Առաջարկվող ծրագիրն առայժմ չի իրագործվի ֆինանսական միջոցների բացակայության պատճառով
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի կրթամշակութային գծով պատասխանատու Սյուզան Բրայդենշտայնի հետ:
Ինչպես տեղեկացնում է ԿԳ նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերի հետ կապված հարցեր:
Ա. Աշոտյանն ասել է, որ նախարարությունը պատրաստակամ է խորացնել երկու երկրների համագործակցությունը հումանիտար ոլորտում:
«Մեծ է ԱՄՆ-ի կառավարության ներդրումը կրթական ծրագրերում, որոնցում իրենց ուրույն տեղն են գրավում փոխանակման ծրագրերը: Պատահական չէ, որ այս տարին 20-ամյա համագործակցության խորագրի ներքո է անցնում»,- ասել է ԿԳ նախարարը:
Սյուզան Բրայդենշտայնն էլ Ա. Աշոտյանին է ներկայացրել «Ֆուլբրայթ» փոխանակման ծրագիրը, որն ԱՄՆ պետքարտուղարության նախաձեռնությամբ իրականացվող միջազգային փոխանակումների առաջատար ծրագրերից մեկն է և գործում է ԱՄՆ-ի և աշխարհի շատ երկրների միջև: Նա նշել է, որ այս ծրագրով հայ դասախոսներն անգամ խորհրդային տարիներին են մեկնել ԱՄՆ և այնտեղից էլ համապատասխան մասնագետներ են ժամանել Հայաստան` գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Ս. Բրայդենշտայնը տեղեկացրել է, որ ԱՄՆ կառավարությունը գիտահետազոտական աշխատանք իրականացնելու նպատակով այս տարի տրամադրել է չորս տեղ, որին կարող են մասնակցել դասախոսական աշխատանքով զբաղվող գիտությունների թեկնածուներ: Ծրագիրը ներառում է տարբեր բնագավառներ` բժշկություն, մշակույթ, կրթություն և գիտություն: Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը` տիկին Բրայդենշտայնն առաջարկել է ծրագիրն ընդարձակել` ներառելով նաև մագիստրոսական և ասպիրանտական ծրագրեր:
«Քանի որ առաջարկվող ծրագրի արժեքը բարձր է, պետքարտուղարությունն ակնկալում է նաև նախարարության աջակցությունը: Մրցութային հանձնաժողովում կընդգրկվի նաև նախարարության ներկայացուցիչը` Հայաստանի կրթության և գիտության ոլորտում կոնկրետ զարգացման ծրագրերի անհրաժեշտությունից ելնելով»,-նշել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը:
Ի պատասխան ամերիկյան կողմի առաջարկին` Ա. Աշոտյանը ասել է, որ նախարարությունը շահագրգռված է ուսանողների կրթության իրավունքի շարունակականության մեջ, այդ թվում նաև ԱՄՆ-ում:
«Ձեր գաղափարը գրավիչ է` որակյալ կրթության և գիտելիքների ընդլայնման տեսանկյունից, և նախարարությունը ողջունում է նման ծրագրերի իրականացումը: Սակայն, ցավոք, ճգնաժամի պատճառով որոշակի վերապահումներ կան կրթության ոլորտում նոր ծրագրերի ֆինանսավորման տեսակետից, և պետբյուջեի նախագծում հավելյալ ծրագրերի մասով գումարներ նախատեսված չեն»,- ասել է նախարարը և հավելել, որ եթե հնարավորություն լինի պահպանել ծրագիրը, թերևս հաջորդ տարիներին, միջոցների առկայության դեպքում, այն կյանքի կկոչվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել