«Մի լավ բան չկա՞ մեր հասարակական տրանսպորտի ոլորտում...»
Այսօր Հայաստանի «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը բանավեճի էր հրավիրել քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության գլխավոր մասնագետ Կարեն Հակոբյանին` քննարկելու Հայաստանում հասարակական տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները: Բանավեճին ներկա էին նաեւ լրագրողներ տարբեր լրատվամիջոցներից:
Ոլորտի խնդիրներից Արմեն Պողոսյանն առաջնային համարեց մետրոյի եւ տրոլեյբուսի` որպես տրանսպորտի միջոցների զարգացումը.
- Փոխարեն անընդհատ նոր միկրոավտոբուսների ներկրման, զարգացրեք էլեկտրական տրանսպորտը: Դրանով կլուծվեն թե օդի աղտոտվածության, թե մի շարք այլ խնդիրներ,- ասաց Արմեն Պողոսյանը:
- Եթե մարդիկ Բաղրամյանից Երիտասարդական նախընտրում են միկրոավտոբուսով գնալ, մենք ինչպե՞ս ստիպենք, որ նրանք մետրոյից կամ տրոլեյբուսից օգտվեն,- սրան ի պատասխան՝ նշեց Կարեն Հակոբյանը:
- Փարիզում, Բեռլինում ողջ ժողովուրդն օգտվում է տրոլեյբուսներից, իսկ Հայաստանում տրոլեյբուսները 4 տարին մեկ անգամ են գալիս: Իսկ ինչ վերաբերում է մետրոյին, ապա պետք է կայանները շատացնել: Ասում եք` մետրոյի կայան ավելացնելը մեծ ծախսերի հետ է կապված, համաձայն եմ, սակայն այնքան գումարները, որ ծախսվեցին տարբեր տեսակի ճանապարհներ, բլուրներ կառուցելու համար, կարող էին ծառայել մեկ մետրոյի կայան ավելացնելուն,- արձագանքեց «Սպառողների ասոցիացիայի» նախագահը:
- Կառավարությունն էլ, նախագահն էլ, շատ լավ գիտեն` որտեղ ծախսել որ գումարը,- ասաց Կարեն Հակոբյանը:
- Այդ գումարները բոլորինս են,- նշեց Արմեն Պողոսյանը:
- Բոլորինս են, բայց պետության փողերը հաշվելն անկոռեկտ եմ համարում,-հավելեց Կարեն Հակոբյանը:
Էլեկտրական տրանսպորտի խնդիրը քննարկելուց հետո, ներկաներն անդրադարձան երթուղային միկրոավտոբուսների թերի կողմերին:
- Պարոն Հակոբյան, իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք այն փատը, որ երթուղային միկրոավտոբուսների վարորդները, լիցենզիան անցնելուց հետո, քշում են մինչեւ այնտեղ, որտեղ ուզում են, ծխում են մեքենայի մեջ,- նկատեց լրագրողներից մեկը:
- Ծխելու վերաբերյալ օրենքը կա. եթե վարորդը կամ ուղեւորը հաշվի չեն առնում, դա արդեն քաղաքապետարանի մեղքը չէ եւ չի նշանակում, որ օրենքը չի գործում: Բացի այդ, թեժ գիծ կա. զանգեք թեժ գծին եւ բողոքեք,-պատասխանեց Կարեն Հակոբյանը:
- Զանգում ես, վերահսկողություն չկա,- հավելեց լրագրողը:
- Վերահսկողության խնդիր կա, մեր վարչությունը չունի տեսչական ֆունկցիա: Այս առումով մենք «Երեւան Տրանսի» հետ ենք աշխատում,-ասաց Կարեն Հակոբյանը:
Իսկ այն հարցմանը, թե միգուցե քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունն այլեւս չաշխատի «Երեւան Տրանսի» հետ, Կարեն Հակոբյանը պատասխանեց.
- Ոչ, շարունակելու ենք աշխատել, վերահսկողության խնդիր չկա...
Վերահսկողություն չի իրականացվում նաեւ հասարակական տրանսպորտի հիգիենայի պահպանման ուղղությամբ: Քաղաքապետարանի ներկայացուցչի կարծիքով դա իրենց խնդիրը չէ.
-Տնտեսվարող սուբյեկտները պայմանագիր են կնքել մեզ հետ, որում կա նաեւ հիգիենային վերաբերվող կետը: Ըստ դրա՝ ամեն օր տրանսպորտային միջոցները պետք է լվացվեն եւ մաքուր լինեն: Դա մասնավորները պետք է ապահովեն:
Իսկ թե ինչպես է վերահսկում քաղաքապետարանը այդ սուբյեկտներին, Կարեն Հակոբյանն այդպես էլ չկարողացավ պատասխանել: Նա միայն նշեց. «Հասարակական տրանսպորտի ոլորտում մի լավ բան չկա՞… ինչու՞ եք ամեն ինչ այսքան գորշացնում: Ես ինքս երթուղային միկրոավտոբուսներից եմ օգտվում, երբեք չեմ հանդիպել, որ վարորդը ծխի…»
-Երեւի Դուք փողկապով եք լինում, վախենում են,- արձագանքեց լրագրողներից մեկը:
Իսկ մեկ այլ լրագրող, փորձելով հաստատել, որ իրավիճակն, իրոք, ծանր է, անդրադարձավ նաեւ երթուղային տաքսիների բեռնվածության խնդրին.
-Առավոտյան ժամերին, երբ աշխատանքի ես շտապում, հազիվ ես կարողանում բարձրանալ ճկռած երթուղային, երբեմն էլ ուղղակի տեղ չի լինում եւ չեն էլ կանգնում: Ինչո՞ւ նոր ավտոբուսներ չեն բերվում:
-Ինչ վերաբերում է նոր ավտոբուսներ բերելուն, այդպիսի պլաններ կան, բայց չեմ կարող ասել` ինչ ժամկետներում: Ավտոբուսներ ներկրում են մասնավորները, մենք նրանց չենք կարող ստիպել, որ բերեն եւ վնասով աշխատեն: Այս պահին հասարակական տրանսպորտն աշխատում է վնասով, եւ ամբողջ աշխարհում է այդպես:
Վարորդն օրենք է խախտում, ավել ուղեւորներ է վերցնում, ասում եք պետությունն է մեղավոր: Ինչո՞ւ է պետությունը մեղավոր, տեսնում եք երթուղայինը լիքն է, մի նստեք,- պատասխանեց Կարեն Հակոբյանը:
- Ու այդպես, մինչ կյանքի վերջ, մնացեք կանգառում,- հարցի լուծումն առաջարկեց Հայաստանի «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել