HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Մյունխենյան դասեր՝ Փարիզից առաջ

30_11-sargsyan-alievՂարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ այս տարվա ընթացքում թվով 6-րդ հանդիպումn նախորդներից տարբերվեց ընդամենը մեկ, բայց էական դետալով։

Դրա նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, թե Մյունխեն է գնում կոնկրետ ակնկալիքով, հակառակ դեպքում իրենք ռազմական ճանապարհով ետ կվերադարձնեն Լեռնային Ղարաբաղը։ Չնայած նման ռազմատենչ հայտարարություններ Ալիեւն արել էր նախորդ գրեթե բոլոր նմանատիպ հանդիպումներից առաջ, սակայն սա տարբերվում էր թե իր վերջնագրային տեսքով, թե կոնկրետ հանդիպման արդյունքների հետ պայմանավորելով։ Ալիեւը փորձեց բանացկություններից առաջ հոգեբանական ճնշում գործադրել հայկական կողմի վրա եւ սահմանափակել կամ ընդհանրապես չեզոքացնել հետագա մանեւրելու Հայաստանի հնարավորությունները։ Բանակցությունների հերթական ռաունդը կայացավ, սակայն, Բաքվի ակնկալած արդյունքը չարձանագրվեց։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարեցին, թե որոշ հարցերի շուրջ արձանագրվել է առաջընթաց, սակայն ի հայտ են եկել նաեւ նոր դժվարություններ։ Նույն միտքը հաջորդ օրը կրկնեց նաեւ ՀՀ արտգործախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նա եւս չբացահայտեց, թե հատկապես որ հարցերում է արձանագրվել փոխըմբռնումը եւ որ կետերի հետ կապված են առաջացել այդ բարդությունները։ եվ չնայած դրան՝ միջազգային մամուլն աննախադեպ հետաքրքրություն դրսեւորեց մյունխենյան հերթական հանդիպման նկատմամբ։ Դա վկայում էր երկու իրողության մասին։ Նախ՝ Իլհամ Ալիեւի կողմից պատերազմի վերսկսման սպառնալիքի ազդեցությամբ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացավ բանակցային գործընթացի վրա։ Անգամ ԵԱՀԿ Մ համանախագահները ստիպված եղան հայտարարել, որ անհրաժեշտ է բանակցությունների այս նուրբ հանգրվանում զերծ մնալ նման հայտարարություններից, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Երկորդ՝ թուրքական գործոնը հետեւողականորեն սկսում է ճնշող ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա, անկախ դրան պաշտոնական Երեւանի հակադրությունից։ Գրեթե բոլոր վերլուծություններում, տեղեկություններում պարտադիր կերպով հիշատակվում էր Հյաստանի հետ ստորագրված երկու արձանագրությունները վավերացնելու համար ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուժի մեջ գտնվող թուրքական նախապայմանը։ Այս երկու իրողությունները, նկատելիորեն փոխում են հակամարտության կարգավորման վերաբերյալ առկա մոտեցումները։ Պատերազմի վերսկսման ալի—յան վերջին սպառնալիքի նկատմամբ Մինսկի խմբի համանախագահների նման կոշտ դիրքորոշումը Բաքվին զրկում են այն ներքին սպառման, եւ Հայաստանի նկատմամբ որպես ճնշման գործիք կիրառելու հանրավորությունից։ Նման անհեռատես քայլը ցույց տվեց, որ Բաքուն չունի հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրադրությունում կողմնորոշվելու եւ գործելու մշակված տակտիկա։ Բաքուն հայտնվել է ցայտնոտի մեջ՝ եւ փորձում է թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային հանրության վրա ճնշումներ գործադրելով ԼՂ հարցում հասնել մաքսիմալ հաջողությունների՝ նախքան Թուրքիայի եւ Հայաստանի խորհրդարանները կվավերացնեն երկու հայտնի արձանագրությունները։ Այսպիսի զարգացումները չեն բխում առաջին հերթին Թուրքիայի շահերից։ Անկարայում հասկանում են, որ ռազմական գործողությունների վերսկսումը վերջնականապես իրենց կզրկի սահմանների բացման նախապայմանով ԼՂ հարցի կարգավորմանը հասնելու հնարավորությունից այն դեպքում, երբ պատերազմական գործողությունների արդյունքները ներկա պայմաններում բացարձակապես անկանխատեսելի են։ Թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը մտավախություն ունեն, որ տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման ցանկացած փորձ կարող է հանգեցնել ստեղծված բալանսի խախտմանը, եւ երկուսն էլ չեն կարողանալու ավարտին հասցնել Հարավային Կովկասը «եղբայրաբար» կիսելու, ինչպես նա— համատեղ սկսած էներգետիկ կոմունիկացիոն ծրագրերը։ Թերեւս դրանով է բացատրվում այն փաստը, որ չնայած Ադրբեջանի արտգործնախարարի՝ Անկարա կատարելիք այցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մյոնխենյան բանակցությունների հաջորդ օրը հեռախոսազրույց է ունենում Էլմար Մամեդյարովի հետ։ Հենց նույն ընթացքում նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Ռուսաստան է հրավիրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ Չնայած առիթը Ուլյանովսկում փողոցներից մեկը Հեյդար Ալիեւի անվամբ անվանակոչելու արարողությանը մասնակցելն է, սակայն ըստ պաշտոնական հաղորդագրության՝ երկու նախագահները քննարկելու են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը։ Չի կարելի բացառել որ Մամեդյարովը եւ Ալիեւը համապատասխանաբար Թուրքիա եւ Ռուսաստան են հրավիրվել՝ որդեգրած անհեռատես քաղաքականությունից հրաժարվելու ուղությամբ «կոնսուլտացիաների» համար։ Որոշակի իմաստով կարելի է ասել, որ Ադրբեջանը հայտնվել է փակուղային իրավիճակում։ Օրերս պարզ դարձավ նաեւ, որ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում հետաձգվել են Ադրբեջանի կողմից ներկայացված գրավված տարածքների վերաբերյալ բանաձեւի նախագծի շուրջ քննարկումները, որոնք նշանակված էին դեկտեմբերի 7-ին։ Ընդ որում, որեւէ ռացիոնալ հիմնավորում չի բերվել ՄԱԿ-ի տեղեկատվական կենտոնից, թե ինչով է պայմանավորված նման փոփոխությունը։ Հավանականությունը մեծ է, որ օրակարգի այս փոփոխությունն ուղղակիորեն կապված է ԼՂ հարցում ընթացող բանակցային գործընթացով։

Չի բացառվում, որ նման լծակներով միջազգային հանրությունը փորձում է ստիպել Ադրբեջանին՝ իր հերթին գնալ որոշակի զիջումների։ Բանն այն է, որ Հայաստանը, ըստ էության, համաձայնել է իրենից ակնկալվող բոլոր զիջումներին. իր վերահսկողության տակ գտնվող բոլոր շրջանների վերադարձ՝ ընդհուպ նաեւ Քելբաջարի եւ Լաչինի շրջանները, միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում հակամարտության շփման գծի երկայնքով, եւ ամենակարեւորը՝ ԼՂ կարգավիճակի որոշում ոնորոշ ապագայում՝ ընդ որում, գուցե, ոչ թե հանրաքվեի այլ, պլեբիսցիտի միջոցով։

Մինչդեռ Ադրբեջանի նախագահի վերջին ելույթը պարզորոշ ցույց էր տալիս, որ Ադրբեջանը որեւէ զիջման չի ուզում գնալ եւ թե՛ Լեռնային Ղարաբաղը, թե՛ հարակից շրջանները ուզում է ստանալ սկուտեղի վրա։ ԼՂ հարցով հաջորդ բանացային փուլը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին կամ 3-ին՝ Փարիզում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ձեւաչափով։ Եթե իսկապես միջազգային հանրության տրամադրություններում առկա են փոփոխություններ, ապա պետք է սպասել, որ այդ բանացկություններին շատ արագ կհաջորդի նախագահների հաջորդ հանդիպումը։

Փարիզում կայանալիք բանակցությունները կարեւոր են հատկապես Անկարայի համար՝ վերջնական շտկումները կատարելու վարչապետ Էրդողանի՝ Վաշինգտոն կատարելիք պաշտոնական այցին ընդառաջ։

Եթե Ադրբեջանի համար ընկալելի լինեն Մոսկվայից, Անկարայից, Բրյուսելից արտահայտվող նոր ազդակները, ապա առաջիկայում կարելի է բանակցային գործընթացում որոշակի առաջընթաց արձանագրել։ Այդ դեպքում, գուցե, նաեւ իրատեսական դառնա հակամարտության կարգավորման շուրջ շրջանակային պայմանագրի ստորագրումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter