HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Անգլերենը` բացարձակ զրո: Հայերենը` գրեթե ոչնչացված»

«Կենգուրու» մաթեմատիկայի մրցույթին 30 հզ. երեխա է մասնակցել «Պատկերացրեք օլիմպիադաների հաղթող երեխան հանկարծ մեկ էլ ընկնի բուհ, որտեղ տեսնի, որ, կներեք, ինչ-որ փող պետք է տաս գնահատական ստանալու համար: Երեխային բարոյազրկելու, իր երկրից հիասթափեցնելու, ապագան ոչնչացնելու ավելի ուղիղ ճանապարհ չկա, քան այս իրավիճակը: Ինչ ուզում եք արեք. եթե սա կա, և եթե սա մենք չենք կարողանում վերացնել, ապա ավելի լավ է երեխան այդ տեղը չընկնի, քան ընկնի»,- այսօր «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը: Նա նշեց, որ հիմնադրամը մի շարք մրցույթներ է կազմակերպել տաղանդավոր երեխաներին հայտնաբերելու, ինչպես նաև ուսուցիչների համար, քանի որ հիմնադրամի կարևորագույն ծրագիրը` Հայաստանում դպրոցական ավանի ստեղծումը, ժամանակ է պահանջելու, «իսկ այսօր կան տաղանդավոր երեխաներ, որոնք ուղղակի ոչնչանում են այսօրվա կրթական համակարգի մեջ»: Տեր Մեսրոպ քահանա Արամյանի խոսքերով` աշակերտները, որպես կանոն, ուժեղ են մեկ առարկայից` մաթեմատիկայից կամ ֆիզիկայից: Իսկ միաժամանակ 2 առարկայից ուժեղ աշակերտ գտնելը բավականին լուրջ խնդիր է դարձել Հայաստանում: «Անգլերենը` բացարձակ զրո: Հայերենը` գրեթե ոչնչացված: Մեր քննությունների ամենավատ ցուցանիշները (լավագույն երեխաների մասին եմ ասում) եղել են հայոց լեզվի ցուցանիշները: Նույնիսկ անգլերենը ավելի լավ էր, քան հայերենի վիճակը: Երեխաները հայերենով մտքեր արտահայտելու հմտություններ ուղղակի չունեն, գրական հմտություններ ընդհանրապես չկան»,- ասաց Տեր Մեսրոպը: Նա հավելեց, որ տվյալ լեզվով մտքեր արտահայտելու զարգացած ունակությունները շատ կարևոր են մարդու մասնագիտական առաջխաղացման համար, կամ եթե ուզում ես այնպիսի համալսարան ընդունվել, ինչպիսին Հարվարդն է: «Այբ» կրթական հիմնադրամը խորացված դասընթացներ է կազմակերպել այդ երեխաների համար, և վերջինները ներկայումս սովորում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, Սթենֆորդի համալսարանում, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում և այլն: Այս տարի «Այբ» կրթական հիմնադրամը նաև կազմակերպել է «Կենգուրու» մրցույթը: Մրցույթին, որն անցկացվել է մաթեմատիկա առարկայից, 30 հզ. երեխա է մասնակցել: Տեր Մեսրոպին հատկապես ուրախացնում է այն, որ աննախադեպ է եղել ակտիվությունը հատկապես մարզերից, սահմանամերձ գյուղերից: Նախկինում հիմնադրամի անցկացրած մրցույթներին և օլիմպիադաներին հիմնականում ի հայտ էին գալիս Երևանի մի քանի ուժեղ դպրոցների աշակերտները, և մարզերը, որոշ առումով, մնում էին ստվերում: Մինչդեռ «Կենգուրու» մրցույթի բացարձակ հաղթողը մարզերից է եղել: «Գիտեք` սա շատ զարմանալի պատմություն է: Երևի մի 150 հզ. մարդ Հայաստանում մի ամիս նստած էր մաթեմատիկա առարկայի վրա: Դրանք ոչ միայն երեխաներն էին, այլև իրենց հայրիկները, մայրիկները, պապիկները, տատիկները, որովհետև խնդիրները այնպիսին են, որ ամեն մարդ կարող է դրանք լուծել: Եվ պարզվում է` այս սերիալների, այս չգիտեմ ինչերի, այս թոհուբոհի մեջ այդ մարդկանց կարելի է լրիվ ուրիշ բաների շուրջ համախմբել»,- ասաց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter