«Հեռուստամարաթոն 2009»-ին մնացել են հաշված ժամեր
Հայաստանում արդեն իսկ գրանցվել է ավելի քան 20 հազար նվիրատվություն
Համազգային նվիրատվության 12-րդ հեռուստամարաթոնին մնացել են հաշված ժամեր: «Հանրային», «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաալիքների ուղիղ եթերով այն կհեռարձակվի նոյեմբերի 26-ի երեկոյան ժամը 8-ից եւ կտեւի 12 ժամ: Հեռուստամարաթոնը կաբելային, արբանյակային ու ինտերնետ կապով կսփռվի բոլոր մայրցամաքներով: Ցանկացողները Հեռուստամարաթոնին առցանց կարող են հետեւել http://www.armeniafund.org կայքի միջոցով:
Ինչպես հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունից, հեռուստամարաթոնին ընդառաջ միայն Հայաստանում արդեն իսկ 20 հազարը գերազանցող նվիրատվություններ են իրականացվել: Մեր հայրենակիցները հոկտեմբեր ամսից սկսած ակտիվորեն մասնակցում են դրամահավաքին:
Շուրջ 13 հազար մարդ հասցրել է կանխիկ նվիրատվություններ կատարել «Հայփոստի» բաժանմունքներում: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի 7 հազարից ավելի բաժանորդներ ուղարկել են SMS-ներ 5555, 5556, 5557 կարճ համարներին եւ կատարել համպատասխանաբար 200, 600 եւ 1000 դրամի նվիրատվություն: Մոտ 500 կազմակերպություններ, կառույցներ եւ անհատներ կատարել են բանկային փոխանցումներ, իսկ շատերն էլ այցելել են Կառավարության 3-րդ մասնաշենքում գտնվող Հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակ` իրենց նվիրատվությունները տեղում մուտք անելու: Իր ստեղծումից ի վեր Հիմնադրամը երբեք նվիրատուների այսքան հզոր բանակ չի ունեցել հայրենիքում:
Հեռուստամարաթոնի կարգախոսն է` «Մեր Շուշին»: Նախորդող ակտիվ քարոզարշավի շնորհիվ շատերին արդեն ծանոթ է նաեւ Հեռուստամարաթոնի լոգոն` Շուշիի խորհրդանիշ դարձած փողհարող պահապան հրեշտակը, որի փողից հայկական եռագույնի զարդանախշեր են դուրս գալիս` ասես ազդարարելով քաղաքի վերածնունդը: Հեղինակն ամերիկայում բնակվող նկարիչ էդիկ Բալայանն է: Նրա հավաստմամբ` այս խորհրդանիշը ստեղծելիս ոգեշնչվել է հենց Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու զանգակատան հրեշտակներով:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն ասել է. «Հիմնադրամը քաղաքական կառույց չէ եւ ունի հստակ առաքելություն` համախմբել համայն հայությանը հայրենիքի շենացման վեհ գաղափարի շուրջ: Դժվար է պատկերացնել, որ աշխարհում կգտնվի մեկ հայ` անկախ իր քաղաքական հայացքներից կամ դիրքորոշումից, ով կցանկանա տեսնել Հայաստանն ու Արցախն անմխիթար ու անշեն վիճակում: Եթե աշխարհասփյուռ 10 միլիոն հայերից յուրաքանչյուրն ամիսը մեկ դոլար էլ նվիրաբերի, ուրեմն տարեկան առնվազն 120 միլիոն դոլար կունենանք: Մտածեք այս մասին, երբ նոյեմբերի 26-ին կդիտեք Հեռուստամարաթոնը»:
Ինչպես միշտ, հեռուստամարաթոնի ընդացքում կցուցադրվեն Հիմնադրամի աշխատանքների եւ անելիքների մասին պատմող տեսանյութեր, կհնչի հայկական երգուպարը, տաղավարի հյուրերը հանդես կգան կոչերով: Ինգա եւ Անուշ Արշակյանների կենդանի կատարմամբ կհնչի նաեւ օրըստօրե ավելի մեծ ժողովրդականություն ձեռք բերող «Հեռուստամարաթոն 2009»-ին նվիրված` «Մենք ենք, մեր սարերը» երգը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել