Ոստիկաններ Անդրանիկ Մանուկյանի եւ Գեղամ Գրիգորյանի գործով հաջորդ նիստում ցուցմունքներ կտան ամբաստանյալները
Սոնա Մաշուրյան
Անցյալ տարվա մարտի 2-ի լուսադեմին ապշտոնեական լիազորություններն անցնելու մեղադրանքով ոստիկաններ Անդրանիկ Մանուկյանի եւ Գեղամ Գրիգորյանի դեմ գործով դեկտեմբերի 3-ի դատական նիստում ցուցմունքներ կտան ամբաստանյալները: Իսկ այսօրվա նիստում Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, ավարտեց գործով վկաների հարցաքննությունը:
Վկա, Ոստիկանության Երեւանի վարչության Պետական պահպանության ծառայության գնդի ծառայության ավագ տեսուչ Վրույր Գաբրիելյանը հայտնեց, որ հրամանատար Ռոբերտ Մելքոնյանն իրենից վերցրել է իր մեքենայի բանալիները, հետագայում պարզվել է, որ ամբաստանյալները իր մեքենայով մեկնել են Մաշտոցի պողոտա՝ տեղազննություն անցկացնելու:
Գործի հարուցման համար հիմք ծառայած տեսագրության մեջ, ըստ վկայի, ոստիկանների դեմքերը չեն երեւում, սակայն երեւում էր, որ նրանք հարկադրաբար մեքենան են նստեցնում երկու քաղաքացիների:
Այն հարցին, թե արդյո՞ք վկան պնդում է նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքն այն մասին, որ քաղաքացիներին «ծեծելով» են նստեցնում մեքենան, վկան հաստատեց, ապա ի պատասխան պաշտպանական կողմի հարցի, թե դա ծեծ էր, թե՞ հարկադրանքի միջոց, Վ.Գաբրիելյանը պատասխանեց՝ կար դիմադրություն, եւ դա հարկադրանքի միջոց էր:
Մինչ այդ, դատական նիստի սկզբում ամբաստանյալները հրաժարվեցին իրենց պաշտպան Վաղարշակ Գեւորգյանի ծառայություններից՝ վերջինիս հիվանդության պատճառով, գործում որպես նրանց պաշտպան ներգրավվեց փաստաբան Արթուր Ղարիբյանը, ով անմիջապես նախագահող դատավորին ներկայացրեց ինքնաբացարկի միջնորդություն:
Ըստ պաշտպանի, նախագահող դատավորը գործը վարույթ ընդունելով եւ դատաքննություն նշանակելով, ինչպես նաեւ մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունները գործի վարույթը կարճելու եւ դատախազ Աշոտ Նադոյանին բացարկ հայտնելու մասին, ամբաստանյալների նկատմամբ նախատրամադրված, կողմնակալ վերաբերմունք է դրսեւորել, հանդես եկել մեղադրանքի կողմում: Դատարանը մերժեց միջնորդությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել