Էդվարդ Նալբանդյանն ավարտել է այցելությունը Ճապոնիա
Նախօրեին Տոկիոյում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Ճապոնիայի գահաժառանգ Նարոհիտոն: Նալբանդյանը գահաժառանգին խնդրել է Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները եւ նշել Հայաստանի ցանկությունը` առավել ամրապնդել եւ զարգացնել հարաբերությունները բարեկամ Ճապոնիայի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, Էդվարդ Նալբանդյանը Նարոհիտոյին ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ Տոկիո իր այցելության նպատակները եւ նախօրեին ունեցած հանդիպումների արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները` տարբեր բնագավառներում ընդլայնելու եւ խորացնելու համագործակցությունը Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ:
Օրվա երկրորդ կեսին Է. Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես է եկել Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում: Հայաստանի արտգործնախարարի ելույթին ներկա են եղել Տոկիոյում հավատարմագրված դեսպաններ եւ դիվանագետներ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ, համաշխարհային եւ ճապոնական հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Իր ելույթում, նաեւ ուղղված հարցերին պատասխանելիս նախարար Նալբանդյանը ներկայացրել է հայ-ճապոնական հարաբերությունները եւ դրանց զարգացմանն ուղղված Հայաստանի նախաձեռնությունները, կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը միտված ջանքերը:
Պատասխանելով ադրբեջանական կողմից անընդմեջ հնչող պատերազմի սպառնալիքների վերաբերյալ հարցին, Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Միգուցե դրանք արվում են ճնշում գործադրելու ակնկալիքով, բնականաբար, դա չի կարող տպավորել ոչ Հայաստանին, ոչ Ղարաբաղին: Այդ փորձերը միջազգային հանրության մոտ ակնհայտ բացասական տպավորություն են թողնում Ադրբեջանի մասին»:
Ելույթից առաջ տեղի է ունեցել նախարար Նալբանդյանի եւ ինստիտուտի տնօրեն, դեսպան Յոշիջի Նոգիմիի հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ ԱԳՆ դիվագիտական դպրոցի եւ Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջեւ համագործակցությանն առնչվող հարցերին:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույցներ է տվել ճապոնական առաջատար NHK հեռուստաընկերությանը եւ Nikkei օրաթերթին:
Էդվարդ Նալբանդյանն այցելել է նաեւ Շիմիզու կորպորացիայի կենտրոնակայան, ուր հանդիպել է կորպորացիայի ղեկավարության հետ: Քննարկվել են կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը եւ դրանց ընդլայնման հնարավորությունները: Ընկերության ներկայացուցիչները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի կառավարության հետ արդյունավետ համագործակցության արդյունքում Հայաստանում ներդրվում են բնապահպանական նորագույն տեխնոլոգիաներ:
Երեկոյան նախարար Նալբանդյանը հանդիպել է Ճապոնիա-Հայաստան բարեկամության ասոցիացիայի անդամներին` դեսպան Սուիմա Էդամուրայի (Հայաստանում Ճապոնիայի առաջին դեսպան) գլխավորությամբ: Անմիջական զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ճապոնական հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Ասոցիացիայի անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել Տոկիոյում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու Հայաստանի կառավարության մտադրության կապակցությամբ եւ պատրաստակամություն հայտնել ամենայն աջակցություն ցուցաբերել դեսպանության գործունեությանը:
Այսօր, ավարտելով այցելությունը Ճապոնիա, Հայաստանի արտգործնախարարն ուղեւորվել է Երեւան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել