HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Երթ` ուսանողներին կրթաթոշակից չզրկելու պահանջով

Այսօր` ժամը 13:00-ին, ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը կազմակերպելու է երթ, որը մեկնարկելու է Տերյան փողոցից և անցնելով Բժշկական համալսարանի, Տնտեսագիտական համալսարանի, Երևանի պետական համալսարանի մոտով` հասնելու է Կառավարության շենք: Այստեղ երթի մասնակիցները նամակ են փոխանցելու վարչապետին` պահանջով, որ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` ուսանողներին կրթաթոշակների վճարումը դադարեցնելու մասին հայտարարությունը կառավարության որոշում չդառնա: «Ակցիային միացել է ուսանողության դժգոհ մասսան, Դաշնակցության երիտասարդական թևը, նաև կմիանան «Ժառանգության» երիտթևից, ինչպես նաև անհատներ: Ուսխորհուրդները չեն միանում, որովհետև մեծ մասամբ կուսակցական են, և իրենց դա ձեռք չի տալիս»- «Հետքին» ասաց Նիկոլ Աղբալյան ուսանողական միության նախագահ Հարություն Մելիքյանը: ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանն ասաց, որ իրենք տեղյակ են երթի մասին, բայց չեն մասնակցում, քանի որ համարում են, որ մինչ փողոց դուրս գալը պետք է մյուս ճանապարհները փորձել: Մինչև այս շաբաթվա վերջ ԵՊՀ ուսխորհուրդը նամակ է ուղարկելու Արմեն Աշոտյանին` խնդրելով պարզաբանել վերջինի հայտարարությունը կրթակթոշակների վճարման դադարեցման մասին: Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը «Հետքին» ասաց, որ ինքը կողմ է, որ կրթաթոշակներ այլև չվճարվեն: Ընդ որում` կրթաթոշակների վճարումը դադարեցնելու ծրագիրը դեռ հստակ չէ. դա պարզապես նախարարության ռազմավարական ծրագրի մի մասն է, որը կկատարվի կամ չի կատարվի 2012-2013 թթ.: «Չենք մասնակցում այդ երթին: Նաև մեր ուսանողներից չեն մասնակցում, որովհետև նույնիսկ թոշակները չտրվելու դեպքում շատ ավելի հետաքրքիր ծրագիր է այդ գումարներով կազմակերպվում` ուսանողությանը ավելի ձեռնտու: Այդ վարկերը շատ չնչին տոկոսներով են լինելու` ի տարբերություն այսօրվա մեր ֆինանսական բանկային համակարգի ու ամբողջ աշխարհում ընդունված մեթոդ է, համակարգ է այդպես, որ ուսանողը հետո աշխատանքով փակում է»,- ասաց Նարեկ Մանթաշյանը: Հարություն Մելիքյանն էլ նշեց, որ այսօրվա միջոցառումը զանգվածային բնույթ չի կրի. նախատեսվում է, որ երթին մոտ 70 ուսանող կմասնակցի: Միաժամանակ ակնկալվում է, որ հընթացս շատերը կմիանան երթին: «Եթե դժգոհության ալիքը մեծ լինի, կարծում եմ` հաջողության կհասնենք` չնայած հիմա մեր կառավարությունը անկանխատեսելի է դարձել»,- ասաց Հարություն Մելիքյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter