«Կոալիցիան ճաքեր չի տա»
«Մեր համագումարն աննախադեպ էր: Անկախ Հայաստանի քաղաքական աշխարհում երբևէ նման համագումար ու նման կուսակցական հավաք չի եղել»,- Հանրապետական կուսակցության 12-րդ համագումարն այսպես գնահատեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը` «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանի հետ «Հայելի» ակումբում կայացած բանավեճի ժամանակ:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` համագումարն աննախադեպ էր նաև այն առումով, որ հնչեցին մեր հասարակությանը հուզող բոլոր խնդիրները, և Սերժ Սարգսյանի կողմից շատ սպառիչ տրվեցին այդ բոլոր հարցերի պատասխանները:
«Համալրումներ եղան մեր շարքերում, և այդտեղ որևէ արտառոց բան չկա: Ամեն մարդ ինքն է որոշում` որ քաղաքական ուժին միանա»,- ասաց նա:
Ի պատասխան` Ս. Սաֆարյանը նշեց, որ համալրումների հետ կապված մի փոքր հակասական տեղեկատվություն կա. թեև Կ. Ավագյանն ասում է, թե յուրքանաչյուր մարդ ինքն է որոշում` որ քաղաքական ուժին միանա, սակայն մի քանի օր առաջ կարծիք է եղել, որ Հանրապետականն ինքն է դիմել վարչապետին` կուսակցությանն անդամակցելու առաջարկով:
«Հանրապետականի համագումարն ինձ համար ուղերձ էր` առաջիկա ընտրությունների հետ կապված, թե ինչպիսի մոդել է իշխանական կուսակցությունը գործարկելու դրանց ժամանակ: Ակնհայտ է, որ իշխանությունը պատրաստվում է ողջ խաղաքարտերը միայն մեկ կուսակցության վրա դնել` Հանրապետականի»,- ասաց նա:
Կ. Ավագյանը, սակայն, վստահեցրեց, որ երբևէ Հանրապետականը ոչ մեկի չի դիմել` կուսակցական դառնալու համար: «Ամեն ինչ շատ բնական է: Այստեղ մութ ու սև անկյուններ փնտրել, ինձ թվում է, տեղին չէ, որովհետև Հանրապետականը, լինելով մեծամասնություն, ինքն է առաջադրել ներկայիս կառավարությունը, ներկայացրել է կառավարության անդամներին: Եվ եթե այսօր կառավարությունը անդամակցում է Հանրապետական կուսակցությանը, ապա այդտեղ որևէ արտասովոր բան չկա»,- ասաց նա:
«Եթե մոտ երկու տարի Հանրապետական կուսակցությունը առաջնորդվում է մի մոդելով (որ վարչապետը կուսակցական չէր) և այնուհետև փոխում է կառավարման այդ մոդելը, նշանակում է, որ մենք գործ ունենք նախկին մոդելի խոցելի կողմերի հետ»,- ի պատասխան` ասաց Ստեփան Սաֆարյանը:
«Մինչև հաջորդ ընտրությունները որքանո՞վ է հավանական կոալիցիայի փլուզումը»: Լրագրողներից մեկի այս հարցին ի պատասխան` Ս. Սաֆարյանը նշեց, որ նախահամագումարյան շրջանում կար կոալիցիայի երկփեղկման վտանգ:
«Եվ դրա վրա երկու հիմնական գործոններ էին ազդում: Նախ` ֆինանսատնտեսական ճգնաժամը, երբ ցանկություն կար վարչապետին քավության նոխազ դարձնել, և դնել վարչապետի փոփոխության խնդիրը: Եվ երկրորդ` հայ-թուրքական հարաբերությունները, որը ոչ տեսանելի, բայց ջրբաժան է առաջացրել կոալիցիայի ներսում` չնայած հայտարարություններին, թե իրենք ողջունում են այդ հարաբերությունները: Այս տեսանկյունից տեսանելի էր, որ մեծ ռիսկ է առկա` կոալիցիայի ներսում երկրորդ բևեռի ձևավորման համար»,- ասաց նա:
Ս. Սաֆարյանի կարծիքով, սակայն, համագումարը վերացրեց այդ ռիսկերը: «Խոսքն առավելապես վերաբերում էր Բարգավաճ Հայաստանի դրսևորումներին, որոնք, չնայած թվացյալ հայտարարություններին, այնքան էլ կոալիցիոն շրջանակների հետագծում չէին: Եվ հիմա չեմ կարծում, թե մինչև ընտրությունները կոալիցիային լուրջ ինչ որ բան կսպառնա, և կոալիցիան ինչ որ ճաքեր տա»,- ասաց նա:
Կարեն Ավագյանն էլ նշեց, որ կոալիցիայի հետ կապված որևէ խնդիր չկա, և ինքը պետք է հիասթափեցնի բոլոր այն մարդկանց, որոնք սպասում են կոալիցիայի մեջ որոշակի խմորումների:
«Իրականում որևէ խմորումներ, որոնք կբերեն ժամանակից շուտ կոալիցիայի փլուզման, ես չեմ տեսնում: Իսկ այդ փաստը ես համագումարի հետ չեմ կապում, քանի որ համագումարի ժամանակ կոալիցիայի հետ կապված որևէ արտառոց բան ես չեմ տեսել»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել