
Այսօր «Փաստարկ» ակումբում Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը անդրադարձավ թիվ 10 պատգամավորական ընտրատեղամասում իր թեկնածությանը` ասելով. «Հասարակությանը բացարձակապես ընտրական կոմպանիա չի հետաքրքրում, լուրջ տեղաշարժեր չեմ տեսնում»:
Անդրադառնալով այդ ընտրատարածքում առաջադրված մյուս թեկնածուներին` գլխավոր մարքսիստը ասաց. «Հմայակը ուզում է իրեն ներկայացնել դարանակալած կոկորդիլոսի կերպարանքով»: Ինչ վերաբերում է նախկին թեկնածու Վլադիմիր Կոստանյանին, ապա Դավիթ Հակոբյանը նրան ընդհանրապես չի ճանաչում, իսկ, Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելով, ըստ բանախոսի, իշխանությունը մարտի 1-ի ողջ պատասխանատվությունը կվերցնի իր վրա. «Փոխադարձ երկկուլիսային խաղեր իշխանության և ՀՀՇ-ականների միջև չկան: Իշխանությունը Վարչական դատարանում պարտավոր էր պաշտպանելու Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական իրավունքը, որովհետև բավարար ապացույցներ չկային, բայց քրեական իրավունքը չի զիջի»:
Դավիթ Հակոբյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ընտրվելու համար լուրջ գումարներ են անհրաժեշտ, որը, ըստ նրա, ոչ «ժլատ» ՀՀՇ-ն ունի և ոչ էլ Սուքիասյանները: Ըստ մարքսիստի` եթե 8-րդ ընտրատարածքը տրված է հանրապետականին, 25-րդը` «Բարգավաճ Հայաստան»-ին, ապա 10-րդ ընտրատարածքը խոպան է թողնված, և իշխանությունները իրենց այստեղ պասիվ են պահում: Գնահատելով իր ընտրվելու հավանակությունը` նա ասաց. «Ես ինձ այստեղ մրցակից չեմ տեսնում, ես սկզբունքորեն այլ հարթության վրա եմ: Այդ մանդատի իրավունքը հայ ժողովուրդը կտա ինձ, բայց թե որքանով ինձ վրա կհաշվարկեն, ես կասկածում եմ: Իշխանությունները պետք է իրենց առաքինի պահեն` հանուն ազգի ազատ կամքի դրսևորման»:
Մարքսիստը համոզմունք հայտնեց, որ ժամանակը աշխատում է հօգուտ նոր լիդերների, և Լևոն Տեր-Պետրոսյանը տվել է իր «Վաթեռլոն», ինչպես Վազգեն Մանուկյանը, հայր և որդի Դեմիրճյանները: Այս անգամ էլ Դավիթ Հակոբյանը հիշեց Կրոնվելին. «Մինչև երբ պետք է պառլամենտը լինի պոռնկատուն, որ փողով գնեն: Այստեղ գաղափարական կապիտալը պետք է հաղթի ֆինանսականին»: Մարքսիստական կուսակցության նախագահը նաև անդրադարձավ իր կողմից առանձնացրած ազգի 3 խնդիրներին, որոնք են` քաղաքական միասնության հարցը, ֆիզիկական և կենսաբանական անվտանգությունը, պատմաաշխարհագրական տարածքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել