Էջմիածնում մինչեւ 7 տարեկան հիվանդ երեխաները սպասարկվում են վճարովի հիմունքներով
Այդպես է ցանկանում հիվանդանոցի տնօրենը
ՀՀ կառավարության 2008 թ-ի մարտի 27-ի` «Հայաստանի հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության եւ սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին» N 276-Ն որոշման համաձայն, պետության կողմից անվճար բժշկական օգնության իրավունք ունեն նաեւ մինչեւ 7 տարեկան երեխաները:
Վերջերս Էջմիածնի հիվանդանոցի մանկական բաժանմունքում գտանք տնօրեն Վաչագան Մկրտչյանի ստորագրությամբ ու կնիքով հաստատված գնացուցակ, որտեղ մինչեւ 7 տարեկանների անվճար սպասարկումը չի առանձնացվում եւ տնօրենը բոլորին պարտավորեցնում է վճարումներ կատարել: Նույնիսկ մինչեւ 7 տարեկան երեխայի համար մանկաբույժի կոնսուլտացիան տնօրենը գնահատել է 2000 դրամ, ստամոքսի խոռոչի լվացումը` 1500 դրամ եւ այլն:
Տնօրեն Վաչագան Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ կառավարության որոշումը Էջմիածնի հիվանդանոցի մանկական բաժանմունքի վրա չի տարածվում եւ շարունակվում է երեխաներից գումար վերցնելու ավանդույթը:
«Եթե հիվանդը չի պառկում հիվանդանոցում եւ միայն ամբուլատոր սպասարկում է ստանում, ուրեմն դրա համար պետք է վճարի: Եթե հիվանդը պառկի, ուրեմն դրա համար չի վճարի: Խի, այդպես չի՞»,-զարմացած պատասխանեց Վաչագան Մկրտչյանը:
Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանն էլ այս առնչությամբ «Հետքին» ասաց, որ բոլոր դեպքերում մինչեւ 7 տարեկանները պետք է սպասարկվեն անվճար:
«Ես նոր խոսեցի տնօրենի հետ ու ասել եմ` կամ ինձ պետք է ցույց տա համապատասխան որոշում, որ մինչեւ 7 տարեկանների ամբուլատոր սպասարկումն անվճար է, կամ էլ պիտի մեծ տառերով գրի ու փակցնի, որ անվճար է»,-ասաց Լ. Մուրադյանը:
Նրա փոխանցմամբ, եթե ամբուլատոր սպասարկման համար երեխաները դիմում են հիվանդանոց, ապա նրանց պետք է խորհուրդ տան դիմել պոլիկլինիկա եւ սպասարկվեն անվճար, «եթե աշխատանքային ժամ չէ եւ պոլիկլինիկան փակ է, պետք է ամբուլատոր սպասարկումն իրականացնի հիվանդանոցը` դարձյալ անվճար»: Կրկին զրուցեցինք Էջմիածնի հիվանդանոցի տնօրենի հետ: Նա մեզ փորձում էր համոզել, որ կարգը նոր է հաստատվել եւ ինքն այդ մասին չգիտեր:
«Լարիսա Մուրադյանն ինձ ասաց, որ անվճար պետք է սպասարկենք մինչեւ 7 տարեկան բոլոր երեխաներին: Ես հիմա կզանգեմ առողջապահության գործակալություն, եթե այնտեղից էլ նույնն ասեն, ուրեմն գնացուցակի մեջ կավելացնեմ, որ դա չի վերաբերում մինչեւ 7 տարեկաններին»,-արդարացավ Վ. Մկրտչյանը:
«Ես ասել եմ, եթե որեւէ բժիշկ պահանջ կդնի հիվանդի առջեւ, ուրեմն այդ բժիշկը խալաթը կհանի: Ուրիշ մարզում չգիտեմ ինչպես է, բայց մեր մարզում այդպես է: Մարդը կարող է իր շնորհակալությունը հայտնի մեկ բուկետ ծաղիկով, դա իր կամքն է, թող այդպես լինի, բայց նրանից չպետք է գումար ուզեն»,-ասաց Լարիսա Մուրադյանը եւ խոստացավ զբաղվել «Հետքի» բարձրացրած խնդրով: Մինչեւ Էջմիածնի հիվանդանոցի տնօրեն Վաչագան Մկրտչյանի ճշգրտումները դեռ քանի պետպատվերով հիվանդ կսպասարկվի վճարովի հիմունքներով եւ մինչ այդ քանի երեխայի ծնող է գումար տվել տնօրինությանը` առայժմ պարզ չէ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել