
Այսօր հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը լրագրողներին ներկայացրեց ճգնաժամի ազդեցությունը հայ գինեգործության վրա: Նրա ուսումնասիրություններով` պատկերը հետեւյալն է:
Եթե համեմատենք 2008 թ. վերջին չորս ամսվա տվյալները 2007-ի նույն ժամանակաշրջանի հետ, գինու արտադրության մեջ ունենք 10% նվազում, կոնյակի արտադրությունում` 14 % աճ. «Բայց եթե համեմատում ենք 2008 թ. վերջին 7 ամսիները 2009-ի 7 ամիսների հետ, ապա ձեւավորվում է հետեւյալ պատկերը` 10 % գինու աճ եւ 50% կոնյակի նվազում»:
2008 թվականին 2007-ի համեմատ գինու արտահանումը նվազել է երկու անգամ, իսկ կոնյակինն աճել է 14%-ով: Բայց 2009-ը համեմատելով 2008-ի հետ ստանում ենք ե´ւ կոնյակի, ե´ւ գինու արտահանման նվազում` երկու անգամ: Առավել ցավալի պատկեր է գրանցվել կոնյակի սպիրտի արտահանման բնագավառում. գրանցվել է մոտ 8 անգամ նվազում:
Ավագ Հարությունյանը նշեց, որ Հայաստանում շատ հետաքրքիր պատկեր է գրանցվել ներքին սպառման շուկայում. «Եթե ցանկացած ճգնաժամի ընթացքում նկատվում է ալկոհոլային խմիչքների սպառման աճ, Հայաստանում հակառակ պատկերն է: Ընդհանուր առմամբ, մեզ մոտ վերջին 9 ամիսների կտրվածքով` 10 %-ով նվազել է գինու եւ 30%-ով կոնյակի սպառումը: Եթե այս տեմպերով գնա, ապա մենք տարեվերջին կունենանք գինու սպառման նվազում 30%-ով, կոնյակի` 50%-ով»:
Բացառություն է կազմել օղին: Հայասստանում 9 ամսիների կտրվածքով աճել է օղու, ընդ որում` էժանագին օղու սպառումը: Գրանցվել է 3-4 % աճ:
Չնայած կոնյակի եւ գինու արտադրման, արտահանման եւ սպառման ցուցանիշների նվազմանը` մասնագետները 2010 թվականին կանխատեսում են փոքրիկ աճ:
«Կոնյակի արտահանումը, առաջին կիսամյակի տվյալներով, գրանցել է 70 %-ի նվազում, իսկ առաջին 7 ամսվա ընթացքում` 50%-ի, եւ մեր կանխատեսումներով` տարվա վերջում կունենանք, գուցե 15-25 %-ի անկում: Այսինքն` պատվերներն այնքան շատ են, որ 2010-ի մայիսի տվյալներով, մենք կարծում ենք, որ հնարավոր է ունենանք 5-10 % աճ: Արդեն այս ճյուղը եկող տարվա կեսին հաստատ կգտնվի անընդհատ աճի մեջ»,- ամփոփում է հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել