Անուշ. հրաշալի երգչուհի
2009 թ. նոյեմբերի 10-ին ֆրանսահայ երգչուհի Անուշը ելույթ ունեցավ Նյու Յորքի West Village-ի Zinc բարում: Հենց սկսվեցին թմբուկի հարվածները` միախառնված սաքսոֆոնի, թավջութակի, դուդուկի եւ դաշնամուրի հնչյունների հետ, մենք սենյակում ուրիշ էներգիա զգացինք եւ ակամայից մասը դարձանք ինչ-որ ավելի մեծ բանի, որը, թերեւս, մեր աշխարհին բնորոշ խենթության բացատրությունն էր:
Սա, թվում է` Անուշի առաջնային նպատակներից մեկն է եւ այն, ինչին նա ուզում է հաղորդակից դարձնել իր լսարանին: Շոուից մի քանի օր անց տված հարցազրույցում նա նշել է, որ կցանկանար, որ «լսարանն ապրի մի բան, որը տարբեր կլինի հենց այդ լսարանից»: Անուշի համար երաժշտությունը ճանապարհ է դեպի ոգեկանություն, որը մյուսների առջեւ եւս դուռ է բացում` իմանալու իրենց սեփական պատմությունը, իմանալու աքսորի ու արմատների, ինքնության, էրոտիկության ու սիրո մասին: Հենց երգեցողությունը սկսվեց, միաձուլվելով երաժշտությանը, իսկ երբեմն դրան հակառակ գնալով, Անուշի ձայնը դարձավ այդ դուռը, եւ զգացմունքների հեղեղը սկսեց խեղդել մեզանից նրանց կոկորդը, ովքեր չէին կարող դիմակայել այդ դռնով անցնելու ցանկությանը: Իմ դեպքում, օրինակ, «Կռունկ» երգը ինձ տարավ մի ճամփորդության դեպի իմ սեփական աքսորի պատմությունը` որպես Միացյալ Նահանգներ ներգաղթածի, ինչպես նաեւ դեպի Ցեղասպանության հիշողություն, որն ակամայից իմ մի մասն է: «Երաժշտությունն իմ ազատությունն էր»,- ասաց Անուշը, երբ հարցրի, թե ինչպե՞ս պատահեց, որ երգչուհի դարձավ: Նա երիտասարդ հասակում սկսել է երգել ավետարանական երգչախմբում եւ ազդված էր իր հոր ճաշակից, ով խառը երաժշտություն էր սիրում: Սկսած ջազից եւ վերջացրած աֆրոկուբայական ռիթմերով ու հայկական ժողովրդական երգերով` Անուշը ծանոթ է եղել երաժշտական ոճերի լայն ընտրանու, որն, ի վերջո, ձեւավորեց իրեն` որպես երգչուհու, եւ նշանավորեց իր ոճը: Կուբա կատարած ճամփորդությունից հետո Անուշը անգամ է՛լ ավելի շատ բան իմացավ իսպանացիների, աֆրիկացիների, չինացիների, յորուբա ժողովրդի խառը երաժշտության մասին, որն այդ տարածաշրջանի մշակույթի կարեւոր մասն էր: «Ես խառնում եմ ֆոլկլորները»,- ասաց նա: «Դա պետք է որ կապ ունենա իմ ինքնության հետ, որը կազմված է ամենատարբեր բաղադրիչներից»: Մինչ Անուշին անընդհատ ասում են, որ ինքը «մաքուր» չէ, քանի որ ամբողջությամբ հայ չէ, կամ որ իր երաժշտությունը արժանին չի մատուցում արդեն արմատացած հայկական ավանդույթներին: Անուշի համար երաժշտության եւ ինքնության այս միաձուլումը մի միջոց է լինել այն, ինչ նա իրականում է` առավելագույնս ազնիվ եւ ճիշտ իմաստով: Նրա նպատակն այն է, որ իր ձայնով հասնի մարդ արարածներին` անկախ նրանց ազգությունից, տարիքից կամ դավանանքից: «Քանի որ ես խառնում եմ ջազը, հոգեւոր եւ աշխարհիկ երաժշտությունը, իմ լսարանը բաղկացած է ամեն տեսակի մարդկանցից»,- ասաց նա: «Ես չեմ կաղապարվում միայն մի ոճի մեջ»: Այսպիսի կերպար ունենալը դժվար է, մանավանդ եթե մեկն ես, ով ակամայից ներկայացուցչական դեր է կատարում հայկական համայնքում: Անուշը խոր կապվածություն է զգում իր հայկական արմատներին, եւ իր համար իր երաժշտությունը մի ճանապարհ է` տարածելու այս հայկական մշակույթը եւ ոգեկանությունը: «Եվ դա տարածելու համար դու պետք է բացես ինքդ քեզ»,- ասաց նա: Նա շարունակեց` բացատրելով. «Իմ նպատակն է ուղղահայաց կապը (անցյալ, ներկա, ապագա) միացնել հորիզոնականին (այնտեղ, այստեղ, մի ինչ-որ տեղ), ինչը ցույց է տալիս, թե ինչպես եմ ես իմ պատմությունը կապում իմ ապագային, եւ ինչպես եմ մյուսներին եւս հաղորդակից դարձնում դրան: Իմ ողջ փիլիսոփայությունը եւ Արվեստը հիմնված է սրա վրա. կապը ստեղծվում է հանդիպման կետում` ստեղծագործելու տարածքի եւ ժամանակի, ինչպես նաեւ ներկայի մեջ»: Լինելով մի իրականության մեջ, որտեղ մեծ մասամբ պահպանվում են երաժշտության ավանդույթները` Անուշի համար հաճախ շատ դժվար է գտնել այնպիսի դուդուկահարի, ով իր հետ նույն տեսլականը կունենա: «Ինձ մուղամի մասնագետ է պետք, ինչպես նաեւ ստեղծագործող երաժիշտ, ով կկարողանա ճանապարհ հարթել դեպի ուրիշ ռիթմեր: Այնպես որ եթե դուք նորովի եք դուդուկ նվագում, խնդրում եմ զանգահարեք ինձ. ես տեղ ունեմ ձեզ համար»,- եզրափակեց նա: Մինչ հարցազրույցի ավարտը Անուշն ասաց ինձ, որ ինքը միշտ կողմնորոշված է համընդհանուր բաների: Նա շարունակեց. «Երբ ես արեցի Ցեղասպանության մասին երգը, այն նաեւ վերաբերում էր ստրկությանը, բնիկ ամերիկացիներին»: Երաժշտությունը, լինելով համակողմանի, ի զորու է իրար կապել եւ հաղորդակցություն ստեղծել` կտրել-անցնելով բոլոր տարբերությունների միջով, անգամ աշխարհի տարբեր մասերում ապրող հայերի միջեւ եղած տարբերությունների միջով: Zinc բարում իր հրաշալի կատարման ընդմիջումներին Անուշը խոսեց Օսմանյան Թուրքիայում հայերի պատմության, ինչպես նաեւ այն մասին, որ վերքը չի լավանա, եթե չճանաչվի այն, ինչ տեղի է ունեցել: Հավանաբար, վերքը որոշ չափով ապաքինվում է, երբ ոչ միայն մեր թուրք եղբայրներն ու քույրերը, այլեւ մեր հայ եղբայրներն ու քույրներն են իրենց բացում ճշմարտության, փոխըմբռնման եւ երաժշտության առաջ: Եվ այս տեսանկյունից արեւելյան երաժշտության հանդիպումը արեւմտյան երաժշտության հետ կարող է այդ դժվար առաջադրանքի լուծման մեկնակետը լինել: Եվ մի՞թե սկսելու համար կա ավելի լավ տեղ, քան այս խաչմերուկներն են:
Մեկնաբանել