Սկզբում ծեծել են ուշագնացության աստիճան, հետո` այրել
2009թ-ի հունիսի 12-ին ժամը 20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Սավոյան փողոցի թիվ 225/001 տնակից 25 մետր հեռավորության վրա գտնվող հողաթմբի մոտ Հարություն Արամի Գեւորգյանը, Անատոլի Ալեքսեյի Բարիչենկովը, Գեւորգ Ֆահրատի Գեւորգյանը, Սարգիս Գեւորգի Թադեւոսյանը նախ դաժանաբար ծեծել են Սաշիկ Խանաեւի Հակոբյանին, այնուհետեւ տեղափոխելով «Պոլիտեխնիկ» ուսումնարանի պատի տակ` այրել:
Նմանատիպ գործողությունների առիթը հանդիսացել է Սաշիկ Հակոբյանի կողմից Անատոլի Բարիչենկովի կնոջը` Ալվարդ Թադեւոսյանին վիրավորանք հասցնելու, առանց վերջինիս ցանկության սեռական հարաբերություն ունենալու առաջարկը: Հունիսի 12-ին, կեսօրին, 55-ամյա Սաշիկ Հակոբյանը գնացել է Բարիչենկովի տնակ, նրան աշխատանքի առաջարկ անելու նպատակով: Տանը եղել է միայն Ալվարդ Թադեւոսյանը: Սաշիկ Հակոբյանը փորձել է բռնաբարել երիտասարդ կնոջը, սակայն վերջինս կարողացել է ալկոհոլ օգտագործած տղամարդուն վռնդել տնակից: Ամուսնու տուն գալուն պես ամեն ինչ պատմել է նրան: Անատոլի Բարիչենկովը զանգել եւ իրենց տնակ է կանչել կնոջ եղբորը` Սարգիս Թադեւոսյանին: Կատարվածի մասին իմացել են նաեւ Բարիչենկովի խորթ հայրը` Հարություն Գեւորգյանը, ինչպես նաեւ Սարգիսի ընկեր Գեւորգ Գեւորգյանը: Սկզբում Սաշիկի հետ զրույց ու վեճ է տեղի ունեցել Բարիչենկովին պատկանող տնակում, այնուհետեւ դուրս հանելով, սկսել են ծեծել տան հարեւանությամբ: Անատոլիի բռունցքի հերթական հարվածից Սաշիկը վայր է ընկել, որից հետո բոլորը ոտքերով հարվածել են ընկածի կրծքավանդակին եւ գլխին` պատճառելով միջին ծանրության վնասվածքներ կողերի կոտրվածքի ձեւով: Դրանից հետո Հարություն Գեւորգյանը հեռացել է դեպքի վայրից: 3 տղաները 10-15 րոպեի չափ շարունակել են ծեծը մինչեւ նկատել են, որ Սաշիկը չի շարժվում: Անատոլին զարկերակը շոշափելու միջոցով համոզվել է, որ Սաշիկը մահացել է: Կատարվածի հետքերը թաքցնելու նպատակով Անատոլի Բարիչենկովը գնացել է տուն ու վերադարձել` բերելով սավան, անկողնու ծածկոց ու հեղուկ վառելանյութ: Տղաները, Սաշիկ Հակոբյանի ձեռքերը սավանով կապելով ոտքերին, մարմինը տեղադրել են անկողնու ծածկոցի մեջ եւ տեղափոխելով «Պոլիտեխնիկ» ինստիտուտի կիսակառույց շենքի առաջին հարկ` թաքցրել, պայմանավորվելով հանդիպել կեսգիշերին ու դիակը այրել: 2009 թ.-ի հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը, ժամը 01:20-ի սահմաններում Անատոլի Բարիչենկովը, Սարգիս Թադեւոսյանը եւ Գեւորգ Գեւորգյանը հանդիպել են «Պոլիտեխնիկ» ինստիտուտի կիսակառույց շենքի մոտ, դիակը տեղափոխել այս անգամ «Պոլիտեխնիկ» ուսումնարանի պատի տակ ու այրել: Դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Սաշիկ Հակոբյանի մահը պայմանավորված է եղել այրվածքային շոկով, ածխածնի մոնօքսիդի սուր թունավորումով: Այսինքն` մինչեւ այրվելը Սաշիկ Հակոբյանը դեռ ողջ է եղել: Վերոգրյալ արարքը կատարելու համար Անատոլի Բարիչենկովին, Սարգիս Թադեւոսյանին եւ Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ Հարություն Արամի Գեւորգյանին` 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նոյեմբերի 16-ին եւ 17-ին, Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Էդիկ Մանուկյանի, քրեական գործի քննության ընթացքում ցուցմունքեր տվեցին գործով ամբաստանյալները, տուժողի իրավահաջորդը եւ վկաները: Ամբաստանյալները հրաժարվեցին նախաքննական ցուցմունքներից: Ամբաստանյալներից առաջինը դատարանում վկայություն տվեց Անատոլի Բարիչենկովը, ծնված 1988 թ-ին, ազգությամբ ռուս, ՀՀ քաղաքացի: ՈՒնի 6-րդ դասարանի կրթություն, ամուսնացած չէ, թեպետ ամբողջ վեճը սկսվել էր վերջինիս կնոջ պատճառով: Պարզվեց, որ Անատոլին եւ 17-ամյա Ալվարդը ամուսնության պաշտոնական գրանցում չեն ունեցել, եւ Անատոլիի ասելով` ինքը փախցրել է կնոջը: Դատարանում ճշտվեց նաեւ, որ Անատոլիի ոչ օրինական կինը ամուսնու բռնվելուց հետո արդեն օրինական ամուսնացել է մեկ ուրիշի հետ: Անատոլի Բարիչենկովը կալանավորվել էր հունիսի 17-ին: Դատարանին տված ցուցմունքում Անատոլին ասաց, որ իրեն մասնակի է մեղավոր ճանաչում: Ծեծին ինքը մասնակցել է, սակայն դիակը այրելուց տեղեկություն չունի: Հետո հանկարծակի հայտարարեց, որ հրաժարվում է ցուցմունքներ տալուց, քանի որ սիրտը խառնում է ու երիկամային հիվանդություն ունի: Առաջին դատական նիստին ցուցմունքներ տալուց հրաժարվեց նաեւ ամբաստանյալ Սարգիս Թադեւոսյանը` ծնված 1986թ-ին, ՀՀ քաղաքացի, 6-րդ դասարանի կրթությամբ, չամուսնացած, ֆիզիկապես առողջ: Կալանքի տակ է գտնվել հունիսի 17-ից: Վերջինս հայտարարեց, որ իրեն ծեծել են եւ այդ կապակցությամբ ինքը բողոք-նամակ է ուղարկել հանրապետության գլխավոր դատախազին: «Ես մեղավոր չեմ, ես ոչնչից տեղյակ չեմ»,-հայտարարեց ամբաստանյալը: Ամբաստանյալներից Գեւորգ Գեւորգյանը համաձայնեց դատարանում ցուցմունք տալ: Գեւորգը ծնվել է 1984 թ-ին, ՀՀ քաղաքացի է, 8-ամյա կրթություն ունի, 2-րդ կարգի հաշմանդամ է, ամուսնացած, կինը հղի է, որպես հավելում տեղեկություններին` ամբաստանյալի հանրային պաշտպան Աշոտ Հովսեփյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը տառապում է «օլիգոֆրենիայով», սակայն բժիշկները մեղսունակ են ճանաչել: Գեւորգ Գեւորգյանը կալանքի տակ է եղել հունիսի 21-ից: Գեւորգի պատմելով` ինքը չի մասնակցել ծեծին, ընդամենը բաժանել է կռվողներին: Այրելուն եւս մասնակցություն չի ունեցել, տղաներն իրեն կանչել են, որպեսզի «աթանդա» կանգնի եւ եթե մարդ մոտենա, տղաներին տեղյակ պահի: «Այսինքն` դուք հաստատում եք, որ Անատոլին ու Սարգիսը այրել են Սաշիկին»,-հարցրեց դատավորը:
«Չեմ հիշում, ես ցուցմունքի մեջ գրել եմ` երկուսով են արել»,-պատասխանեց ամբաստանյալը: «Դուք ինչ է, չե՞ք տեսել, թե ովքեր են այդ երկուսը եւ ինչ են արել, այդպե՞ս հասկանանք, այդ դեպքում ինչի՞ էին ձեզ կանչել, որ աթանդա կանգնեք,-կրկին հարցրեց դատավորը ու շարունակեց,-ես այնտեղ կայի...»:
«Չէ»,- պատասխանեց ամբաստանյալը: «Բա որ ես չկայի, այդ դեպքում կարող ես բառացիորեն ասել, թե ովքեր կային, չէ որ դուք մասնակցել եք դեպքի վայրի տեղազննությանը, ամբողջը ցույց եք տվել, սրանք էլ լուսանկարները»,-փորձում էր կոնկրետ պատասխան ստանալ ամբաստանյալից դատավորը: Հարցաքննության ընթացքում Գեւորգն ասաց, որ իրեն ոստիկանները ծեծել են ու ինքը վախից է նման ցուցմունք տվել:
«Ինձ Շիրակ Շախնազարյանն է ծեծել ու ես դրա համար բողոք եմ գրել դատախազին` Աղվան Հովսեփյանին,-հայտարարեց Գեւորգ Գեւորգյանը,-ես ոչ մի բանից տեղյակ չեմ, տեսել եմ, որ Անատոլին ու Սաշիկը կռվում են, բաժնեցրել, թողել գնացել եմ, հետո կանչել են, որ աթանդա կանգնեմ, գնացել եմ, բայց վառել-մառել չեմ տեսել»: Ցուցմունքներ տվեց նաեւ ամբաստանյալ Հարություն Գեւորգյանը` ծնված 1954 թ-ին, միջնակարգ կրթությամբ, երկու անգամ ամուսնացած, նախկինում չդատված: Ձերբակալվել է հունիսի 19-ին: Հարություն Գեւորգյանը Անատոլիի խորթ հայրն է: Ամբաստանյալը պատմեց, որ մասնակցել է ծեծին, սակայն վառելուց տեղյակ չէ:
«Որ տեսա Սաշիկն ընկավ, հիասթափվա, թողեցի գնացի տուն,-իր արաքը մեկնաբանեց Հարություն Գեւորգյանը,-Անատոլին, Սարգիսն ու Գեւորգը մնացին, հետո էլ խաբար չեմ` ինչ է եղել, ես ոստիկանությունում եմ իմացել, որ վառել են»: Վկա հրավիրված Ալվարդ Թադեւոսյանը պատմեց, որ Սաշիկ Հակոբյանն իրեն անվայելուչ առաջարկ է արել, որի մասին ինքը պատմել է ամուսնուն: Հետո ինքը տեսել է, թե ինչպես են բլրի հետեւում տղաները ծեծում Հակոբյանին, բայց պնդեց, որ ողջ գիշեր Անատոլին անկողնում է եղել իր կողքին եւ ոչ մի տեղ չի գնացել, տնից էլ սավան ու ադյալ չի տարել: Ինքը կատարվածի մասին պատմել է արդեն նախկին ամուսնու` Անատոլիի մորաքույրներին եւ քրոջը: Վկաներից Մարինե Սեղլեյանը` Անատոլիի մորաքույրը հաստատեց, որ դեպքի մանրամասներն իմացել է Ալվարդից, տեղյակ է, որ տղաները սկզբում ծեծել, հետո այրել են Սաշիկ Հակոբյանին:
Տուժողի իրավահաջորդ Ազատուհի Մուրադյանը` մահացողի կինը, պատմեց, որ վերջին անգամ ամուսնուն տեսել է հունիսի 6-ին: Իսկ դեպքի մասին իմացել է հեռուստատեսությամբ, այնուհետեւ դիակի զննությամբ ճանաչել է ամուսնուն: Թաղման ծախսերն հոգալ օգնել են հարեւանները եւ ինքը պատրաստվում է քաղաքացիական հայց ներկայացնել 1000 դոլար գումարի պահանջով: Եվ այսպես ամբաստանյալներից Անատոլի Բրիչենկովն իրեն մեղավոր է ճանաչում մասնակի, Հարություն Գեւորգյանն ընդունում է, որ մասնակցել է միայն ծեծին, Գեւորգ Գեւորգյանն իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ Սարգիս Թադեւոսյանը, որ սկզբում մասնակիորեն ընդունում էր իր մեղքը, երկրորդ դատական նիստին ընդհանրապես հրաժարվեց իրեն առաջադրված մեղադրանքից: Հաջորդ նիստին կողմերը հանդես կգան մեղադրական եւ պաշտպանական ճառերով:
Մեկնաբանել