Օրինախախտումներ` Արցախի պետհամալսարանում
ԼՂՀ վերահսկիչ պալատը ստուգումների արդյունքում օրինախախտումներ է հայտնաբերել Արցախի պետհամալսարանում: Այս մասին տեղեկացրել են ՎՊ խորհրդի նոյեմբերի վերջին կայացած նիստում, որտեղ քնարկվել են նաեւ կառավարությանն առընթեր «Ավտոտրանսպորտային տնտեսություն», «Ընդունելությունների տան տնօրինություն», սոցապ նախարարության «Ստեփանակերտի տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ներում կատարված ստուգումների արդյունքները: Վերահսկողությունն ընդգրկող ժամանակահատվածը 2008 թվականն էր:
Ինչպես գրում է «Ազատ Արցախ»-ը, ստուգումների արդյունքում պարզվել է, որ համալսարանը զբաղվում էր ձեռնարկատիրական գործունեությամբ, այնինչ, նման իրավունք նա չունի (խոսքը համալսարանի կազմում գործող ատամնաբուժական կլինիկայի մասին է): ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանի խոսքերով, համալսարանը Արցախի ներդրումային հիմնադրամից փոխառության կարգով գումար է վերցրել, որի դիմաց ավելի քան 680 հազար դրամ է մտցվել պետբյուջե` տոկոսահարկի տեսքով: ՎՊ-ի մասնագետների պնդմամբ` դա օրինախախտում է, քանի որ ԱրՊՀ-ն փոխառություն վերցնելու իրավունք չուներ, իսկ նշված 680 հազարից ավելի գումարը մուծվել է ոչ թե պետբյուջե, այլ հիմնադրամի գանձարանը:
Պարզվել է նաեւ, որ ուսանողներին տրվող ավարտական դիպլոմների արժեքը (ներդիրի հետ) կազմում է 2000 դրամ, սակայն դրանք ուսանողներին տրվել են 3000 դրամ մուծելու պահանջով:
Կրթության եւ գիտության նախարարության եւ համալսարանի միջեւ կնքված պայմանագրի համաձայն` պետպատվերի շրջանակներում 1072 ուսանողի հաշվարկով նախատեսվել է 191800 հազար դրամ` ուսման վճարի լրիվ փոխհատուցման համար: Ստուգումների արդյունքում հայտնի է դարձել, որ ընդգրկվող ժամանակահատվածում անվճար համակարգով սովորող ուսանողների միջին թվաքանակը կազմել է 1038, սակայն ֆինանսավորումը կատարվել է 1072 ուսանողի հաշվով (չմատուցած ծառայության համար համալսարանը ֆինանսավորվել է 6.182.6 հազ. դրամի չափով): Ինչպես «Հետքին» տեղեկացրեց ՎՊ նախագահ Արթուր Մոսիյանը, նշված 6.182.6 հազ. դրամը մեկ ամսվա ընթացքում համալսարանը պետք է վերադարձնի պետբյուջե: Վերադարձման ենթակա են նաեւ 157 հազար դրամ (վարձակալությունից ստացված եկամուտներ) եւ 266 հազար դրամ` անօրեն ձեռնարկատիրական գործունեությունից ստացված գումարներ (խոսքը ատամնաբուժական կլինիկայի մասին է):
Ստուգումներից պարզվել է նաեւ, որ համալսարանը 2002 թվականից ունի ավելի քան 2 մլն դրամ կրեդիտորական պարտք, որն այդպես էլ պետբյուջե չի վերադարձվել: ՎՊ մասնագետները պարզել են նաեւ, որ համալսարանում բացակայում են դիպլոմների, հանրակացարանաբնակ ուսանողների բնակվարձերի ինքնարժեքների հաշվարկները: Նման կարգի օրինախախտումներն ԱրՊՀ-ում բազմաթիվ էին, որոնց առթիվ համալսարանի ղեկավարության կողմից ներկայացված առարկություն-պարզաբանումները ՎՊ խորհրդի նիստում մերժվեցին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել