HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցական դասագրքերի համար անցկացվող մրցույթը փոփոխվել է

books_25.11.09Դպրոցական դասագրքերը Հայաստանում ընտրվում են մրցույթային կարգով:  Մրցույթին մասնակցում են հրատարակչությունները, որոնց խնդիրն է գտնել հեղինակներին և նրանց հետ համաձայնագիր կազմել: Հեղինակներն էլ մշակում են դասագրքերի բովանդակությունը: Մրցույթն անցկացնելու համար Կրթության և գիտության նախարարի կողմից ստեղծվում են համապատասխան հանձնաժողովներ: Մրցույթներն իրականացվում են երեք փուլով: Այս տարի, սակայն, մրցույթի անցկացման մի քանի նորամուծություններ են լինելու: Այս մասին «Հայելի» ակումբում լրագրողներին տեղեկացրեց ԿԳ նախարարության կրթական ծրագրերի իրացման գրասենյակի տնօրեն Կարինե Հարությունյանը: Վերջինի խոսքով` նախկինում յուրաքանչյուր առարկայի գծով եղել է մեկ հանձնաժողով, որում ներառված են եղել առարկան դասավանդող ուսւոցիչներ և համալսարանական պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ: Իսկ այս տարվա մրցույթին ամեն առարկայի համար լինելու են իրարից անկախ գործող երկու հանձնաժողով, մեկը միայն ուսուցիչներից կազմված, մյուսը` ակադեմիական թևի ներկայացուցիչներից: Երկու հանձնաժողովներն առանձին-առանձին կաշխատեն, կհայտնեն իրենց կարծիքը, և միջինացված գնահատականի հիման վրա կընտրվի դասագիրքը: Փոփոխվել են նաև դասագրքերի պատրաստման ժամկետները. Կ. Հարությունյանի խոսքով` դրանք երկարացվել են: Թիվ 27 դպրոցի նախկին տնօրեն, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի կարծիքով, սակայն, այս նորարարությունը օրենքից դուրս է: «Հանրակրթության մասին օրենքն ասում է, որ ցանկացած դասագիրք տպագրվելուց հետո մեկ տարի փորձաշրջան պիտի անցնի, որից հետո մինչև նախարարությունը չերաշխավորի, այդ դասագիրքն իրավունք չունի մտնել դպրոց: Փաստորեն սա չի կիրառվում: 10-րդ և 9-րդ դասարանի գրականության դասագրքերի հեղինակները նույնն են, սակայն Նարեկացու կենսագրությունը տարբեր է` ծննդյան թվերը տարբեր են, նույն նյութը, սակայն այլ շարադասությամբ, երկու դասագրքում էլ գրված է: Ստացվում է` գիրքը լրացնելու խնդիր կա»,- ասաց նա: Ա. Բախշյանը նշեց, որ հայոց լեզվի գրավոր աշխատանքների ժողովածուում` 6-9-րդ դասարանի աշակերտների համար, ուսւոցչուհին մի էջում 37 սխալ է հայտնաբերել: «10-րդ դասարանի նորագույն պատմության դասագրքում 2007թ. խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ գրված է` անցել են 4 կուսակցություն` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը: Մասնավորապես թիվ 27 դպրոցի աշակերտները գիտեն, որ իրենց տնօրենը «Ժառանգությունից» անցել է խորհրդարան: Նրանք ինձ հարցնում են` բա դուք ո՞ւր եք, չկաք»,- ասաց նա: Գ. Զոհրապի անվան թիվ 43 դպրոցի տնօրեն Ռուզաննա Մուրադյանի կարծիքով էլ` դպրոցական դասագրքերը բավականին բարդ են, ավելի ակադեմիական մակարդակի են: Ի դեպ, այս դպրոցը 50 փորձարկող դպրոցներից մեկն է, որոնց դեռևս ձեռագիր վիճակում ուղարկում են գրքերը` փորձաշրջան անցնելու: «Այստեղ ես տեսնում եմ նաև մեր ուսուցիչների պասիվ մասնակցությունը դասագրքաստեղծման գործընթացին: Այսօր չպետք է ձեռքներս ծալած նստենք ու ինքներս չնախաձեռնենք: Ուսուցիչները ոչ միայն պետք է հանձնաժողովներում ներգրավված լինեն, այլև դասագրքերի ստեղծման գործընթացում: Մի դասագիրքը կարող է կործանել մի շարք սերունդներ»,- ասաց նա: Կ. Հարությունյանը նշեց, որ դժգոհությունները ոչ այնքան նկատված սխալներից են գալիս, այլև դասագրքերի ոչ դյուրամատչելի լինելուց: «Բայց ուսուցիչները շատ պահպանողական դասակարգ են, և ուսուցչին երբ նոր դասագիրք են տալիս, նրա առաջին ռեակցիան բացասական է»,- ասաց նա: Կ. Հարությունյանը գտնում է, որ դասագիրքը չի որոշում, թե ինչ պետք է անցնի դպրոցը. դա որոշում է ծրագիրն ու չափորոշիչը: «Դասագրքի գնահատման առաջին չափանիշն այն է, թե որքանով է այն համապատասխանում պետության կողմից հաստատված ծրագրին ու չափորոշիչին»,- ասաց նա: Ա. Բախշյանի կարծիքով էլ` ուսուսցչի վրա մեղքը բարդելը սխալ է, ուսուցիչը դասագիրք գրող չէ: «Տարիներ շարունակ ուսուցիչները արել են այդ դիտողությունները, բայց դասագրքաստեղծման մեխանիզմն արմատական փոփոխության կարիք ունի, պետք է այդ ուղղությամբ գնալ: Օրենքն ասում է` մեկ տարի փորձաշրջան պիտի անցնի դասագիրքը: Թող աշակերտը մի տարի դրա վրա աշխատի, իր կարծիքն ասի, ուսուցիչն ասի իր կարծիքը: Բոլոր ուսուցիչներն ասում են` մենք երեխայի մեջ մեռցնում ենք դասագիրք կարդալու ցանկությունը»,- ասաց նա: Պատգամավորի կարծիքով` Կրթության և գիտության նախարարը պիտի այդ ուղղությամբ արմատական քայլեր ձեռնարկի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter