Վարչապետն ընդունել է Լեհաստանի պաշտպանության նախարարին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը հույս է հայտնել, որ «պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ փոխհարաբերությունների ամրապնդման համար, հատկապես ռազմական համագործակցության ոլորտում, որը կարեւոր նշանակություն ունի»։
Տ. Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունման կապակցությամբ։
Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխը Տիգրան Սարգսյանին է փոխանցել գործընկերոջ` Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի ջերմ ողջույնները, որի այցը Հայաստան նախատեսվում է առաջիկայում:
Անդրադառնալով տարածաշրջանային ներկա զարգացումներին` Տ. Սարգսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բոգդան Կլիխն էլ նշել է, որ Լեհաստանը Հարավային Կովկասում հիմնախնդիրների խաղաղ կարգավորման կողմնակից է։ «Մենք բարձր ենք գնահատում արձանագրությունների ստորագրման գործընթացը»,- ասել է նա։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին։ Նշվել է, որ Լեհաստանը կես տարի հետո ստանձնելու է ԵՄ նախագահությունը եւ հետաքրքրված է լեհ-շվեդական նախաձեռնությամբ իրականացվող «Արեւելյան գործընկերություն» ծրագրով։
«Լեհաստանը կարող է մեր տարածաշրջանում ավելի բարձր մակարդակով ներկայացված լինել, եւ մենք դրանում շահագրգռված ենք»,- հանդիպման ավարտին նշել է Տ. Սարգսյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել