթն ա, նրան երկու ամիս վճարել են, էն մնացածին ասում ա` դեռ չկա»: Թե 30 հազար դրամով ինչպես է իր ընտանիքը գոյատևում` Մնացական Գրիգորյանն ասաց. «Դե դա հերիք չի, դա ինչ ա: Մի տեղից, էնա, հանդ եմ գնում, բան: Մենակ էդ զավոդի փողն էլ տան»: Մնացական Գրիգորյանը նաև հայտնեց,  որ 50 թոշակառուներով դիմում են գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ալավերդի քաղաքում ճանաչված մետալուրգ Միշա Պարանյանն էլ հայտնեց, որ խորհրդային տարիներին Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի կողմից որպես աշխատանքի պահին  առողջություն կորցրածի վնասի հատուցում ստացել է 170 ռուբլի թոշակ: «Մանես» ԲԲԸ-ի կողմից 50 և ավելի մարդկանց կորցրած առողջության վնասի հատուցում առաջին տարում յուրաքանչյուրին վճարել են 1000  դրամ, հետո` 3000, ապա` 6000, իսկ 2008թ-ից` 9 հազար դրամ: «Խորհրդային տարիներին 170 ռուբլով կարելի էր գնել 85 կգ. միս, հիմա սրանք շուկայական հարաբերությունների են անցել, մեզ` մեր կորցրած առողջության համար սկզբում վճարում էին 1000 դրամ, այսինքն` 1 կգ  մսի փող, հետո աստիճանաբար դարձրին 9 հազար: Լրիվ տարին չենք ստացել, մի քանիսն էլ կան` 2008 թ.-ի վնասի հատուցումն էլ չեն ստացել»,- մանրամասնեց նա: Միշա Պարանյանը հայտնեց, որ օրերս իրենց թոշակների համար կրկին դիմել է «Մանես» ԲԲԸ-ի տնօրեն Աղվան Հովհաննիսյանին, ով պատասխանել է, որ պետք է ուրիշը իրեն վճարի, որ ինքն էլ կարողանա  նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի աշխատողներին վճարի իրենց գումարները: «Ինչ որ վերադաս ունի, թե ով է այդ վերադասը, չի ասում: Հիմա մենք որոշել ենք թղթերը պատրաստել և ուղարկենք Եվրադատարան»,- ասաց Միշա Պարանյանը: Նախկին` 50-ից ավելի մետալուրգների առողջությանը հասցված վնասի փոխհատուցման գումարները չվաճարելու պատճառների մասին փորձեցինք տեղեկանալ «Մանես» ԲԲԸ-ի տնօրեն Աղվան Հովհաննիսյանից: «Նախ «Մանես» ԲԲԸ-ն  այդ մարդկանց պարտք է ոչ թե մեկ տարվա, այլ 10 ամսվա վճարներ: Ընկերությունն այդ գումարները չի կարողանում վճարել գումարներ չունենալու պատճառով»,- պատճառաբանեց Աղվան Հովհաննիսյանը: Այդուհանդերձ, թե որն է ելքը, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ելքը այն է, որ ընկերությունը պետք է իր ունեցած գույքից ինչ-որ բան վաճառի և վճարի այդ մարդկանց թոշակները, որը մեզ դեռևս չի հաջողվում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter