Ինչո՞ւ այսօր Չարենցներ ու Տերյաններ չեն ծնվում
Որոշ երկրներում լատիներենը և հունարենը հանված չեն կրթական ծրագրերից, քանի որ մարդիկ գիտակցում են, որ այդ լեզուները եվրոպական լեզվագիտության հիմքն են, որքան էլ, օրինակ, այսօրվա գերմաներենը տարբերվի հունարենից կամ լատիներենից: Մինչդեռ երբ Հայաստանում գրաբարի ուսուցման հարց ես բարձրացնում, մի անգամից հակազդեցություն է առաջանում: Այս մասին այսօր «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:
«Մոռանում ենք, որ մեր բոլոր գրողները` Չարենցը, Տերյանը, Մեծարենցը, հայոց լեզու են սովորել գրաբարով, լեզվի սկզբնաղբյուրներով` Մանդակունիով, Եղիշեով: Դրա համար էլ այդպիսի բարձունքների են հասել: Մոռանում ենք, որ Աճառյանը ասել է. «Եթե ուզում ես հայոց լեզու սովորել, կարդա 4 Ավետարանները` գրաբարով», որովհետև այդ լեզուն է Մեսրոպ Մաշտոցը ստեղծել, և չկա գրաբար, արևմտահայերեն, արևելահայերեն, կա մեկ միասնական հայոց լեզու` իր տարբեր փուլերով, իր ճյուղերով, իր բարբառներով»,- ասաց Տեր Մեսրոպը:
Նրա համոզմամբ` երեխաներին պետք է հնարավորություն տալ հնարավորինս լավ պատկերացում կազմել այդ մեկ միասնական հայոց լեզվից և նրանց հաղորդակից դարձնել ակունքներին: Հակառակ դեպքում կունենք լեզվամտածողության այն պատկերը, որն ունենք այսօր:
«Այսօր արդեն մենք ի վիճակի չենք Չարենցներ ծնելու, Տերյաններ ծնելու, որովհետև թույլ չենք տալիս` մեր երեխաները գրաբարի հետ հաղորդակցվեն. վետո ենք դրել, ասում ենք. «Գլուխներդ կցավի, պետք չէ` մի բան ավելի մեր երեխաները սովորեն»»,- ասաց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:
Նա հավելեց, որ գրաբարն իր համար մայրենի լեզու է, ինքն ավելի շատ գրաբար է մտածում, քան աշխարհաբար և տեսնում է այդ լեզվի հզորությունը:
«Տեսնում եմ այն կորուստը, որ մենք ունեցել ենք` այդ լեզվից դուրս գալով: Հրեաները մեծ խնդիրներ իրենց համար լուծեցին` իրենց ակունքներին վերադառնալով»,- ասաց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել