Հասցեն` «Երեւան 10` ցպահանջ»
«Մի՞թե դատախազ Վ.Թ.Գրիգորյանն իրավունք ուներ չներկայանալու դատարան, եթե նա արդար էր, ինչո՞ւ չներկայացավ եւ չապացուցեց, որ ինքն օրինական է կարճել քրեական գործը, չէ որ օրենքը բոլորի համար հավասար է, գուցե Վ.Թ. Գրիգորյանի համար հատուկ օրենք է գործում, վերջապես ինչո՞ւ գոնե գրավոր որեւէ բացատրություն չի ուղարկել դատարան:
Եթե այդպես լինի, ուրեմն յուրաքանչյուր իրավապահ կարող է ինչ ուզենա անել եւ դատարան չներկայանալ, իսկ նրա փոխարեն որպես ներկայացուցիչ եկողը կասի` ես գործին ծանոթ չեմ, եւ այդպիսով կարելի է շատ հանցանքներ պարտակել, ինչպես որ մինչ այսօր արվում է այս գործով»,- նշված է Պարույր Գուլգուլյանի Վերաքննիչ բողոքում:
Պարույր Գուլգուլյանը Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորյանի որոշումը, որով մերժվել էր Գուլգուլյանի պահանջները (Տես` 14 տարի իրավական համակարգի սարդոստայնում): Քաղաքացին իր բողոքի պատճեն ուղարկել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին, որպեսզի նրա միջոցով խոսքը տեղ հասնի նախագահ Սերժ Սարգսյանին: «Պետք է նախագահը միջամտի, որ արդար լուծում տան էս հարցին»,- «Հետքի» հետ զրույցում ասաց քաղաքացին:
Գուլգուլյանը մանրամասն նշել է այն հանգամանքները, որոնք, իր կարծիքով, հակասում են օրենքներին, եւ Վերաքննիչ դատարանից խնդրել է նշանակել դատական նիստ, որի ընթացքում անցկացնել փորձաքննություններ: Դեմտեմբերի 1-ին պարզ կդառնա, Գուլգուլյանի բողոքը վարույթ ընդունվել է, թե ոչ:
Ի դեպ, Պարույր Գուլգուլյանն իրավական քաշքշուկի արդյունքում կորցրել է իր ընտանիքն ու տունը, որի պատճառով էլ նրա բոլոր դիմում-բողոքների վրա որպես հետադարձ հասցե նշվում է. «Երեւան 10` ցպահանջ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել