HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրազդանում կան շատ գործազուրկներ, բայց առաջակվող աշխատատեղերը քիչ են»

«Ես ուսանող եմ, բայց շատ եմ ուզում աշխատել, ունենալ այնպիսի աշխատանք, որը կկարողանամ համատեղել ուսմանս հետ, ունենալ իմ սեփական եկամուտը. շատ չէ, բայց գոնե որոշ չափով ինքս հոգամ իմ ծախսերը», - ասաց Սաթինե Միրզոյանը այսօր Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում անցկացված աշխատանքի տոնավաճառի ժամանակ: Սաթինեն 19 տարեկան է, սովորում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսում, բայց միևնույն ժամանակ աշխատանք է փնտրում: Նա արդեն ունի աշխատանքային փորձ. ամռան ամիսներին աշխատել է ճամբարում որպես ջոկատավար: 18-ամյա Արփինե Խաչատրյանն առաջին անգամ է մասնակցում նման միջոցառման: Նա ռեստորանում մենեջերի աշխատանք է փնտրում: Արփինեն ունի միջնակարգ կրթություն և համապատասխան աշխատանքային փորձ, բայց դեռևս չի գտել իր փնտրած աշխատանքը: Ըստ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի տեղակալ Գարիկ Սահակյանի` Հրազդանում նման տոնավաճառ անցկացվում է առաջին անգամ: Սակայն անցած տարի նման միջոցառում կազմակերպվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: «Սա պետական ծրագիր է, և ամեն տարի անցկացնում ենք` կախված տվյալ մարզի աշխատաշուկայի տվյալներից: Հրազդանն ենք ընտրել, քանի որ այն մեծ արդյունաբերական քաղաք է, կան շատ գործազուրկներ, բայց առաջակվող աշխատատեղերը քիչ են»,- ասաց նա: «Արամազդ» երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչ Կարեն Ներսիսյանի խոսքերով` իրենք գործատուի դերում առաջին անգամ են մասնակցում նման տոնավաճառի. «Մեզ մոտ կա գործավարի և համակարգչային ցանցի սպասարկողի մեկական թափուր աշխատատեղ: Գործավարի աշխատատեղն արդեն լրացված է: Ընդունել ենք մեկի, ով ունի բարձրագույն կրթություն, բայց չունի աշխատանքային փորձ»,- ասաց նա: Միջոցառմանը մասնակցում էր նաև Կոտայքի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնը: Ըստ կազմակերպության ներկայացուցիչ Հասմիկ Մնացականյանի` իրենց կազմակերպությունում գրանցված են 50-ից ավել աշխատանք փնտրողներ, որոնցից 10-ն արդեն աշխատանք են գտել: «Մենք միջնորդում ենք միգրանտներին գտնելու աշխատանք, եթե իրենք չեն կարողանում ինքնուրույն գտնել: Տրամադրում ենք իրավաբանական և սոցիալական անվճար խորհրդատվություն: Նմանատիպ տոնավաճառների մասնակցել ենք մի քանի անգամ: Այսօր վերցնում ենք աշխատանք փնտրող մարդկանց տվյալները, որոնք կտպենք և կբաժանենք գործատուներին»,- ասաց կազմակերպության ներկայացուցիչը: Աշխատանքի  տոնավաճառին մասնակցում էր 34 գործատու` Հրազդանի տարածաշրջանում` 39 առկա և 37 սպասվող թափուր աշխատատեղերով: Գործատուների մեջ կային նաև ներկայացուցիչներ Աբովյանի, Չարենցավանի և Եղվարդի տարածաշրջաններից: Լուսինե Դալլաքյան  (ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter