HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագածոտնում պնդում են, որ խմելաջուրը չքլորացված է եւ կենդանիներով լեցուն

30_11-waterՊետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Արագածոտնի մարզային կենտրոնի պետ Ազնիվ Թորոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մարզում խմելու ջուրը մոտ 10 օր չի քլորացվել եւ ռեալ վտանգ կար համաճարակի բռնկման համար: «Դրա պատճառն այն էր, որ հանրապետություն հեղուկ քլոր չէր ներմուծվել:

Դա էր մեր միակ մտահոգությունը: Առայժմ աղիքային հիվանդություններ չունենք, 1-2 դեպք կարող է լինել, բայց համաճարակ չի բռնկվել: Այդ մտահոգությամբ լաբորատոր ստուգումներն ավելի հաճախակի ենք դարձրել: Մարզպետարանում նույնիսկ հատուկ քննարկում է եղել այդ հարցով: Հիմա սկսել են նորմալ քլորացման աշխատանքներ կատարել»,-ասաց Ա. Թորոսյանը: Նրա փոխանցմամբ մարզում ջրի քլորացման աշխատանքները մինչեւ այդ լավ են ընթացել եւ նման դեպքեր շատ քիչ են լինում: «Կարող եմ փաստել, որ «Հայջրմուղը» իր պարտավորությունները չի կատարել: Բայց մեղքը միայն նրանցը չէ: Մարզում կան շատ գյուղեր, որտեղ ջրամատակարարման պարտավորությունները համայնքապետարաններինն է ու նրանք պետք է զբաղվեն քլորացման աշխատանքներով, ինչը երբեմն չի արվում»,-ավելացրեց տիկին Թորոսյանը: Քանի որ համաճարակի վտանգը մեծ է, պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Արագածոտնի մարզային կենտրոնի պետը գրավոր գրություն է ուղարկել նաեւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին, որտեղ մտահոգություն է հայտնում մարզի խմելաջրի որակի կապակցությամբ: Ներկայացված փաստերն ավելի քան մտահոգիչ են, քանի որ կատարված փորձաքննության արդյունքներով արձանագրվել են շեղումներ խմելու ջրի համար սահմանված նորմերի պահանջներից, որը համաճարակային առումով «ռեալ վտանգ է ներկայացնում սուր աղիքային ինֆեկցիաների բռնկման հարցում»: Ա. Թորոսյանի ասելով, ուժեղացվել է հսկողությունը մարզի 4 տարածաշրջանների եւ նրանցում գտնվող համայնքների կողմից բնակչությանը մատակարարվող խմելու ջրի որակի նկատմամբ: Միաժամանակ ուժեղացվել է հսկողությունը նաեւ պարտադիր կանխարգելիչ քլորացման աշխատանքների ուղղությամբ: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ նոյեմբերի 4-11-ը խմելու ջուրը վարակազերծման չի ենթարկվել նաեւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող համայնքներում: «Մեր կողմից գրվել է գրություն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Կենտրոն-Արեւմտյան» տարածքային մասնաճյուղի «Աշտարակ» տեղամասի պետին`ջրի քլորացման վերաբերյալ: Սակայն, տեղամասի կողմից ստացվել է պատասխան գրություն (20.10.09թ. թիվ 75), որում չքլորացումը պատճառաբանվում է Հայաստանում ախտահանիչ նյութերի բացակայությամբ»,-նշված է մարզպետին ուղղված Ա. Թորոսյանի գրության մեջ: Մարզային կենտրոնի կողմից հոկտեմբեր ամսին նմուշառումներ են կատարվել Աշտարակ քաղաքի հսկողական կետերից` Աշտարակ, Գիտավան, Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ, Կարբի, Օհանավան, Սասունիկ, Շամիրամ, Դպրեւանք, Տեղեր, Արագածոտն, Կոշ համայնքներից, ինչպես նաեւ ՏԻՄ-երի կողմից սպասարկվող համայնքներից` Լեռնարոտ, Բյուրական, Անտառուտ, Արտաշավան, Օրգով, Ագարակ, Կոշ, Արուճ, Ավան համայնքների հսկողական կետերից: Մարզի Արագածի տարածաշրջանի Օրթաճիա-Գեղաձոր ջրամատակարարման համակարգը (Ալագյազ, Շենկանի, Ռիա-Թազա, Վարդաբլուր, Սանգյառ, Ծաղկահովիտ համայնքներ), որը սպասարկվում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Կենտրոն-Արեւմտյան» տարածքային մասնաճյուղի կողմից, չունի « մելու ջուր» ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ, որակի հսկողություն սահմանված նորմերի պահանջներին, ինչպես նաեւ ջրմուղիների եւ ջրամատակարարման աղբյուրների, խմելու տնտեսական նշանակության ջրմուղիների եւ ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիների համար սահմանված պահանջներին: Առկա է սանիտարական գոտիների բացակայություն եւ բաց առվակով հոսելու պայման: Ռյա Թազայի գյուղապետ Ահմադ Բրոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրենց համայնքի ջուրը մաքուր չի եւ դրա պատասխանատուն «Հայջրմուղկոյուղի» ընկերությունն է, քանի որ նրանք են համայնքին ջուր մատակարարում: Ըստ գյուղապետի, ջրի հետ ոչ միայն հող ու ավազ է գալիս, այլեւ որդեր ու գորտեր: «Գյուղը 20 տարի ջրագիծ չուներ, օղորմի Վազգեն Սարգսյանին, ջրագիծ անցկացրեց, գոնե հիմա էդ ջուրն ենք խմում: Ուրիշ ճար չունենք, կամ պիտի որդոտ ջուր խմենք կամ էլ ծարավ մնանք»,-ասաց Ա. Բրոյանը: Ջրի համար սահմանված նորմերին չհամապատասխանող ջուր են խմում նաեւ Ապարանի` Ափնա, Շենավան, Արայի, Վարդենուտ, Նիգավան, Քուչակ եւ Թալինի տարածաշրջանների մի շարք այլ համայնքներում: Համայնքապետարանների կողմից չի իրականացվում ջրի կանխարգելիչ քլորացում, արտադրական լաբորատոր հսկողություն, իսկ վթարների արձանագրման դեպքում` չի հայտնվում մարզային կենտրոն: Արայի գյուղապետ Էդիկ Պետրոսյանի ասելով իրենց համայնքում ջուրն արդեն քլորացվում է եւ ջրի որակը համապատասխանում է սահմանված նորմերին: «Այն համայնքներում, որտեղ ջրամատակարարումը համայնքային ենթակայության տակ է, համայնքապետերը պետք է անպայման պայմանագրեր կնքեն արտադրական լաբորատորիա ունեցող ընկերությունների հետ եւ ջուրը ստուգման ենթարկեն: Հաշվի առնելով նրանց ֆինանսական հնարավորությունները, ամեն ամիս պետպատվեր եմ իջեցնում եւ մենք ենք ստուգում անում»,-ասաց Ա. Թորոսյանը եւս մեկ անգամ հավաստելով, որ մարզում ջուրն արդեն քլորացվում է: Ազնիվ Թորոսյանի հավաստիացումներին հակառակ Նիգավանի գյուղապետ Արտաշ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղապետարանը քլոր չունի եւ այս պահին ջրի քլորացման աշխատանքներ չեն իրականացվում: «Քլոր չեմ կարողանում գտնել, որ ջուրը քլորացնեմ: Ջրին վերջին անգամ քլոր տվել եմ հոկտեմբեր ամսին»,-ասաց Արտաշ Գալստյանը: Նրա ասելով, ջրի գույնը «տեղն է», պարզապես քիչ քանակությամբ ավազ է գալիս ջրի հետ: Թե ինչպես է Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Արագածոտնի մարզային կենտրոնը իր ստուգումներով չքլորացված ջրում հայտնաբերել քլոր` դժվար է գուշակել: Տիկին Թորոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է խմելաջրուրը պղտորվում կամ ջրում հայտնվում որդ, գորտ եւ ավազ: Սկզբում նա բացառեց, ասելով, որ իրենք նմանատիպ ոչ մի բողոք չեն ստացել եւ իրենց ստուգումներով էլ չի արձանագրել: «Եթե նման բան էլ եղած լինի, ուրեմն տվյալ համայնքի ջրի գլխամասն է խախտված: Բայց հնարավոր է ջրի պղտորությունը ներքին ցանցի մաշվածության պատճառով լինի կամ վթարներ լինեն: Տարին 1 անգամ բոլոր համայնքներում կարգավորիչ ջրավազանները լվացվում են եւ հնարավոր չի, որ որդեր լինի: Լավ կլիներ, որ բոլար համայնքներն էլ մաքրման կայաններ ունենաին, բայց ցավոք չունեն»,-պատասխանեց Ա. Թորոսյանը: Աշտարակ քաղաքի բնակիչ Կարեն Հակոբյանը, պատմեց, որ այս տարվա մեջ 3 ջրաչափ է փոխել, քանի որ ջրի հետ գալիս է ավազ ու «ինչ ասես» եւ խցանելով ջրաչափը` շարքից դուրս է հանել այն: «Մուղնի թաղամասում եմ ապրում, ջրից շան համ ա գալիս, կովին տալիս եմ չի խմում»,-ասաց Կարենը: Բնակչի բողոքին ի պատասխան Ազնիվ Թորոսյանն ասաց, թե բնակչությունը չի սովորել, որ ծորակից առաջին եկած ջուրը չեն խմում եւ պետք է առնվազն 15 րոպե թողնեն ջուրը հոսի նոր խմեն. «Երբ ուսումնասիրության համար ջուր ենք վերցնում, մենք էլ ենք թողնում, որ ջուրը 15 րոպե հոսի»: Արագածոտնի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական աջակցության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվա Թադեւոսյանից հետաքրքրվեցինք, թե վերջին տարիներին աղիքային հիվանդությունների թվի ավելացում կա, թե ոչ: «Աղիքային հիվանդությունների բռնկումներ ամառային սեզոնին լինում են, բայց դա մասայական բնույթ չի կրում: Քանի որ մեր թույլ կետը գիտենք, խնդիրը ուշադրության կենտրոնում ենք պահում: Մեր մարզի սանէպիդկայանը շատ լավ է աշխատում եւ նույնիսկ մեկ դեպքի գրանցման դեպքում լուրջ ուսումնասիրություն է կատարվում»,-ասաց Ս. Թադեւոսյանը` այդպես էլ չնշելով տարվա կտրվածքով աղիքային հիվանդությունների թիվը: Նրա փոխանցմամբ, իրենք կարող են հսկողություն իրականացնել աղբյուրներում, իսկ թե մաշված խողովակում ինչպես է ջրի որակը` չեն կարող այդ կապակցությամբ քայլեր ձեռնարկել. «Մենք կարող ենք միայն ահազանգել, ուրիշ ոչինչ»: Զրուցեցինք նաեւ «Հայջրմուղկոյուղի» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Կամո Աղաբաբյանի հետ: Նա նշեց, որ մարզում ջրի քլորացման աշխատանքներ կատարվում են, սակայն քիչ դոզայով: «Հանրապետությունում հեղուկ քլորի պակաս կա եւ այդ բացը լրացնում ենք քլորի փոշիով, ինչը նույն արդյունքն է տալիս: Գյուղերում ընդհանրապես հեղուկ քլոր չի օգտագործվում, միայն փոշի են օգտագործում: Արդեն ստացել ենք հեղուկ քլոր, սակայն դեռեւս քիչ քանակությամբ»,-ասաց Կ. Աղաբաբյանը: «Մտավախություն չունեգք, որ քլորի պակասությունը կարող է համաճարակային իրավիճակ ստեղծել» հարցին Կ. Աղաբաբյանը պատասխանեց. «Անշուշտ վտանգ ներկայացնում է, բայց եղանակային պայմաններն այնպիսին են, որ համաճարակի բռնկման վտանգը նվազագույն մակարդակի վրա է»,-հույս հայտնեց տնօրենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter