HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առանց բնակության վայր փոխելու` հայտնվեցինք օտար քաղաքում»,- ասում է Հայկ Թամանյանը

Հարցազրույց Ալեքսանդր Թամանյանի թանգարանի տնօրեն, Ա. Թամանյանի ծոռ, ճարտարապետ Հայկ Թամանյանի հետ

-Այս տարի լրանում է Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի 85-ամյակը: Որպես ճարտարապետ`  ի՞նչ եք մտածում մերօրյա քաղաքաշինության մասին, ինչպիսի՞ն է  մայրաքաղաքի այսօրվա հատակագիծը:

-Թամանյանական ճարտարապետությունն ուներ լեզու, ոճ, ավանդույթներ, եւ պատահական չէ, որ Թամանայանին հետեւեցին շատերը: Այդ հետեւորդները, լավ թե վատ, շարունակեցին Թամանյանի ճանապարհը, եւ ստեղծվեց Երեւանի ուրույն կերպարը` անշփոթելի եւ ազգային: Այժմյան զարգացումը կատարվում է ի վնաս այդ ճարտարապետության, այդ կառույցների: Արդյունքում, վերջին շրջանում տեղի ունեցավ այն, որ մենք, առանց բնակության վայր փոխելու, հայտնվեցինք օտար քաղաքում: Այսօր Երեւանի ճարտարապետությունը կորցնում է ազգային պատկանելությունը: Այդ ապակեպատ, անհոգի շենքերը կարող ես տանել, ուզածդ քաղաքում տեղադրել: Իսկ ի՞նչ արեցին Արամի, Սպենդիարյանի, Պուշկինի փողոցներում: Այդ հին շենքերի քանդելը ոչ միայն ճարտարապետական, այլեւ միջավայրի կորստի է հանգեցնում:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում դրանք առանձին թաղամասում վերականգնելու ծրագրին:

-Դա կարելի է համեմատել կենդանաբանական այգու հետ: Ի՞նչ նպատակի են ծառայելու միջավայրից կտրված շենքերը: Այդ շենքերը արժեքավոր էին նաեւ նրանով, որ այնտեղ ապրել են մշակույթի եւ քաղաքական նշանավոր գործիչներ: Իսկ որտե՞ղ են տեղադրվելու նրանց մասին հայտնող հուշատախտակները. այդ նոր թաղամասու՞մ: Բայց ախր մարդն այդտեղ չի ապրել, այդ փողոցներով չի քայլել:

-Բայց չէ՞ որ, երբ 1924-ին հաստատվեց Երեւանի գլխավոր հատակագիծը, եւ քաղաքում համատարած շինարարություն սկսվեց, Թամանյանը եւս ստիպված եղավ քանդել շատ կարեւոր կառույցներ: Ընդ որում, դրանք հետագայում չվերականգնվեցին:

-Ճիշտ է, Օպերայի եւ բալետի պետական թատրոնի տեղում եղել է Գեթսեմանի անունով մատուռ: Թատրոնի շինարարության ժամանակ Ալեքսանդր Թամանյանը քանդել է այն: Նա նախատեսել էր տեղափոխել այդ մատուռը, համարակալել էր քարերը, բայց շինարարության ընթացքում դրանք անհետացել են: Նույն ճակատագիրն է ունեցել նաեւ Պողոս-Պետրոս եկեղեցին` ներկայիս Մոսկվա կինոթատրոնի տարածքում: Թամանյանին մեղադրել են այս երկու պատմական հուշարձանների կորստի համար:  Հայտնի է, որ շինարարությունը անընդհատ ձգձգվում էր եւ պարբերաբար ընդհատվում, որից էլ օգտվում էին աշխատողները եւ գողանում քարերը: Որոշ կառույցներ էլ ճարտարապետը քանդել է միտումնավոր` համարելով անարժեք եւ ավելորդ, օրինակ` ռուս ուղղափառ եկեղեցին Աբովյան փողոցում: Բայց երբ Թամանյանն էր քանդում, նա գիտեր` տեղը ինչ է կառուցելու եւ, ամենակարեւորը, նա չէր առաջնորդվում անձնական շահերով:

-Այսինքն` այսօր քաղաքի մասին մտածողների պակաս եք տեսնում:

-Երբ խոշոր ձեռնարկատերերն են փոխում նշանավոր շենքերի ճակատները, դեռ ինչ-որ տեղ հասկանալի է: Բայց ստացվել է այնպես, որ մեր երկրում վերջին մանր գործարարն անգամ հին շենքերի ճակատները գույնզգույն սալիկներով այլանդակելու հնարավորություն է ստանում: Ինձ զարմացնում է մաքրասիրության այս նոր` հիվանդագին ընկալումը: Չե՞ք նկատել, որ նախորդ սերնդի մտավորականն այնքան կարեւորություն չէր տալիս իր կոշիկների փոշոտ- ոչ փոշոտ լինելուն, ինչքան երեկվա անասնապահը, որ այսօր հայտնվել է քաղաքում: Նմանատիպ երեւույթ է նաեւ շենքերի պատուհանների կողքերի տուֆը «շուշաթղթելը», որ «մաքուր» երեւա: Արդյունքում խախտված է շատ շենքերի հորինվածքային միասնությունը: Դրա արգելելն ի՞նչ է:

-Թամանյանական կառույցների պահպանությանն ուղղված ի՞նչ քայլեր է ձեռնարկում ձեր թանգարանը:

-Մշակութային միջոցառումներից բացի` այլ բան անելու լիազորություն չունենք: Ժամանակ առ ժամանակ կազմակերպում ենք ֆիլմերի դիտում, ցուցահանդեսներ, իսկ մնացածը պիտի անեն համապատասխան մարմինները: Հայ ժողովրդի անցյալի, այդ թվում` ճարտարապետական անցյալի հանդեպ հոգատար պետք է լինել: Այդ անցյալը օգտակար է թե ներկայի, թե ապագայի համար: Այս առումով իմ բախտը բերել է. իմ ընտանեկան արխիվում կան ավելի քան հարյուր տարվա վաղեմության իրեր, լուսանկարներ, եւ իմ երեխան կդաստիարակվի` հաղորդակցվելով նաեւ այն մանկական գրքերի հետ, որոնք պատկանել են դեռ պապիս ու նրա քույրերին:

-Այսինքն, Ձեզ մտահոգում է, որ խզվում է սերունդների միջեւ կապը, եւ Երևանը կորցնու՞մ է իր անցյալը:

-Հետեւյալ օրինակը ավելի պատկերավոր կներկայացնի իմ մտահոգությունը: Վերջերս մի ռուս մշակութային գործիչ ինչ-որ առիթով խոստովանեց, որ չունենալով սեփական ընտանիքի պատմության մասունքներ` ինքը հնավաճառից գնել է հին լուսանկարներ, կախել պատերին, որպեսզի ինքն իրեն տոհմիկ թվա: Որոշ ժամանակ հետո նրա փոքր երեխաները սկսել են կարծել, որ դրանք իրենց նախնիներն են: Այսինքն` մարդիկ այնքան են կարեւորում անցյալ ունենալը, որ անգամ դիմում են այդպիսի միամիտ կեղծիքի:

Հարցազրույցը` Տաթեւ Մադաթյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter