ՀԴԿ-ն առաջարկում է «Մադրիդյան սկզբունքները» փոխարինել «Երևանյան սկզբունքներով»
««Մադրիդյան սկզբունքներ» հասկացության տակ, ինչպես գիտենք, խոսքը վերաբերում է Ադրբեջանին տարածքները վերադարձնելուն: Իսկ դա նշանակում է, որ հայկական կողմը սկզբունքորեն համամիտ է տարածքների վերադարձին: Եթե այդպես չէ, ապա Ալիևի վերջին հայտարարություններից հետո առավել քան անհրաժեշտ էր ընդհատել բանակցային գործընթացը, պահանջել Մինսկի խմբի համանախագահներից հայտնել իրենց հստակ դիրքորոշումը հայտարարությունների վերաբերյալ: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն էլ ըստ այդմ պետք է դատապարտեին Ադրբեջանի նմանօրինակ հայտարարությունները»,- այսօր Մամուլի ազգային ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Վերջինի համար անհասկանալի է հայկական կողմի «հերթական նրբանկատ դիրքորոշումը», երբ հայտարարվում է միայն, որ մենք ռազմական գործողությունների սկսվելու դեպքում կարող ենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
«ԼՂՀ ճանաչման խնդիրը պետք է կայանար շատ ավելի վաղ, իսկ Հայաստանը առ այսօր չի ճանաչել Ղարաբաղի` Ադրբեջանի կազմից օրինական ճանապարհով դուրս գալու փաստը»,- ասաց նա:
Արամ Սարգսյանի խոսքերով` հենց դրա հետևանքով էլ Հայաստանի և ոչ մի իշխանություն չկարողացավ միջազգային հանրությանը ներկայացնել ղարաբաղյան հիմնահարցի էությունը, ինչը անում է Ադրբեջանը` խեղաթյուրելով ամբողջ իրավիճակը:
«Մինչև հայեցակարգային փոփոխություն չմտցվի ԼՂՀ հիմնահարցի բանակցային գործընթացում, որևէ ակնկալիք հայկական կողմը չի կարող ունենալ»,- ասաց բանախոսը:
Ելնելով վերոնշյալ իրավիճակից` Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը նախագահին գրավոր ներկայացրել է կուսակցության առաջարկները` «Մադրիդյան սկզբունքները» փոխարինել պայմանական կոչված «Երևանյան սկզբունքներով»` համոզված լինելով, որ որևէ հիմանահարց չի կարող լուծվել առանց հակամարտող ժողովուրդների խաղաղության և վստահության մթնոլորտի ձևավորման:
«Մենք առաջարկում ենք, հրաժարվելով «Մադրիդյան սկզբունքներից», առաջ քաշել այլ սկզբունքներ: Այնուհետև ճանաչել ԼՂՀ-ի` Ադրբեջանի կազմից դուրս գալու փաստը և վերջնականապես որոշել կարգավիճակի հարցը` լինի դա Հայաստանի կազմում կամ էլ առանձին պետության կարգավիճակում»,-ասաց Ա. Սարգսյանը:
Ինչ վերաբերում է այդ քայլերի իրականցման հնարավորությանը և հավանականությանը, ապա Արամ Սարգսյանը համոզված է, որ կա արտաքին և ներքին ռեսուրսների բավարար քանակ` միջազգային հանրությանը ներկայացնելու առկա խնդիրները:
Դեմոկրատական կուսակցության նախագահը հավելեց, որ ղարաբաղյան հիմնահարցն ուղիղ կապ ունի հայ-թուրքական հարաբերություների հաստատման հետ:
Անդրադառնալով ստորագրված արձանագրություններին` նա ասաց, որ տեքստը բավականին անգրագետ է ձևակերպված և ՀՀ սահմանադրության դեմ կետերով (մասնավորապես անկախության հռչակագրի վերաբերյալ), իսկ արձանագրությունների նման տարբերակով վավերացումը չի բխում Հայաստանի պետական շահերից: Այս ամենը, Ա. Սարգսյանի հավաստմամբ, կբերի միջազգային հանրության աչքերում Հայաստանի` տարիներ շարունակ ձեռք բերած բավականին լուրջ կարգավիճակի կորստին:
Քնար Բաբայան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել