ԵԱՀԿ-ի ազգային փոքրմասնությունների գծով Գերագույն հանձնակատարն այցելել է Ջավախք
Նոյեմբերի 25-ին ԵԱՀԿ-ի ազգային փոքրամասնությունների գծով գերագույն հանձնակատար (կոմիսար) Կնուտ Վոլեբեկի եւ կոմիսարի ավագ խորհրդական Դոկտոր Միխայ Գրիբինչայի այցելել են Ջավախք: Նրանք Ախալքալաքի «Արտ Սեգ» հյուրանոցային համալիրում հանդիպել են Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչներ` «Ակունք» միության նախագահ,
«Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Մելս Թորոսյանի, Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավոր, «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանի, «Ա-Ինֆո» լրատվական գործակալության տնօրեն Արտակ Գաբրիելյանի, «Լեռնաշխարհ» միության անդամ Արթուր Գաբրիելյանի, «Ջավախք ժողովրդական շարժման» նախագահ, Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավոր Նորիկ Կարապետյանի, «Մտավորականների միության» նախագահ Ազատ Շիպակցյանի հետ:
«Ա-ինֆո»-ի փոխանցմամբ, հանդիպման սկզբում հանձնակատարի խորհրդականն ասաց, որ իրենք արդեն ծանոթ են մեր խնդիրներին (քանի որ սույն թվականի հոկտեմբեր ամսին խորհրդի ներկայացուցիչները հանդիպել էին վերոնշյալ հանձնակատարի ավագ եւ իրավաբանական գծով խորհրդականների հետ եւ ներկայացրել էին տարածաշրջանում առկա խնդիրները) եւ առաջարկեց շատ կարճ անդրադառնալ խնդիրներին:
Խորհրդի ներկայացուցիչների կողմից բարձրացվեցին քաղաքական, կրթական, սոցիալ տնտեսական, մասնավորապես հայոց լեզվի կարգավիճակի, հայ-վրացական համատեղ համալսարանի բացման, տեղական ինքնակառավարման մարմինների դերի բարձրացման, կենտրոնական իշխանությունների կողմից որդեգրած հակահայկական քաղաքականության, հայ-վրացական սահմանի դժվար անցանելիության հետ կապված խնդիրները եւ բազմաթիվ այլ հարցեր:
Խնդիրները ներկայացնելուց հետո խորհրդի ներկայացուցիչները ասացին, որ այս հարցերի լուծման միակ եւ ճիշտ ուղին տեսնում են Դաշնային Վրաստանի կազմում ունենալ առանձին սուբյեկտ եւ մանրամասնեցին, որ մինչեւ վրաց-օսեթական պատերազմը, ինչու չէ նաեւ հիմա, Վրաստանը փաստորեն ուներ դաշնային կառույց` Աբխազիա, Աջարիա ինքնավարություններով, եւ Վրաստանը այն ժամանակ նույն կարգավիճակն էր առաջարկում իր դեմ մի քանի անգամ զենք բարձրացրած Հարավային Օսեթիային, իսկ Ջավախքին չի տրամադրում առանց բացատրությունների եւ իշխանությունները վախենում են անգամ «ինքնավարություն» բառից:
Հանձնակատարն ասաց, «Ինչ որ ասում եք, դա քաղաքականորեն ճիշտ է, բայց դա իմ ուղղությունը չէ, ես կփորձեմ պաշտպանել ձեր գաղափարները» եւ խորհուրդ տվեց սովորել վրացերեն լեզուն. «Ես վեց ու կես տարի ապրել եմ Վաշինգտոնում, այնտեղ շատ հայեր կան ովքեր գիտեն անգլերեն եւ պահպանել են նաեւ մայրենի լեզուն»:
Նշվածին ի պատասխան խորհրդի ներկայացուցիչներն ասացին. «Համեմատական աստիճաններ դնելը սխալ է, քանի որ մենք աբորիգեններ (բնիկներ) ենք, ապրում ենք մեր պապենական հողի վրա: Մենք կողմ ենք վրաց լեզուն սովորելու, բայց տեղում համապատասխան պայմաններ չկան»:
Չնայած հանդիպումը նախորօք նախատեսված էր քառասուն րոպե, սակայն տեւեց մեկ ու կես ժամ: Հանձնակատարը գոհունակություն հայտնեց բարձրացվող խնդիրների մատուցման ձեւի, հյուրասիրության եւ ընդհանրապես հանդիպումը բարձր մակարդակի կազմակերպելու համար եւ ասաց, որ իր մոտ ցանկություն կա կրկին հանդիպելու:
ԵԱՀԿ-ի ազգային փոքրամասնությունների գծով գերագույն հանձնակատար Կնուտ Վոլեբեկը Վրաստանում է գտնվում աշխատանքային այցով: Նոյեմբերի 24-ին, Թբիլիսիում նա հանդիպել էր Վրաստանի արտգործնախարարի հետ եւ արծարծել էին Վրաստանի ազգային փոքրամասնությունների եւ Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության ներկա վիճակը: Կողմերը պայմանավորվել են սերտօրեն համագործակցել ազգային փոքրամասնություններին վերաբերվող հարցերում: Գերագույն հանձնակատարը Ախալքալաք էր ժամանել ամսի 25-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել