Վարչապետն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրային։
Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը նոր թափ կհաղորդի հայ-հնդկական բարեկամական կապերի ամրապնդմանը։
«Մեր քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, ինչը մենք բարձր ենք գնահատում։ Միեւնույն ժամանակ ցանկանում ենք, որ տնտեսական հարաբերությունները խորանան եւ ընդլայնվեն։ Համոզված եմ, որ դրա համար մեծ ներուժ կա»,- ասել է Տ. Սարգսյանը:
Դեսպան Աչալ Կումար Մալհոթրան Տ. Սարգսյանին է փոխանցել Հնդկաստանի վարչապետի ու ժողովրդի ողջույնները եւ բարձր գնահատել հայ համայնքի ներդրումը Հնդկաստանի բազմամշակութային ու բազմալեզու հասարակությունում։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի ստեղծմանը։ Խոսվել է գյուղատնտեսության, գիտության ոլորտներում համագործակցության մասին։ Հնդկաստանի դեսպանը ներկայացրել է նաեւ բարեկամ պետություններին աջակցություն ցուցաբերելու նոր հայեցակարգը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմակայելու երկու պետությունների փորձառությանը։
Վարչապետը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս տեղի կունենա Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել