Ստալինյան մեթոդներով
Ստոկհոլմում գտնվող ՀԺԿ նախկին խոսնակ Ռուզան Խաչատրյանը հանդիպել է ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Գյորան Լինդբլանդի հետ: Ինչպես «Առավոտին» հայտնեց Ռուզան Խաչատրյանը, զրույցի ընթացքում Լինդբլանդը մի քանի անգամ շեշտել է, որ Հայաստանի իշխանությունները գործում են ստալինյան մեթոդներով:

Հայաստանը, ինչպես նաև հետխորհրդային այլ պետություններ, հեռու է ժողովրդավարությունից, և շարունակում է առաջնորդվել բոլշևիկյան մեթոդներով: Այդ պատճառով էլ, ըստ Լինդբլանդի, ինքը և այլ պատգամավորներ դեմ են արտահայտվել «դեմոկրատիայի ֆորումը» Հայաստանում անցկացնելու առաջարկին:
Լավագույն ներդրումը
Տիգրան Սարգսյանը նախարարներին կոչ է արել մասնակցել Շուշիի վերականգնման նպատակով կազմակերպվող հանգանակությանը և «անձնական ներդրում կատարել»:
«ՉԻ» - Սա դեռ ոչինչ: Տիգրան Սարգսյանը բոլոր պաշտոնատար անձանց կոչ է արել «իրենց անձնական օրինակով ոգևորել իրենց աշխատակիցներին», իսկ սա նշանակում է, որ այսօրվանից բոլոր պետական հիմնարկներում բառիս բուն իմաստով ռեկետ է սկսվելու:
Պատկերացնում եք, չէ՞, պետական հիմնարկների այն աշխատակիցների վիճակը, ովքեր չեն հետևել իրենց ղեկավարի «անձնական օրինակին»:
Ինչ վերաբերում է նախարարների «անձնական ներդրումներին», ապա նախ և առաջ երևի արժե հասկանալ, թե ինչու է Շուշին այսօր նման հանգանակության կարիք զգում: Որովհետև Հայաստանի բյուջեն չափազանց փոքր է, և հնարավոր չէ բյուջետային միջոցներով վերականգնել Շուշին: Իսկ ինչո՞ւ է բյուջեն փոքր: Որովհետև նախարարները վատ են աշխատում:
Այնպես որ, լավագույն «անձնական ներդրումն» այն կլինի, որ կառավարության անդամները, վարչապետից սկսած, մեկական դիմում գրեն ու ազատվեն աշխատանքից: Այ դա իսկապես լուրջ ներդրում կլինի բոլոր ոլորտների, այդ թվում` Շուշիի վերականգնման գործում:
Կառավարությունը մերժել է. «Արդյունքում Ջավախքը կհայաթափվի»
Երեկ կառավարությունը մերժել է ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի առաջարկը` փոփոխություն կատարել «օտարերկրացիների մասին» օրենքում:
Օրենքի համաձայն` 90 օրից ավել Հայաստանում մնալու դեպքում անձը պարտավոր է ձեռք բերել ժամանակավոր կացության վկայագիր: Պատգամավորն առաջարկել է լրացում կատարել օրենքում և այդ դրույթը չկիրառել Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայ բնակչության նկատմամբ, սակայն կառավարությունը մերժել է:
Թորոսյանը «Հրապարակին» ասել է. «Ես չեմ հասկանում, թե ինչ տեսանկյունից են նայում հարցին, երբ ասում են, որ դա կնպաստի հայապահպանությանը: Իրականում Հայաստանում սովորող կամ աշխատող ջավախահայերն այդ ռեժիմին ենթարկվելու փոխարեն պարզապես կփոխեն քաղաքացիությունը` դառնալով Հայաստանի քաղաքացի: Արդյունքում Ջավախքը կհայաթափվի»:
Իրականում պայքարը ատենապետի աթոռի համար է
Պայքարը ՍԴՀԿ-ում թեժանում է: Այստեղ արդեն թևեր են նշմարվում. Վահան Շիրխանյան-Վարդան Խաչատրյան տանդեմն ընդդեմ Գուրգեն Եղիազարյան-Լյուդմիլա Սարգսյան զույգի:
Ասում են` իրականում պայքարը ՍԴՀԿ ատենապետի աթոռի համար է, որը հունվարյան համագումարում բաժին կհասնի ուժեղին:
Ինչ ցույց տվեց մոնիտորինգը
Ըստ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի. «Անցած ամիսներին բազմաթիվ մտահոգություններ էին հնչում, թե Հայաստանի շրջափակումը վերացնելուց հետո Թուրքիան բաց սահմանով կարող է էժան ապրանք ներկրել Հայաստան, և հայրենական տնտեսությունը կքայքայվի:
Մենք մոնիտորինգ կազմակերպեցինք Հայաստանի և Թուրքիայի լայն սպառման գյուղատնտեսական շուկայում և արձագանքեցինք, որ մեր երկրում գյուղատնտեսական մթերքի ու վերամշակված արտադրանքի գները 30-40 տոկոսով էժան են, քան թուրքական շուկայում: Հետևաբար այն պնդումները, թե թուրքական էժան ապրանքը կողողի մեր շուկան, անհիմն են: Նման վերլուծություններ մենք կատարել ենք գրեթե բոլոր բնագավառներում»:
Հաղթանակ
Երեկ Ստամբուլում Երևանի «Հատիս» կանանց բասկետբոլի թիմը, Եվրոպայի գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրում, սենսացիոն հաղթանակ է տոնել Ստամբուլի «Բեշիքթաշի» նկատմամբ` 87:64 հաշվով:
Մինչ մեր թիմի հետ հանդիպումը, «Բեշիքթաշը» միայն հաղթանակներ էր տոնել ու գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Սակայն հայկական թիմը, որը մեծ դժվարությամբ էր հասել մրցավայր (Երևան-Ստամբուլ ճանապարհորդությունը տևել է մոտ 24 ժամ), փայլուն խաղ է ցուցադրել և ստանձնել է խմբում առաջատարի դերը:
Կոշտ կարձագանքի
«Եթե Թուրքիայի խորհրդարանը վավերացնի Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները, և բացվի հայ-թուրքկաան սահմանը, պաշտոնական Բաքվի արձագանքը շատ կոշտ կլինի»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:
Վերջինիս խոսքերով, հայ-թուրքական մերձեցումը սպառնում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Եվրոպայի և ԱՄՆ-ի շահերին: «Արևմուտքը պետք է հասկանա, որ չի կարելի առաջ մղել հայ-թուրքական հաշտեցումը` առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու. դա չի կարող անհետևանք մնալ»,- ընդգծել է Ազիմովը:
Հայաստանի վրա հարձակումը հարձակում է ՀԱՊԿ-ի վրա
Նոյեմբերի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հայտարարել էր, որ Մինսկի խմբի ձգձգվող աշխատանքների պատճառով այսօր Ադրբեջանին մնում է միայն ռազմական ճանապարհով հետ բերել «ադրբեջանական հողերը»:
Եվ ահա, այս ֆոնի վրա, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը նոյեմբերի 25-ին Բելառուսում հայտարարել է. «ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ արտաքին ագրեսիային կհետևի ՀԱՊԿ անդամ մյուս երկրների աջակցությունը, այդ թվում` ռազմական»:
Առաջին հայացքից այս «անմեղ» հայտարարությունը, իր, թերևս, հիմնական իմաստն է ստանում, երբ նկատում ենք, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ադրբեջանը` ոչ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել