2009թ. ՀՆԱ-ն կնվազի 30 տոկոսով
«Տեղական արտադրությունը, մասնավորապես արդյունաբերության ներգործառույթները բարվոք վիճակում չեն և հեռու են բավարար լինելուց: Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ արդյունաբերության մասնաբաժինը շարունակում է մնալ 22 %-ի շրջանակներում` իր հետևից բերելով սոցիալական լարվածությունները` գործազրկություն ու աղքատության մակարդակի բարձրացում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Վ. Սաֆարյանի խոսքերով` Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներից ՀՆԱ-ն տարեվերջին նկատելիորեն կնվազի` մոտ 30 %-ով: Սա կհանգեցնի մնացած ոլորտներում մակրոտնտեսական ցուցանիշների չկատարման:
«Այս ամենը պայմանավորված է երկրում շինարարության ծավալների կրճատմամբ, որը տարեվերջին կհասնի 54-55 %-ի: Իսկ այս երևույթը հետևանք է այն բանի, որ Հայաստանում շինարարությունը պայմանավորված չէ մեր տնտեսական ներուժով. տարիներ շարունակ այն իրականցվում է դրսից եկած տրանսֆերտների հաշվին»,- ասաց նա:
Վ. Սաֆարյանը նշեց, որ վերը նշված երևույթների պատճառով Հայաստանի արտաքին պարտքը տարեվերջին հասնելու է 3.5 մլրդ ԱՄՆ դոլարի, մինչդեռ այդ ցուցանիշը մարտի 1-ի դրությամբ կազմել է 1.9 մլրդ դոլար: Այս ամենի պատճառով արտաքին պարտքի և ՀՆԱ-ի համամասնությունը մոտենում է 46 %-ի, ինչն էլ կհանգեցնի երկրի ոչ վարկունակ լինելուն` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը համոզված է, որ ներկա իրավիճակից հնարավոր կլիներ խուսափել, եթե ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լսեր միության խորհուրդին և ստացվելիք վարկերը, մասնավորապես ռուսական 500 մլն դոլար վարկի զգալի մասը տրամադրեր մանր ու միջին բիզնեսի զարգացմանը:
«Կառավարությունը նախընտրեց վարկերի զգալի մասը ներդնել շինարարության մեջ` ավարտին հասցնելով 50 %-ով կառուցված էլիտար շենքերը` չնայած պետք է նշել, որ ոլորտում ներդրված գումարներն անգամ անկարող էին կասեցնել ճգնաժամի ազդեցությունը»,- ասաց բանախոսը:
Անդրադառնալով Հայաստանի արդյունաբերական արտադրության ծավալին` Վ. Սաֆարյանը նշեց, որ այն այս տարի 600-620 մլն դոլարի սահմաններում է, որը անցած տարվա ծավալին (երբ արտահանվել է 1 մլրդ 69 մլն դոլարի արտադրանք) զիջում է 40 %-ով:
«Ներկա ճգնաժամային իրավիճակից դուրս գալու և մեր տնտեսությունը զարգացնելու համար առաջարկում եմ ստեղծել արդյունաբերության զարգացման կամ քաղաքականության նախարարություն, որն էլ կկառավարի արդյունաբերության ճյուղը»,-ասաց Վ. Սաֆարյանը:
Հայրենական ապրանք արտադրողների միությունը նախատեսում է 2010թ. Հայաստանում կազմակերպել 15 երկրի ապրանք արտադրողների միջազգային գիտաժողով: Գիտաժողովին կքննարկվեն Հայաստանի և Ռուսաստանի համատեղ գիտատեխնիկական զարգացման առաջնահերթությունները:
Ներկայումս Հայաստանում գործում է 2320 տնտեսվարող սուբյեկտ: Դրանք կարողանում են ապահովել մուտքեր բյուջե, իսկ 300 խոշոր ձեռնարկությունները ապահովում են բյուջեի 75 %-ը: Ոլորտի նման պատկերը անհասկանալի է Վ. Սաֆարյանի համար, քանի որ նրա խոսքերով` գոյություն ունի 30 հզ. կնիք ունեցող տնտեսվարող սուբյեկտ, որից միայն 2320-ն է համարվում ձեռնարկություն:
Քնար Բաբայան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել