«Ցմահականները» դեռևս ազատության մեջ են
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը ներկայացրել է հրաժարականի դիմում: Ամենայն հավանականությամբ, մոտ օրերս պաշտոնանկ կարվի նաև Քրեակատարողական վարչության պետ Աշոտ Գիզիրյանը: Այս տեղեկատվությունները պաշտոնապես ճշտել մեզ առայժմ չի հաջողվում, քանի որ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը հեռախոսազանգերին չի պատասխանում: Ըստ «Հետքի» աղբյուրի` Աֆրիկյանի և Գիզիրյանի պաշտոնակությունը պարտադրված քայլ է,
ինչը պայմանավորված է երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ցմահ ազատազրկման դատապարտված երկու բանտարկյալների` Մհեր Ենոքյանի և Սողոմոն Քոչարյանի փախուստով, և մի քանի օր առաջ մամուլում հայտնված լուսանկարով: 
Լուսանկարում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերից մեկում սուրճի սեղանի շուրջ` ֆոտոխցիկի առջև, ժպտադեմ տեսք են ընդունել «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտվածներ Դերենիկ Բեջանյանը (ձախ կողմում) և Էդիկ Գրիգորյանը (հետին պլանի աջ կողմում): Առաջին պլանում աջից նստածը «Դրոյի» ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին է, իսկ նրա կողքինը` «Ազատամտություն» թերթի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը: Անհասկանալի է, թե ինչպե՞ս են տարբեր խցերում պահվող դատապարտյալները հայտնվել միևնույն խցում, ավելին` ինչպե՞ս է Ա. Խաչատրյանը հայտնվել նրանց կողքին: Հենց այս հարցերին պատասխան տալու համար էլ արդարադատության նախարարը նշանակել էր ծառայողական քննություն: Սակայն երկու օր չանցած նույն` «Նուբարաշենի» գողութում գրանցվեց երկրորդ արտակարգ դեպքը` «ցմահականների» փախուստը:
Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյան-Սողոմոն Քոչարյան զույգը 5 տարի առաջ` 2004 թ. դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, փախել էր նաև «Գորիս» քրեակատարողական հիմնարկից, բայց մոտ մեկ ամիս անց իրավապահները նրանց հայտնաբերել էին և տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ: Այն ժամանակ բանտախցում փախուստից հետո ՔԿՀ-ի տեսուչները գործիքներ էին գտել, իսկ Մհերի ու Սողոմոնի տեղը` մանեկեններ: Ավելի ուշ դատարանում Ենոքյանն ու Քոչարյանը պատմել էին, որ զբոսանքի ժամանակ փոքր երկաթի կտոր էին գտել և 10 օր շարունակ աշխատելով խցում` պատը քանդելով փախուստի ճանապարհ բացել: Նրանք հայտարարել էին, որ թեև բռնվել են, սակայն փախուստի փորձը հաջողված են համարում, քանի որ երբեք չեն ընդունել իրենց մեղսագրվող արարքը, ուստի դիմելով փախուստի, ուշադրություն են գրավել իրենց գործերի վերանայման վրա: Դատարանը 2005-ի հունիսին այս երկու ցմահ դատապարտյալներին ազատազրկել էր ևս 7 տարով, ինչը նշանակում է, որ եթե երբևէ նրանց գործը վերանայվի, հաշվի կառնվի նաև փախուստի համար տրված պատժամիջոցը:
«Իմ կատարած «փոխուստով» փորձել եմ ապացուցել, որ ցմահ դատապարտյալը վայրենի չէ և կարող է իր տեղն ունենալ առողջ հասարակության մեջ... Փախուստից հետո իմ ազատության մեջ գտնվելու 36 օրերի ընթացքում որևէ քաղաքացի չի տուժել, որևէ վնաս չեմ հասցրել անգամ ինձ մահապատժի դատապարտած դատավորին, քննիչներին, որոնք ծեծի ու սպառնալիքների միջոցով ինձնից ցուցմունք են կորզել»,- հայտարարել էր Սողոմոնը: 1966 թ. ծնված Սողոմոն Քոչարյանը ղարաբաղյան պատերազմի մասնակից է: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին նա դատապարտվել է մահապատժի` 1995 թ. Երևան-Կապան մայրուղու վրա Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացու սպանելու, վերջինիս մեքենային և գույքին տիրանալու համար: Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներման հրամանագրով Սողոմոնը, մահապատժի դատապարտված 42 բանտարկյալների հետ, «արժանացել» է ցմահ ազատազրկման: Նույն կերպ` մահապատիժը ցմահ ազատազրկմամբ է փոխարինվել նաև Մհեր Ենոքյանի դեպքում: ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի կոլեգիան բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողին` 20-ամյա Մհերին, 1996 թ. կատարած սպանության համար դատապարտել էր մահապատժի: Մհերը բժիշկների ընտանիքից է, նախկինում դատված չի եղել, բնութագրվել է դրական: Ըստ հաստատված դատավճռի` Մհեր Ենոքյանը դասընկերոջը` իր դասախոս Աղաջանովի որդուն` Իոսիֆին, տարել է մյուս ընկերոջ` Արամենց բարձրահարկ շենքի 9-րդ հարկում գտնվող բնակարան, «ռազվադնոյ կլուչով» հարվածներ է հասցրել գլխին, ապա բռնել է նրա ոտքերը և կարգադրել Արամին, որ դանակով հարվածի վերջինիս պարանոցին: Այնուհետև նրանք դիակը դրել են մեծ պայուսակի մեջ, փորձել տնից հանել, սակայն մտափոխվել են, կատարվածի մասին պատմել իրենց ծնողների ու ներկայացել ոստիկանություն: Բայց դատարանն ապացուցված է համարել, որ Մհերը նախապես ծրագրել է առևանգել ու սպանել «մեծահարուստ» դասախոսի որդուն, իսկ հետո, դիակը ստանալու համար ծնողներից պահանջել փրկագին` 20 հազար ԱՄՆ դոլար: Այս վարկածը բացառապես հիմնված է Մհերի հանցակից ընկերոջ` 15 տարվա ազատազրկման դատապարտված Արամ Հարությունյանի ցուցմունքների վրա: Դեռ տարիներ առաջ մամուլն այս գործով առաջ է քաշել անպատասխան մնացած մի շարք հարցեր: Մասնավորապես` ինչո՞ւ է նման «կանխամտածված» սպանությունը կատարվել Արամ Հարությունյանի բնակարանում, երբ տանը եղել է նաև վերջինիս անչափահաս քույրը, որին քննիչը չի հարցաքննել: Ինչո՞ւ պետք է որպես զոհ ընտրվեր դասախոսի որդին, որն առանձնապես մեծահարուստ չէր: Եթե հանցագործության դրդապատճառը գումարն էր, ինչո՞ւ դիակի վրայից չէր հանվել ոսկե մեծ խաչը, շղթան, գրպանի փողերը: Որտե՞ղ է պայուսակը, որի մեջ տեղափոխել են դիակը: Ինչո՞ւ պետք է սպանությունից հետո այդ մասին տղաները հայտնեին իրենց հարազատներին եւ ինչո՞ւ չեն զանգել սպանվածի հորը` փրկագինը պահանջելու: Ինչո՞վ է բացատրվում Ենոքյանի ձեռքերի վնասվածքները (փորձել է դանակը խլե՞լ): Եվ, վերջապես, ինչո՞ւ է դատարանը մեղադրյալներից մեկի (Արամի) ցուցմունքները համարել արժանահավատ, մյուսինը (Մհերինը)` ոչ: Ինքը` Մհեր Ենոքյանը, պատմել է որ վեճ է ծագել Արամի և Իոսիֆի միջև, լավ մարզված Իոսիֆը սեղանից վերցրել է դանակը ու փորձել հարվածել Արամին: Սակայն ինքը նրանց անջատելու համար ձեռքն ընկած «կլյուչով» հարվածել է նրա մեջքին, առաջացել է քաշքշուկ, ապա Արամն անցել է հարձակմանª հարվածել նախ «կլյուչով», հետո`դանակով: Ինքը փորձել է օգնություն ցույց տալ ընկերոջը, նույնիսկ արհեստական շնչառություն է տվել (մատների վրա մնացել է ատամների հետքը), սակայն վերջինս մահացել է: Մհերը հայտարարել է, որ ինքը չի սպանել ընկերոջը, բայց մեղավոր է, քանի որ չի կարողացել կանխել այդ ամենը: Ենոքյանի հարազատները տարիներ շարունակ դիմել են տարբեր ատյաններ` խնդրելով վերանայել գործը և կատարել կրկնակի քննություն, սակայն որևէ արդյունքի չեն հասել:
«Երբ սպանությունից հետո ոճրագործից հետ (նկատի է ունեցել Արամ Հարությունյանին) ներկայացել եմ ոստիկանություն, դատարանն իմ ինքնակամ հանձնվելը հաշվի չի առել: Այդ պատճառով էլ փախուստից հետո մտքովս չի անցել, որ եթե հանձնվեմ ոստիկանությանը, իմ գործը կվերանայեն և արդարացի վճիռ կկայացնեն»,- 2004-ի փախուստից հետո հայտարարել է Մհերը:
Այս անգամ «ցմահականներ» Մհեր Ենոքյանը և Սողոմոն Քոչարյանը փախուստի են դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի զբոսահրապարակի տանիքի ճաղավանդակը տեղահան անելով, պարանի միջոցով անցնելով ահազանգման համակարգի և արտաքին քողարկող պատի վրայով: Ոստիկանության լրատվության վարչությունից «Հետքին» փոխանցեցին, որ առայժմ տեղեկություններ չունեն, թե վերջիններս որտեղ են գտնվում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել