Հայկական շոու բիզնեսն ընդդեմ ՁԻԱՀ-ի
Դեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի միջազգային օրվա առթիվ նկարիչ, հեռուստահաղորդավար Կարեն Գրիգորյանն ու DJ Վակցինան նախաձեռնել են «Ոչ ՁԻԱՀ»-ին միջոցառումների շարքը: Ժամը 19:30-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Ճանաչված հայերը ընդդեմ ՁԻԱՀ-ի» լուսանկարների ցուցահանդեսը, որին իրենց լուսանկարներով «կմասնակցեն» հայկական շոու բիզնեսի ճանաչված դեմքերը: Մուտքն ազատ է լինելու:
«42 հայտնի մարդկանց ենք լուսանկարել` Շուշան Պետրոսյան, Անդրե, Արսեն Գրիգորյան, Մհեր, Սոնա Շահգելդյան...: Լուսանկաներները թեմատիկ չեն, հայտնի մարդիկ պարզապես իրենց մասնակցությամբ հանդես են գալիս ընդդեմ ՁԻԱՀ-ի»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Կարեն Գրիգորյանը: Նրա խոսքով` երիտասարդներից շատերն են արդեն հետաքրքրված այս ցուցահանդեսով:
Ցուցահանդեսի ընթացքում տեղեկություն է տարածվելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ, անվճար պահպանակներ են բաժանելու: «Նման միջոցառումներ Եվրոպայում շատ է կազմակերպվել, իսկ Հայաստանում առաջին անգամ դարձյալ ես էի կազմակերպել` ապրիլի 24-ին, հայտնի մարդկանց լուսանկարներով ցուցահանդես էր»,- ասում է Կարեն Գրիգորյանը:
Իսկ ժամը 22:00-ին «Կամի» ակումբում տեղի կունենա «Ոչ ՁԻԱՀ-ին» փառատոնը, որի ընթացքում DJ Վակցինան կներկայացնի իր track-երը: «Միջոցառումների իմաստը մարդկանց տեղեկատվություն հասցնելն է, դրա համար որոշել ենք մեծ ծավալով գովազդել, որ շատ մարդիկ մասնակցեն: ՁԻԱՀ-ն այն լուրջ խնդիրն է, որի մասին տարին մեկ օր հիշելը քիչ է, բայց գոնե այդ 1 օրը թող հնարավորինս շատ մարդիկ իմանան ՁԻԱՀ-ի մասին»,- «Հետքին» տված հարցազրույցում ասաց DJ Վակցինան:
Մասնագիտությամբ կենսաբան Վակցինան մարդկանց կոչ է անում հանդուրժող լինեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների նկատմամբ. «ՄԻԱՎ վարակակիր դառնալը շատ հեշտ է, դա չի նշանակում, որ մարդը անբարոյական կամ միասեռական է, ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել նաեւ բժշկական ներարկման ժամանակ: Վարակակիրը պետք է մտահոգվի միայն բուժման մասին, այլ ոչ թե հասարակության վերաբերմունքի»,- ասում է DJ Վակցինան:
Ի դեպ, «Կամի» ակումբում նաեւ կհնչի ՁԻԱՀ-ի միջազգային օրվան նվիրված երգը, որը կկատարեն Մհերն ու Սոնա Շահգելդյանը: «Երգը կոչվում է «Ձեռքդ տուր», իմաստն այն է, որ միայն միասին կկարողանանք հաղթահարել խնդիրները»,- ասում է երգի հեղինակ Կարեն Գրիգորյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել