Հայաստանում «Ապագայի դպրոց» է կառուցվելու
«Ապագայի դպրոցի» դասասենյակների պատերը պարունակելու են հիշողություն, լինելու են անձնավորված և որոշակի վերաբերմունք են ունենալու իրենց հետ առնչված յուրաքանչյուր մարդու նկատմամբ
«Մենք պետք է թռիչքաձև գործողություններ կատարենք, քանի որ անպատմելիորեն հետ ենք մնացել համաշխարհային կրթական զարգացումներից: Պետք է խոստովանել, որ այսօրվա արագությունները նույնը չեն, ինչ 10, 20 կամ 30 տարի առաջ: Այսօրվա 1 տարին իր զարգացումներով միգուցե առաջվա 10 տարին է կամ ավելի: Այսինքն` 20 տարի կանգնած մնալ կրթության ոլորտում ուղղակի մահացու մի բան է կրթության ոլորտի համար»,- այսօր «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:
Միաժամանակ նա նշեց, որ չի ուզում միայն փնովել այսօրվա կրթական համակարգը, սակայն բարձրագույն որակներին հասնելու համար Հայաստանում շատ քիչ բան է կատարվել: Իսկ եթե կրթությունը չի ձգտում բարձրագույն որակի, ապա չի կարող վերափոխվել:
«Այբ» կրթական հիմնադրամի կարևորագույն ծրագիրը «Այբ կրթական հանգույցի» ստեղծումն է, որը լինելու է Հայաստանում առաջին դպրոցական ավանը` «Ապագայի դպրոցը»: «Այբ»-ը նպատակ ունի ստեղծել 21-րդ դարի չափանիշներին համապատասխանող դպրոց և այդ դպրոցի շուրջ ձևավորել կրթությունը որպես արժեք կրող հասարակության միկրոմոդել` կրթվող համայնք: Դպրոցը նախատեսված է մոտ 800 աշակերտի համար և ունենալու է եռաստիճան համակարգ` տարրական, միջին և ավագ դպրոց:
«Ապագայի դպրոց»-ում երեխան լինելու է ոչ թե գիտելիքների յուրացման պասիվ օբյեկտ, այլ մասնակից: Կյանքի պետք է կոչվի նաև պրոֆեսիոնալ ուսուցչի գաղափարը, այսինքն` ուսուցիչ, ով առավոտվանից մինչ երեկո դպրոցում է, ով սովորեցնում ու սովորում է միաժամանակ:
Տեր Մեսրոպ քահանա Արամյանի խոսքերով` ընդունելությունը լինելու է մրցութային կարգով. քննությամբ ստուգվելու են աշակերտի գիտելիքները, տաղանդը և սովորելու մոտիվացիան: Ավագ դպրոցում լինելու են մասնագիտացումներ` բնագիտական առարկաներից մինչև արվեստ:
«Դպրոցը պետք է լինի հայ դպրության ավանդույթների և արդի կրթական տեխնոլոգիաների համարդրում: Այսինքն` երբ մեկը մտնում է դպրոց, սկսած ճարտարապետությունից, ամեն տեսակ սիմվոլիկ լուծումներից, որոնք արտահայտված են այդ միջավայրում, պետք է զգա ավանդույթի շունչը, պետք է զգա, որ ինքը ինչ-որ մի բանի կրիչն է և ժառանգորդը: Դպրոցը նաև պետք է անպայման լինի տեխնոլոգիապես հագեցած, արդի պահանջներին համապատասխանող մի միջավայր: Մարդիկ հաճախ մտածում են, որ տեխնոլոգիան ուղղակի ինչ-որ ճոխություն է. կարող է լինել, կարող է չլինել: Տեխնոլոգիան, լինելով զարգացման շարժիչ ուժը, նաև վստահություն է ներշնչում, որ ապագան հասանելի է»,- ասաց Տեր Մեսրոպը:
Ավելի մանրամասն ներկայացնելով ապագայի դպրոցի կառուցվածքը` նա նշեց, որ շատ կարևոր է լավ դասասենյակներ ունենալը, քանի որ դասասենյակում ձևավորվում է մարդը: Մինչդեռ այսօր Հայաստանում դասասենյակը 4 պատով մի սենյակ է, որտեղ կախված է գրատախտակ:
«Դասասենյակ հասկացությունը այսօր աշխարհում բավականին առաջ է գնացել: Դա իսկապես մի գաղափարաան և տեխնոլոգիապես հագեցած տարածք է, որտեղ ձևավորվում է մարդ արարածը առհասարակ: Ես 2 օր առաջ Փարիզում էի, և այնտեղ այցելել եմ ուղղակի ֆանտաստիկ մի հաստատություն: Այնտեղ ուղղակի տեխնոլոգիապես լուծված էր «խելամիտ պատեր և օբյեկտներ» հասկացությունը: Մենք այդ տեխնոլոգիաները տեսել ենք նաև MIT-ում, երբ պատերը ոչ թե պարզապես ինչ-որ բան բաժանելու համար են նախատեսված, այլ իրենք կարող են պարունակել հիշողություն, կարող են լինել անձնավորված, կարող են որոշակի վերաբերմունք ունենալ յուրաքանչյուր մարդու նկատմամբ, որը իրենց հետ շփվում է, ամեն տեսակի ինտերակտիվ հնարավորություններ, ընդհուպ մինչև խելամիտ առարկաներ` որոշակի հիշողություն կամ բնավորություն պարունակող և այլն»,- ասաց Տեր Մեսրոպը:
Դպրոցի միջանցքը ևս պետք է կազմակերպվի այնպես, որ երեխան ոչ թե պարզապես քայլի կամ վազի, այլ քայլի գիտության, տեխնոլոգիայի, արվեստի միջով: Միջանցքում կարող են լինել օն-լայն ցուցասրահներ, քննարկումների փոքրիկ վայրեր:
Անդրադառնալով Հայաստանի դպրոցների գրադարաններին` Տեր Մեսրոպ քահանա Արամյանն ասաց, որ այսօրվա գրադարանները մաշված են, անգամ կան քիչ գրքեր ունեցող գրադարաններ:
«Մենք պետք է ունենանք թե ֆիզիակական գրքերը, և թե ինտերնետայինը: Բացի դրանից` շատ կարևոր է, որ դպրոցական գրադարանները ունենան տեսա- և ձայնագրադարաններ, որ այսօր շատ քիչ դպրոցներում կան: Երեխաներին մենք փոքրուց պետք է սովորեցնենք ճիշտ երաժշտություն լսել, ֆիլմ դիտել, բարձր ճաշակ պետք է ձևավորենք այդ երեխաների մեջ, որպեսզի հետո հասարակությունը այս ճահճի մեջ չընկղմվի»,- ասաց Տեր Մեսրոպը:
Նրա խոսքերով` դպրոցական ծրագրով նախատեսվում է նաև սերմերի և բույսերի հայկական համապարփակ գրադարան, դրանք աճեցնելու որոշակի այգիներ և հողատարածքներ: Սա երեխաներին հնարավորություն կտա փոքրուց առնչվել հայրենի բնությանը:
Դպրոցում գործելու են արվեստանոցներ և երաժշտական ստուդիաներ, երաժշտական և սպորտային խմբեր, երգչախմբեր, ցուցասրահներ, կարիերայի և հոգեբանական պատրաստության կենտրոններ: Դպրոցի այգում կարող է իրականացվել կրթության մի մասը: Լինելու է պարտադիր, ինչպես նաև ընտրովի առարկաների լայն ցուցակ:
«Դպրոցում մենք լուրջ կերպով զարգացնելու ենք մարդու գրելու և խոսելու ունակությունները: Պատրաստվում ենք դասավանդել այնպիսի առարկաներ, ինչպիսիք են տրամախոսությունը, գրելու արվեստը և այլն: Դպրոցում կիրառվելու է թե ակադեմիական, և թե ծրագրահիմն ուսումնասիրության մեթոդը»,- ասաց «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը:
«Ապագայի դպրոց» ծրագրով նախատեսվում է, որ դպրոցի կողքին կգործեն եկեղեցի (որը դպրոցական կրթության մաս չի կազմելու, այլ միայն իրականացնելու է համայնքաշինական գործառույթ) և համայնքային կենտրոն, մեդիա արվեստների կենտրոն (թատրոն, կինոթատրոն, ցուցասրահներ), այգիներ և կանաչ գոտի, մանկապարտեզ, հանրակացարաններ և բնակելի թաղամաս:
«Մենք մեկ ամբողջական պատկերի մեջ ուզում ենք հավաքել համայնքաստեղծման կարևորագույն էլեմենտները և դպրոցը դնել որպես համայնքի կենտրոն` իր համայնքաստեղծ որոշակի գործառույթներով: Այսօր դրսի լավագույն դպրոցները նախագծվում են որպես համայնքային կյանքի կենտրոններ, և մարդիկ եկել են այն խորը համոզման, որ քանի դեռ կրթության առաքինությունը ներդրված չէ համայնքի մեջ, կամ համայնքը էապես ներկա չէ դպրոցական կյանքում, լավ դպրոցը ուղղակի կդառնա մի կարկատան այդ հասարակության մեջ, և երբեք այդ հասարակության կամ համայնքի շահերին չի կարող ծառայել: Ուրեմն, շատ կարևոր է դպրոցի խնդրի լուծումը դիտել համայնքաշինության կոնտեքստի մեջ»,- ասաց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:
Համայնքը դպրոցում պետք է ներկա լինի դպրոցական ակումբների (գրական, մշակութային), սպորտային միջոցառումների, ընդհուպ մինչև դպրոցին ֆինանսապես աջակցելու միջոցով:
Տարբեր երկրների մասնագետների հետ քննարկումներից հետո հիմնադրամը այս ծրագիրը ներկայացրել է ՀՀ նախագահին և վարչապետին:
«Հստակ պայմանավորվածություններ ձեռք բերեցինք, որ պետությունը որոշակի հողային խնդիրներ է լուծում այս ծրագրի իրագործման համար: Եվ մեզ տրվեցին հստակ խոստումներ, որ այդ հողային խնդիրները շատ արագ կեպով կլուծվեն, թեպետ արդեն մի տարուց ավել է, դեռ չինովնիկական քաշքշուկները, ինչպես մնացած բոլոր խնդիրներում, չեն վերջացել: Բայց հույս ունենք, որ նախագահի և վարչապետի հրապարակայնորեն տված խոստումները, ի վերջո, կջարդեն այս չինովնիկական քաշքշուկների պատնեշները»,- ասաց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:
Նա նշեց, որ ծրագիրն իրականացվում է Հարվարդի համալսարանի ճարտարապետական ֆակուլտետի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ճարտարապետական ֆակուլտետի հետ համատեղ, և շատ երկրներում կերազեին այսքան կապիտալիզացված և հեղինակավոր ծրագիր ունենալ, «որը արդեն իսկ արված է: Մնում է, որ մենք այս քաշքշուկներով անհամ տպավորություն չստեղծենք»:
Պետությունը ծրագրի իրականացման համար Երևանուի Քանաքեռ համայնքում 6,5 հա հողատարածք է տրամադրել: Տեր Մեսրոպ քահանա Արամյանն ասաց, որ հողատարածքի շուրջ կային գոտիներ, որոնք իրենք նախատեսել էին հանրային այգիների համար, սակայն այդ տարածքները արագորեն կուլ են գնում այլ նպատակների համար: Հողատարածքը մի քանի տարի առաջ անհատույց տրամադրվել է այս ծրագրի համար, սակայն հողի վերջնական ձևակերպումները դեռևս արված չեն: Թեև նման մասշտաբային ծրագիր իրականացնելու համար նվազագույնը 11 հա է պետք, սակայն Տեր Մեսրոպն ասաց, որ այս հայկական իրականության մեջ այդպիսի հողատարածք ստանալը ռեալ չէ:
Քննարկման մասնակիցները, որոնք հայաստանյան տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ էին, հետաքրքրվեցին, թե ո՞վ է ֆինանսավորելու «Ապագայի դպրոցի» ստեղծման ծրագիրը, և իրատեսակա՞ն է, որ այն ի կատար կածվի: Տեր Մեսրոպը պատասխանեց, որ խնդրի ֆինանսական կողմը քննարկել են երկրի ղեկավարության հետ, և պետությունը պատրաստ է հոգալ ծրագրի ծախսերի 10 %-ը: Մնացածը բարերարներն են վճարելու:
Մինչ ճգնաժամը կատարված հաշվարկների համաձայն` ծրագրի արժեքը 47 մլն դոլար է: Սակայն ճգնաժամից հետո «Այբ» հիմնադրամը որոշել է ծրագիրն իրականացնել ոչ թե մի անգամից, այլ 3 փուլով: Առաջին փուլում կառուցվելու է միայն ավագ դպրոցը:
«Ճգնաժամը ահավոր ձևով հարվածեց ոչ միայն պետություններին, թեպետ մեզ մոտ ասում էին, որ կարող է` կողքով անցնի: Պարզվեց` Հայաստանը երևի ամենատուժած երկրների տասնյակում է: Բավականին լուրջ ներդրում «Այբ» կրթական ակումբի անդամները իրենց միջոցներով են կատարելու: Նաև մեր սփյուռքահայ խոշոր բարերարների, որոնց հետ մենք տարիներով աշխատում ենք, և որոնք կապ ունեն թե «Այբ»-ի հետ, թե իմ ղեկավարած «Վէմ» ռադիոկայանի, այլ կազմակերպությունների հետ, մենք նույնպես ունենք պայմանավորվածություններ` այս ծրագրի մեջ զգալի ներդրում կատարելու»,- ասաց Տեր Մեսրոպը:
Նա հավելեց, որ անպայման պետք է դրամահավաք կատարվի, որ պետք է հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն: Բարերարներն արդեն կատարել են այն, ինչ պահանջվում է իրենցից, հիմա հերթը պետությանն է: Եթե այն այս տարի լուծի դպրոցի տարածքի հետ կապված խնդիրները, ապա դպրոցը 2 տարի հետ պատրաստ կլինի: Այնուհետև կկառուցվեն դպրոցական ավանի մյուս շինությունները` առանց վնասելու մեկը մյուսի գործունեությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել