Սոցիալական ապահովության ծառայությունն անցնելու է կուտակային համակարգի
2010 թ. պետական բյուջի նախագծում, որը ներկայացվել է Ազգային ժողով, հաջորդ տարվա սոցիալական բոլոր ծախսերը, այդ թվում` կենսաթոշակները կլինեն նույնը, ինչ 2009-ին:
Այս մասին այսօր «Արցախ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սոցիալական ապահովության ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը:
«2009-ի բյուջեի թերկատարողականությունը ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքն է, որն էլ բերեց բյուջետային մուտքերի նվազմանը»,- նշեց նա:
Վ. Խաչիկյանը տեղեկացրեց, որ 2011թ. հունվարի 1-ից Հայաստանում Սոցիալական ապահովության ծառայությունը կանցնի նոր կուտակային (երկրորդ մակարդակ,առաջինը սոցիալականն է) համակարգի: Սա ենթադրում է, որ Հայաստանի մինչև 40 տարեկան բոլոր քաղաքացիները կկատարեն պարտադիր վճարումներ, ինչը կհաշվառվի նրանց անհատական հաշիվներում` ներդրվելով քաղաքացու ընտրած համապատսախան կուտակային հիմնադրամներում: Կենսաթոշակի անցնելուն պես` քաղաքացին կունենա դրամագլուխ, որն էլ կգումարվի սոցիալական կոչվող կենսաթոշակին:
Վ. Խաչիկյանի խոսքերով`կուտակային համակարգը ենթադրում է նաև մեկ այլ մոդել` երրորդ մակարդակ, որը թույլ է տալու քաղաքացուն, բացի պարտադիր կուտակային վճարումներից, կատարել լրացուցիչ վճարումներ, ինչն ապագայում բարձր թոշակ կապահովի:
«Կուտակային համակարգի անցումը կկատարվի 3 քայլով. առաջինը օրենսդրական փոփոխություններն են, երկրորդ` ինստիտուցիոնալ փոփոխություններ, որոնք պիտի կատարվեն ոչ միայն Սոցիալական ապահովության պետական ծառայությունում, այլև Պետական եկամուտների կոմիտեում, Ֆինանսների նախարարությունում և Կենտրոնական բանկում: Երորրդը ոլորտի միջազգային կազմակերպությունների և փորձագետների հետ աշխատանքն է, որն արդեն սկսվել է երկու ճանապարհով` խորհրդատվությունների մատուցում Կառավարությանը (ամեն ինչ ճիշտ հաշվարկելու նպատակով) և հնարավորության դեպքում տեխնիկական կամ ֆինանսական աջակցություն»,- ասաց Վ.Խաչիկյանը:
Կենսաթոշակային հիմնադրամները ներկայացնելու են շահութաբերությունն ապահովող սխեմաներ, որը պիտի պակաս չլինի երկրում ինֆլյացիայի մակարդակից:
«Չի բացառվում նաև այն հանգամանքը, որ բարձր տոկոսադրույք խոստացող հիմնադրամները հետագայում չեն ապահովում ավելի բարձր կենսաթոշակ: Տվյալ դեպքում բարձր տոկոսադրույքը ուղիղ համեմատական է մեծ ռիսկին»,- ասաց նա:
Պրն. Խաչիկյանը համոզված է, որ հիմադրամների գործելու պայմանները պիտի լինեն բավականին խիստ, իսկ միջոցները` բավարար, որպեսզի անգամ սնանկանալու դեպքում եղած միջոցները փոխանցվեն մեկ այլ հիմնադրամի կամ պետությանը` հետագայում կենսաթոշակ վճարելու համար:
Այս իրավիճակում պետությունը հանդես է գալիս համակարգի կարգավորողի և վերահսկողի դերում` չբացառելով այդ միջոցների որոշ մասի ապահովագրման երաշխավորումը:
Լրագրողների հարցին, թե արդյոք նոր կուտակային համակարգի անցումը չի՞ ազդի քաղաքացու` մինչ այդ աշխատանքային փորձի հաշվարկման վրա, Վ.Խաչիկյանը պատասխանեց. «Հայաստանում գործում է սերունդների համերաշխության սկզբունքը, և ներկա աշխատող սերունդը վճարում է այսօր ստացվող կենսաթոշակների համար»:
Այսօր Հայաստանում բազային կենսաթոշակը կազմում է 8 000 դրամ` յուրաքնաչյուր մեկ տարվա աշխատանքային փորձի դիմաց հավելելով 450 դրամ: Միջին ապահովագրական կենսաթոշակի չափը 26 000 դրամ է:
Քնար Բաբայան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել