Սասուն Միքայելյանի առողջությունը վատթարացել է մրսածության պատճառով
Այս մասին հայտարարել է արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը` նշելով, որ քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի եզրակացության համաձայն` Ս. Միքայելյանի առողջական վիճակը թույլ է տալիս, որպեսզի բուժսպասարկման աշխատանքները կազմակերպվեն «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի ուժերով:
«Ս. Միքայելյանը վերոնշյալ հիմնարկ է տեղափոխվել 13.03.2008թ, որտեղ գտնվելու ողջ ընթացքում մշտապես եղել է նշյալ հիմնարկի և Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բժշկական անձնակազմի ուշադրության ներքո: Նրա առողջական վիճակին պարբերաբար հետևել են սրտաբաններ ինչպես «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից, այնպես էլ շտապօգնության և «Էրեբունի» բժշկական կենտրոնից:
21.05.09 թ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Ս. Միքայելյանը ենթարկվել է գլխուղեղի ռենտգեն տոմոգրաֆիկ հետազոտության, և, ըստ արդյունքների, ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն: Պրոֆեսոր Ա. Շուքուրյանի կողմից նշանակվել է բուժում, որը Ս. Միքայելյանը ստացել է ամբողջովին: Ս. Միքայելյանի մոտ հայտնաբերված հիվանդությունների առկայության պարագայում նպատակահարմար է գտնվել նրան 12.09.09 թ.-ին տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Ս.թ. սեպտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում Ս. Միքայելյանը երեք անգամ ենթարկվել է նևրոպաթոլոգ Վ. Պետրոսյանի խորհրդատվությանն ու ստացել համապատասխան բուժում: Ինչպես պարզվել է ս.թ. նոյեմբերի 24-ին կատարված նյարդաբանի խորհրդատվությունից և գլխուղեղի ռենտգեն հետազոտությունից, Ս. Միքայելյանի կողմից նշվող առողջության վերջին վատթարացումը պայմանավորված է մրսածության գործոնի, այն է` եռորակ ներվի սուր բորբոքման հետ: Ներկայումս Ս. Միքայելյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Այսպիսով, Ս. Միքայելյանին` քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելը խնդիր չէ, ինչը և, ըստ անհրաժեշտության, պարբերաբար կատարվում է»,- նշված է Լ. Մշեցյանի տարածած հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել