Երթ եւ մոմավառություն` ընդդեմ բռնությունների
Այս պահին Շառլ ազնավուրի անվան հրապարակում` Մոսկվա կինոթատրոնի դիմաց, տեղի է ունենում մոմավառություն` ընդդեմ կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնությունների: Ակցիայի մասնակիցներն այստեղ են հասել երթով, որը մեկնարկեց Հայաստանում կանանց ռեսուրսային կենտրոնի գրասենյակից եւ շարունակվեց Բաղրամյան-Թումանյան-Աբովյան փողոցներով:
«Իմ ընկերը թույլ չի տալիս ինձ կիսաշրջազգեստ հագնել: Սա բռնություն է»: Երթի մասնակիցները նմանատիպ գրություններով թերթիկներ էին բաժանում քաղաքացիներին, որտեղ նաեւ նշված էր կազմակերպության թեժ գծի հեռախոսահամարը` 0800 01 280: Կազմակերպիչները կոչ են անում բռնության ենթարկվածներին զանգահարել այս հեռախոսահամարին եւ պատմել իրենց հետ տեղի ունեցածը` ակնկալելով հոգեբանական եւ իրավական օգնություն:
Երթին միացել էին նաեւ Մարիամ Սուխուդյանն ու նրա ընկերները` իրենց բողոքն արտահայտելու հատուկ դպրոցներում երեխաների նկատմամբ կատարվող բռնությունների վերաբերյալ: Մարիամի աչքերը «կապտած» էին, այսպես նա արտահայտում էր իր նկատմամբ առկա բռնությունները: «Այսօր ես հնչեցնում եմ թե երեխաների, թե իմ անձնական բողոքը, որովհետեւ այն բանից հետո, երբ մենք հանրությանը հայտնեցինք 11 հատուկ դպրոցում երեխաների հետ կատարվող բռնությունների մասին, մեղավորներին պատժելու փոխարեն, քննիչներն ինձ մեղադրանք առաջադրեցին: Ես արդեն 3 ամիս է` Երեւանից մեկնելու իրավունք չունեմ, դա է իմ խափանման միջոցը: Սա բռնություն է իմ նկատմամբ»,- ասում է Մարիամը:
Հայաստանում կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Լառա Ահարոնյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մարդիկ արդեն գիտակցում են բռնության առկայությունը եւ խոսում են այդ մասին. «Երբ մենք առաջին անգամ էինք անում այս ակցիան, մարդիկ չէին ընկալում, թե ինչ է բռնությունը, գիտեին, որ դա վատ երեւույթ է, բայց «բռնություն» չէին որակում: Իսկ այժմ շատերն են գալիս եւ ասում են, որ իրենք էլ պիտի խոսեն այդ մասին: Իհարկե, սա կենտրոնին է վերաբերում, եթե մենք գնանք մարզեր, այնտեղ այլ պատկեր կլինի»:
Ի դեպ, կանանց ռեսուրսային կենտրոնն արդեն 4-րդ անգամ է նման երթ անցկացնում, ի տարբերություն նախորդ երեք տարիների` քաղաքապետարանն այսօրվա միջոցառումն արտոնել էր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել