Ըստ ՀԲ-ի` Հայաստանի արոտավայրերը դեգրադացվում են
Իսկ կենդանիների շրջանում տարածված են հիվանդություններ
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը, որը Հայաստան է ժամանել գյուղատնտեսության մրցակցության նոր ծրագրի քննարկման նպատակով: Բանկի մասնագետներն արձանագրել են, որ թեեւ Հայաստանի բնակչության շուրջ 50 տոկոսն զբաղված է գյուղատնտեսության մեջ, սակայն երկրի ՀՆԱ-ում այս ճյուղի մասնաբաժինն ընդամենը 20 տոկոս է կազմում:
Ըստ ՏԿՆ մամլո ծառայության` ծրագրի իրականացման համար ՀԲ-ն հայաստանին կհատկացնի 14 մլն դոլար: Բանկի կողմից առաջարկվում է դրա շրջանակներում գյուղական բնակավայրերի բնակչության համար արտաքին շուկայի հետ հեշտությամբ կապեր հաստատելու հնարավորություններ ստեղծել:
Բանկի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանի արոտավայրերը դեգրադացվում են, միաժամանակ, կենդանիների շրջանում հիվանդություններ են տարածված: Հետեւաբար, առաջարկվել է, որ ծրագրի շրջանակներում արոտավայրերի վերականգնմանը եւ կենդանիների շրջանում հիվանդությունների կանխարգելմանն ուղղված համապատասխան աշխատանքներ իրականացնել: Կմշակվեն նաեւ արոտավայրերի կառավարման ծրագրեր, որոնք կհամաձայնեցվեն համայնքների հետ:
Նախատեսվում է ագրոբիզնեսի զարգացմանը նույնպես մեծ տեղ հատկացնել: Համաշխարհային բանկը գյուղացիական փոքր տնտեսություններին կօգնի` համապատասխանել նոր չափորոշիչներին, կներդնի որակի ապահովման նոր մեխանիզմներ:
Պատվիրակության անդամները նշեշ են, որ ծրագիրը դեռեւս մշակման փուլում է եւ պատրաստակամություն են հայտնել ՀՀ կառավարության առաջարկները նույնպես ընգրկել դրանում:
Անդրադառնալով գյուղատնտեսության զարգացմանը` Արմեն Գեւորգյանը նշել է, որ այն կենսական նշանակություն ունի մեր երկրի համար: Փոխվարչապետը նշել է, որ անհրաժեշտ է ապահովել այս բնագավառի արդյունավետությունը եւ աշխատանքներ տանել բոլոր ուղղություններով` սկսած ոռոգման համակարգի զարգացումից մինչեւ գյուղացիների արտադրանքի իրացման համար խթաններ ստեղծելը:
Արմեն Գեւորգյանն անդրադարձել է այս բնագավառում առկա եւս մեկ հիմնախնդրի եւ նշել, որ անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ տանել փոքր հողակտորները խոշորացնելու ուղղությամբ, ինչը ոլորտի արդյունավետության բարձրացման երաշխիքներից մեկը կլինի:
ՀԲ մասնագետները հույս են հայտնել, որ հաջորդ տարվա ապրիլին ծրագիրը համաձայնեցված կլինի ՀՀ կառավարության հետ, իսկ արդեն հուլիսին իրենք կդիմեն ՀԲ խորհրդին` այն հաստատելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել