Մեքենայությու՞ն
Դանիացի լրագրողները մի ծավալուն հետաքննություն են անցկացրել եւ պարզել, որ «խոզի գրիպի» վիրուսի շուրջ բարձրացած խուճապը Առողջապահության համաշխարհային կազմակերպության մեքենայությունների հետեւանք է:

Լրագրողները բացահայտել են, որ ԱՀԿ-ի փորձագետները մեծ գումարներ են ստացել համաշխարհային առաջատար դեղագործական ընկերություններից եւ հասել նրան, որպեսզի այդ կերպ աշխարհում գրիպի դեմ դեղամիջոցների ու պատվաստանյութերի խուճապային պահանջ առաջացնի: Որ այս պնդումը կարող է իրական լինել, ակնհայտ է դառնում նաեւ Հայաստանում տիրող իրավիճակից: Հայաստանում էլ արձանագրվել է հակագրիպային դեղամիջոցների եւ պաշտպանիչ դիմակների գների սպառման կտրուկ աճ:
Միջազգային պահուստները ցամաքում են
Երեկ ֆոնդային բորսայում Կենտրոնական բանկը հերթական մեծածավալ ինտերվենցիան է իրականացրել` շուկա լցնելով ավելի քան 4 միլիոն դոլար: Մեկ դոլարի գինը կազմել է 386 դրամ մեկ լումա: Նախորդ օրը կանխատեսել էինք, որ ԿԲ-ն արդեն իսկ սահմանել է դոլարի ֆիքսված փոխարժեք, որը կազմել է 386 դրամ:
Կարելի է պնդել, որ այսօր եւս ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը կլինի 386 դրամ, սակայն հնարավոր չէ կանխատեսել, թե ԿԲ-ն քանի մլն դրամ կվաճառի: Սա կարելի էր արդեն հումորի վերածել, եթե վաճառվող արտարժույթը ԿԲ-ն չվերցներ մեր երկրի միջազգային պահուստներից:
Իսկ դրանք սրընթաց նվազում են: միայն այս ամսվա առաջին 24 օրերի ընթացքում մեր միջազգային պահուստները «ցամաքել են» ավելի քան 100 միլիոն դոլարով:
Ռեֆլեքսը չի օգնի
ՀՀ Ոստիկանության Երեւանի ՊՊԾ գունդը պարբերաբար «ուսումնական վարժանքներ» է անցկացնում, որոնց ընթացքում ոստիկանների մի մասը գոռում է «հեռացի´ր» կամ «ամո´թ», իսկ մյուս մասը հարձակվում է գոռացողների վրա եւ «դուբինկաներով» ցրում:
«ՉԻ»-Նման կարգի «ուսումնական վարժանքների» նպատակը հասկանալի է. իշխանությունները փորձում են ոստիկանների մոտ պայմանական ռեֆլեքս ձեւավորել, որպեսզի նրանք ամեն անգամ «սերժի´կ, հեռացի´ր» կամ «ամոթ» բառերը լսելիս անկախ իրենցից հարձակվեն մարդկանց վրա եւ սկսեն «զխկել»: Հայտնի գիտնական Պավլովը ժամանակին շների վրա այդպիսիս մի փորձ էր արել, եւ փորձը, պատկերացրեք, հաջողությամբ էր պսակվել:
Բայց նման կարգի պայմանական ռեֆլեքսների մշակումը մի կարեւոր թերություն ունի, եթե պայմանները թեկուզ փոքր-ինչ փոխվում են, ռեֆլեքսը չի գործում: Այսինքն` շատ հնարավոր է, որ ցուցարարները «հեռացի´ր» բառի փոխարեն օգտագործեն, ասենք, «ռա´դ եղիր» բառակապակցությունը, եւ ոստիկանները քար անտարբերությամբ հետեւեն այդ ամենին ու ոչինչ չձեռնարկեն: Եվ պատկերացրեք`որեւէ մեկը նրանց մեղադրելու իրավունք չի ունենա: Ո՞վ է մեղավոր, որ նրանց մեջ հարձակվելու ռեֆլեքսը միայն «հեռացիր» բառի դեպքում է գործում:
«Հետաքրքիր առաջարկ»
«Շատերը ժամանակ առ ժամանակ անհեթեթ մտքեր են հայտնում, մանավանդ դաշնակցական հակում ունեցողները: Չգիտեմ` հասկանում են, որ 18 տարի գոյատեւեցինք, որ մի օր ճեղքենք-դուրս գանք աշխարհ: Եվ երբ շատ լուրջ փաստարկներ են բերում, որ պետք չէ Թուրքիայի սահմանը բացել, ես առաջարկում եմ փակել նաեւ Վրաստանի ու Իրանի սահմանը, քանի դեռ ուշ չէ»,- ասել է ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը` խոսելով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ընթացքող քննարկումների մասին:
«Մեզ անհրաժեշտ է գիտակցել պահի լրջությունը, մեր գերագույն շահը Հայաստանի Հանրապետությունն է: Շատ հաճախ գերագույն շահ ասելով` հասկանում են համազգային շահը, բայց դրա տակ էլ շատ հաճախ ոչ թե հայապահպանությունն է ընկած, այլ ընդամենը Հայ դատը: Չի կարելի այս խնդիրը դարձնել գերխնդիր, Հայ դատը, իհարկե, չի կարելի մոռանալ, անշուշտ մենք պետք է հասնենք արդարության, բայց սա չէ գերխնդիրը, գերխնդիրը պետականություն կայացնելն է:
Այս իմաստով ողջունում եմ նախագահի` ինձ համար նույնիսկ անսպասելի քայլերը: Ինքը շատ մեծ քաղաքական կամք ու համարձակություն դրսեւորեց, ակնհայտ է, որ նախորդն այդպես չվարվեց»,-ասել է նա:
Նոր թեկնածու
Վերջին շրջանում մամուլում եւ քաղաքական շրջանակներում պարբերաբար քննարկվում է Ռուսաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի փոփոխության թեման: Մինչեւ վերջերս այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն քննարկվում էր Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, ներկայումս նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանի անունը, ում նշանակման հետ կապված, ըստ նույն խոսակցությունների, անհամաձայնություն ունի ռուսական կողմը:
Թերթի տեղեկություններով, սակայն, վերջին օրերին իշխանական վերնախավում քննարկվում է այդ պաշտոնում ներկայումս Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԼՂՀ նախկին ԱԺ նախագահ Օլեգ Եսայանի նշանակման հարցը: Թե ով նրա փոխարեն կուղարկվի Բելառուս, առայժմ հայտնի չէ:
Անպատասխան հարցեր
Վերջերս Ռուսաստանի եւ Ադրբեջանի Պաշտպանության նախարարները ստորագրել են 2010 թ. ռազմական համագործակցության վերաբերյալ պայմանագիր, որը բավական լուրջ ծրագրերի իրագործում է ենթադրում:
«Հարց է առաջանում` այդ դեպքում ի՞նչ տարբերություն մեր եւ Ադրբեջանի միջեւ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ չէ, իսկ մենք անդամակցում ենք այդ կառույցին: Կամ արժե՞ ռազմական համագործակցությունը խորացնել մի երկրի հետ, որի բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար Հայաստանին ուղղված ռազմատենչ հայտարարություններով են հանդես գալիս:
Չէ՞ որ ՀԱՊԿ-ի անդամ երկրներից մեկին ուղղված ագրեսիան նշանակում է ագրեսիա ողջ կազմակերպության նկատմամբ»,- հարցնում է ԱԺ պաշտպանության, Ազգային անվտանգության եւ Ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:
Վարչապետի թիմն էլ անցավ քաղաքական տանիքի տակ
ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը պաշտոնապես հաստատել է, որ Ֆինանսների նախագահ Տիգրան Դավթյանի, Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի եւ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի անդամակցության փաստը ՀՀԿ-ին:
Իշխող կուսակցության շարքերն անցնելու դիմումներ են ներկայացրել նաեւ վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանը, Ֆինանսաների փոխնախարար Վարդան Արամյանը, Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը, Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարինե Մինասյանը:
Ծագումով հայը Թուրքիայի ներկայացուցի՞չ
Թուրքական մամուլը գրում է, որ Թուրքիայում Եվրամիության հետ աշխատող` նոր նշանակվելիք պաշտոնյաներից մեկը կարող է լինել ծագումով հայ:
«Թուրքիայի կառավարությունը, որը չի ընդունում հայկական, հունական, հրեական ծագումով մարդկանց նշանակմանը պատասխանատու պաշտոններում, պատրաստվում է պատմական շրջադարձ անել այս հարցում:
Եվրամիության հետ կապերի Թուրքիայի գլխավոր քարտուղարությունը, որպես Եվրամիության փորձագետ, հնարավոր է, որ աշխատանքի վերցնի ծագումով հայ և Թուրքիայի քաղաքացի` Լեո Սուրեն Հալեբլիին: Նա առաջին փուլն անցել է, հաջորդ փուլում հարցազրույց են վերցնելու նրանից»,- գրել է «Հյուրիեթ» թերթը:
Վաչոյին ուզում են «պադստավկա» անել
Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանը իր զբաղեցրած պաշտոնով, դիրքով ու ազդեցությամբ անվտանգության որոշ աշխատակիցների նախանձն ու զայրույթն է առաջացրել: Լուրեր են շրջանառվում, թե Սերժ Սարգսյանի «ախրանայում» լուրջ խմորումներ են ընթանում Վաչոյի շուրջ:
Ոչինչ չեն խնայում Վաչոյին «պադստավկա» անելու համար, ինչը մասնավորապես հաջողվում է Սերժ Սարգսյանի այցելությունների արարողակարգի ժամանակ: Որոշ ականատեսներ պատմում են , որ Վաչոյի` կարգուկանոն հաստատելու, ներկաներին տեղաբաշխելու հրահանգները միտումնավոր տապալվում են:
Հիշեցնենք, որ վերջինս թիկնազորի պետ դառնալուց առաջ Սարգսյանի անձնական վարորդն էր ու դեռեւս վարորդ եղած ժամանակ Աժ միջանցնքերում կռիվ էր տալիս լրագրողների հետ, որոնք հանդգնում էին շեֆի դեմ հոդված կամ ծաղրանկար տպագրելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել