
«Ռեկտորն ընդդեմ նախկին դասախոսի» գործի քննությունը հետաձգվեց
Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում նշանակված էր դատական նիստ՝ ըստ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի հայցադիմումի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով: Ռեկտորի հայցը ինստիտուտի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանի դեմ է:
Պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող 3 անձ է ներգրավված, այդ թվում՝ «Հետք» շաբաթաթերթը և ATV հեռուստաընկերությունը:
Քաղաքացիական գործի քննությունը նշանակվել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրում՝ այն դեպքում, երբ պատասխանող Լուսինե Աշուղյանի փաստացի գրանցման և բնակության վայրը Վանաձորն է: Այդ մասին բարձրաձայնվելուց հետո նշանակված դատական նիստը հետաձգվեց և վերանշանակվեց Վանաձորի նստավարում՝ չնայած գործը շարունակում է մնալ Ալավերդու դատավոր Ս. Բաղդասարյանի վարույթում:
Դատարանում ռեկտոր Գ.Խաչատրյանի կողմից որպես լիազորված անձ հանդես է գալիս Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանը, ով դատարանին հայտնեց, որ աշխատում է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի գրականության ամբիոնում որպես դոցենտ:
Լուսինե Աշուղյանն ասաց, որ «անօրինական կերպով» ազատված է աշխատանքից և ներկայումս չի աշխատում:
Դատավոր Ս. Բաղդասարյանը, հաշվի առնելով Վ. Եղիազարյանի դիրքորոշումը, որով նա դեմ արտահայտվեց լրագրողի կողմից դատավարությունը տեսաձայնագրելուն և լուսանկարելուն, լրագրողին թույլատրեց միայն ձայնագրել դատական նիստերը:
Վ. Եղիազարյանը դեմ արտահայտվեց նաև պատասխանող Լ. Աշուղյանի՝ դատավարությունը հետաձգելու միջնորդությանը: Վերջինս խնդրեց դատավորին 10 օրով հետաձգել նիստը, որպեսզի կարողանա լուծել գործում իր կողմից պաշտպան ներգրավելու հարցը:
Դատավորը բավարարեց Լ. Աշուղյանի միջնորդությունը և դատական նիստը հետաձգեց 9 օրով: Հաջորդ դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 15-ին:
Մեկնաբանել