
«Խոսքի իրավունք». ՊՆ-ն գիտեր խելագարության հասցված զինվորի մասին, բայց կոծկել է
Երեկ համացանցում կայծակի արագությամբ տարածվեց խելագարության հասցված զինվորի մասին սահմռկեցուցիչ տեսանյութը: Այնուհետև պաշտպանության նախարարությունը մի դիրքորոշում ընդունեց, համաձայն որի՝ ինքը, իբր, կատարվածի մասին տեղեկացել է այդ տեսանյութից:
Մինչդեռ Ասկերանի զորամասի հրամանատարը պարտավոր էր այդ դեպքը ներկայացնել ռազմական ոստիկանությանը։ Վերջինս այդ մասին պիտի հաղորդում ներկայացներ ՊՆ-ի քննչական վարչություն և զինվորական դատախազություն:
Հասկանալի է, որ այդ դեպքը փորձել են կոծկել և «Չենք լռելու» նախաձեռնության կողմից տեսանյութը տարածվելուց հետո ստիպված են եղել արագ ծառայողական քննություն սկսել ու հայտարարել, որ քրեական գործ է հարուցվել:
Ավելին, պաշտպանության նախարարությունը տեղյակ է եղել Ասկերանի զորամասում ծառայող Հովհաննես Վարդանյանի խելագարության մասին Հելսինկյան ասոցիցիա իրավապաշտպան կազմակերպության օգոստոսի 31-ին ՀՀ Պաշտպանության նախարարին հղած դիմումից, որում անդրադարձ է կատարվել Հովհաննես Վարդանյանի դեպքին:
Դրանից բացի՝ «Խոսքի իրավունքը» համարում է, որ եթե Հովհաննեսը հոգեկան անառողջ վիճակ ունեցել է ավելի վաղ՝ նախքան բանակ գնալը, ապա դա պարտավոր էր բացահայտել զինվորական հանձնաժողովը: Ժառանգականությունը հենց այնպես չէր կարող գլուխ բարձրացնել բանակում:
Այս ամենից հետո ՊՆ-ն ձև է բռնել, թե, իբր, տեղյակ չէր Վարդանյանի դեպքի մասին: Սա ևս մեկ ապացույցն է, որ Հայկական բանակը առողջացման կարիք ունի:
«Խոսքի իրավունք» միավորում
Մեկնաբանել