Գեներալի որդին շարունակում է օգտվել դատարանի ընձեռած հնարավորությունից
Մոտ 4 ամիս է, ինչ հետաձգվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող գեներալ Հայկազ Բաղմանյանի որդուն` Պավել Բաղմանյանին պատկանող «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանի գործը: Հիշեցնենք, որ Թ. Բաղդասարյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող հողում գազալցակայան կառուցելու նպատակով ստացել է ճարտարապետահատակագծային առաջադրանք, ձեռք է բերել տեխնիկական պայմանները հիմնավորող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաեւ առկա է դրանց վերաբերյալ փորձագիտական եզրակացությունները:
Պավել Բաղմանյանը, օգտվելով պանրագործարանին պատկանող փաստաթղթերից, նրա հողում 6038 քմ հատվածի վրա կառուցել է գազալցակայան եւ շահույթ է ստանում` առանց թույլտվության եւ վարձակալության պայմանագրի: Հուլիսի 10-ի դատաքննության ժամանակ «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը դատաքննության ընթացքում դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն ներկայացրեց եւ փորձագետների լուծմանն առաջադրեց, թե` 1. որքա՞ն է կազմում ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Աբովյան 1 հասցեում գտնվող հողատարածքը, ըստ նպատակային նշանակության՝ ի՞նչ դասի է, ե՞րբ, ու՞մ եւ ի՞նչ կարգով է հատկացվել, այժմ ու՞մ սեփականությունն է հանդիսանում, եւ ի՞նչ իրավունքներ կան գրանցված այդ հողամասի նկատմամբ: 2. Չափագրման աշխատանքներ կատարելու միջոցով պարզել, թե վերը նշված հասցեում «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ի կողմից փաստացի որքա՞ն շինություն եւ հողատարածք է զբաղեցվում, նշված շենք-շինությունները գտնվում են հատկացվա՞ծ, թե՞ զավթված հողատարածքի վրա: 3. Նշված տարածքում կառուցված գազալիցքավորման ճնշակայանը հանդիսանու՞մ է անշարժ գույք, թե՞ ոչ: Այս փորձաքննությունը պետք է կատարեր Կադաստրի Մարտունու ստորաբաժանումը: Նույնիսկ դատարանն էր հավանություն տվել եւ կադաստրին փորձաքննություն կատարելու իրավունք վերապահել: «Հետքն» անդրադարձել էր, որ այս դեպքում կադաստրը չի կարող օբյեկտիվ եզրակացություն տալ, քանի որ դատարանում հանդես է գալիս որպես 3-րդ անձ եւ օբյեկտիվ փորձաքննություն անել չի կարող; Մեր հրապարակումից հետո Կադաստրի Մարտունու ստորաբաժանման պետը դիմում էր գրել դատարան եւ հրաժարվել փորձաքննությունից: Դրանից հետո գործը մտավ փակուղի եւ արդեն 4 ամիս է դատաքննություն չի կատարվում: Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանից փորձեցինք հետաքրքրվել, թե ինչո՞ւ դատաքննությունը չի շարունակվում: «Քանի որ պանրագործարանի տնօրենը վերաքննիչ դատարանում վիճարկել էր դատավորի որոշումներից մեկը, ուստի այդ պատճառով էլ դատաքննությունը կասեցվել է»,-ասաց Ա. Ենգոյանը: «Վերաքննիչ դատարանն արդեն մերժել է Թաթուլ Բաղդասարյանի բողոքը, այժմ ինչո՞ւ չի շարունակվում»,-հարցրեցինք Ալինա Ենգոյանին: «Քանի որ բողոքարկման ժամկետներն ավարտված չեն, այդ իսկ պատճառով չի շարունակվել»,-հնչեց պատասխանը: Նշենք, որ Վերաքննիչ դատարանը Թաթուլ Բաղդասարյանի դիմում-բողոքը` կապված դատավոր Վանիկ Վարդանյանի հայցի առարկայից շեղվելուն` մերժվել է դեռեւս հոկտեմբերի 27-ին: Թ. Բաղդասարյանը մեզ փոխանցեց, որ Վերաքննիչ դատարանը մինչ օրս իրեն չի տրամադրել իր դիմումը մերժելու մասին դատարանի որոշումը: «Փաստորեն, Վերաքննիչ դատարանն ինձ զրկել է նաեւ այդ որոշումը բողոքարկելու իրավունքից, քանի որ մինչեւ հիմա այդ որոշմանը ծանոթ չեմ»,-ասաց Թ. Բաղդասարյանը: Նշենք, որ Ալինա Ենգոյանը մեզ փոխանցեց, որ վերաքննիչ դատարանը բոլոր կողմերին ուղղարկել է կայացրած որոշումը: «Դատարանը կարո՞ղ է ապացուցել, որ որոշումը կողմը ստացել է»,-հարցրինք Ալինա Ենգոյանին: «Գործն ուղղարկված է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, եւ հիմա չեմ կարող ասել` որոշումը ստանալու ետադարձ կտրոնը եկե՞լ է թե՞ ոչ»,-պատասխանեց Ա. Ենգոյանը: Թե գործը վերջապես երբ կշարունակվի քննվել եւ արդյոք կքնվի դատարանում, առայժմ պարզ չէ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել