Ճեմարանի երգչախումբը միջազգային փառատոնում ներկայացրել է Հայաստանը
Նոյեմբերի 24-ից 27-ը Կալկաթայի Մաքսիմ Գորկու անվան Ռուսական մշակույթի պալատում ընթանում են 2009 թ. երիտասարդների միջազգային օրվան նվիրված «Մշակույթների համադրում մեկ աշխարհում» եռօրյա համերգային, գեղարվեստական-մշակութային հանդիսություններ, որին մասնակցում են աշխարհի տասնյակ երկրներից եկած երիտասարդներ և ուսանողներ` ներկայացնելով իրենց ազգային մշակույթն ու արվեստը հանուն աշխարհի խաղաղության:
Հանդիսություններին մասնակցում են երիտասարդ ներկայացուցիչներ` Բանգլադեշից, Չինաստանից, Ֆիջիյից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Իտալիայից, Ճապոնիայից, Լիտվայից, Նիգիերիայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Շրի Լանկայից, Թուրքիայից և Ուզբեկստանից:
Հանդիսությունների շարքում ընդգրկված նոյեմբերի 24-ի «Աշխարհի երաժշտության հնչյունները» համերգային ծրագրին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էր Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի երգչախումբը: Խմբավար Անժելա Մանուկյանի գլխավորությամբ երգչախումբը հանդես է եկել հայ երգարվեստի ոգին և շունչը մարմնավորող Կոմիտասի, Տ. Մանսուրյանի և Ռ. Ամիրխանյանի հիասքանչ կատարումներով:
«Թեև միջազգային ներկայացուցիչների միջև մրցակցություն չկար, սակայն դահլիճից հնչող հոտնկայս ծափահարություններն ու գովեստի բարձր արտահայտությունները բավական էին` տեսնելու համար ներկաների հիացմունքը հայ արվեստի և երաժշտության հանդեպ»,- հայտնում են ճեմարանի մամլո ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել