Նրանք էլ
«Հայկական ժամանակին» հայտնի դարձավ, որ երեկ առավոտյան ՀՀԿ-ին անդամագրվելու դիմումներ են ներկայացրել Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, Էկոնոմիկայի նախարար Ներսիս Երիցյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար Դ.Սարգսյանը:

Նրանց հետ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմումներ են ներկայացրել նաև մի քանի փոխնախարարներ: ՀՀԿ-ից երեկ հաստատեցին թերթի այս տեղեկությունները: Ըստ ամենայնի, նրանց անդամակցության մասին պաշտոնապես կհայտարարվի ՀՀԿ` նոյեմբերի 28-ին սպասվող համագումարի ժամանակ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի այս թիմակիցների` ՀՀԿ-ին անդամագրվելու համար տրված դիմումները բավականին ուշագրավ են ՀՀԿ-ում և իշխանական խոհանոցում տեղի ունեցող խմորումների ֆոնին: Ուշագրավ են նաև Սերժ Սարգսյանի օլիգարխներից Բարսեղ Բեգլարյանի («Ֆլեշ» Բարսեղի) կողմից նոր կուսակցության ստեղծման գործընթացի ակտիվացման մասին տեղեկությունները:
Անդրանիկ Մարգարյանը կանխազգում էր իր մահը
Բանաստեղծ, նախկին քաղբանտարկյալ Մերուժանը պատմում է, որ հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը քանիցս ասել է, որ ինքը վատ կանխազգացում ունի` իրեն սպանելու են: Այդ մասին «Հարթակ» թերթում անգամ խմբագրական է տպագրվել, որի առթիվ ինքը վարչապետի հետ տհաճ զրույց է ունեցել:
«2004 թվականի մարտի, եթե եմ սխալվում 24-ին, օրը ուրբաթ, ինձ Անդրանիկը հրավիրեց իր մոտ, զրուցեցինք, բավականաչափ տխուր էր, տրտնջում էր իր նկատմամբ նախագահի վերաբերմունքից: Եվ ասում էր` Մերուժան, հավանաբար, ինձ գործից ազատեն: Ես, լսելով այս, բավականին զարմանքով ասացի` ինչո՞ւ պիտի քեզ ազատեն, ամեն ինչ կատարում ես իրենց թելադրանքով, իրերի դրության տերն իրենք են, նրանց կամքն ի կատար ածողը` դու: Ինչ պիտի ունենային քո նկատմամբ, որ տրամադրվեին քեզ ազատելու աշխատանքից: Չգիտեմ, ասաց նա, բայց ես զգում եմ, ավելի վատ բաներ էլ պիտի ինձ հետ կատարվեն»...
Նավթը խաղաղություն է սիրում
«Չեմ կարծում, որ Ադրբեջան-Արցախ պատերազմը եթե վերսկսվի, ապա կարճ` հինգ կամ վեց օր կտևի:
Այդ տևական ժամանակահատվածում, բնականաբար, Արցախից մի քանի կիլոմետր հեռավորությամբ անցնող Բաքու-Ջեյհան նավթամուղը կդադարի գործելուց: Սա հենց կվերածվի միջազգային ճնշման լծակի և կդառնա Ադրբեջանի հիմնական պրոբլեմը: Հետևաբար, նավթն է նաև պատճառը, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսում, քանի որ նավթը խաղաղություն է սիրում:
Ուստի, եթե անգամ Ալիևի սպառնալիքից հետո աշխարհը որոշակի պատժամիջոցներ չի ձեռնարկում Ադրբեջանի դեմ, ապա միջազգային շահագրգիռ ուժերը առնվազն ջանքեր կգործադրեն, որ Ադրբեջանը պատերազմ չսկսի»,- համոզված է Կիրո Մանոյանը:
ՄԱԿ-ի զիջումը Մյունխենից հետո
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, ամենայն հավանականությամբ, չի քննարկի Ադրբեջանի առաջարկած «Իրադրությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձևի նախագիծը: Դրա քննարկումը նախատասված էր 2009-ի դեկտեմբերի 3-ին, սակայն հետաձգվել է: Նույն օրը պետք է քննարկվեր նաև «ՎՈՒԱՄ տարածքի ձգձգվող հակամարտությունների և միջազգային խաղաղության, անվտանգության ու զարգացման վրա դրանց հետևանքների մասին» բանաձևի նախագիծը, սակայն դրա քննարկման ժամկետն էլ է փոխվել: Այս մասին, ըստ «Թրենդ» գործակալության, տեղեկացրել է ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնը: «Չի բացառվում, որ դրանք քննարկվեն Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանում»,- ասել են կենտրոնում:
Հայաստանը շանսը բաց թողեց
Վրացական երկաթգծի երկայնքով ձգվող 600 կմ օպտիկամանրաթելային մալուխը, որը պատկանում է «Railway Telecom» ընկերությանը, երեկ կայացած աճուրդում վաճառվել է նիդեռլանդական կապիտալով «Link Telecom Georgia» ընկերությանը:
Բաժնետոմսերը վաճառվել են $ 14 մլրդ 344 մլն 800 հազարով: Նշենք, որ հենց այդ մալուխի միջոցով է հայկական «Ֆայբերնեթ կոմյունիքեյշն» ընկերությունը, որի մասնաբաժինը մեծածախ ինտերնետի շուկայում 90 տոկոս է, միանում ինտերնետին:
Աճուրդին մասնակցել է 4 ընկերություն, 3-ը` վրացական, և մեկը` միջազգային: Աճուրդին կարող էր մասնակցել ցանկացած ընկերություն, հետևապես սա լավ հնարավորություն էր Հայաստանի պրովայդերների համար: Եթե նրանցից մեկը ձեռք բերեր «Railway Telecom»-ի բաժնետոմսերի փաթեթը, ապա հնարավոր կլիներ ոչ միայն բարձրացնել Հայաստանում ինտերնետի մատակարարման հուսալիությունը, այլև նվազեցնել սակագները:
Գուլուզադեն` Ալիևի հայտարարությունների մասին
Ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն ապատեղեկատվություն է որակել ազատագրված տարածքներից հայկական զորքերի դուրսբերման հնարավորության մասին լուրերը` Քարվաճառից հայկական զորքերը մինչև տարեվերջ դուրս բերելու մասին լուրերը «լրատվական բադիկ» («ուտկա») անվանելով:
Իսկ Մյունխենում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին Գուլուզադեն ասել է, որ այստեղ որևէ արդյունք չի գրանցվել, քանի որ Հայաստանը ԼՂՀ անկախությունը կամ նրա` Հայաստանին միանալու տարբերակն է առաջ տարել, իսկ Ադրբեջանը, բնականաբար, դրան համաձայն չի եղել: Իսկ Ալիևի ռազմաշունչ հայտարարությունները Գուլուզադեն անվանել է ներքին լսարանին ուղղված և ներքին խնդիրներ լուծող:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել