HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդուարդ Շարմազանով. «Սերժ Սարգսյանը այն առաջնորդն է, որ կարողանում է և պատրաստ է լսել խելացի կարծիքներ»

30_11-E-SharmazanovԱյսօր ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ՀՀԿ 12-րդ համագումարին և ամփոփելով նախագահ Սերժ Սարգսյանի ելութը, այն որակեց որպես ուժեղ կուսակցության ուժեղ նախագահի ելույթ: «Նովոստի Արմենիա» մամուլի ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ ՀՀԿ քարտուղարն ասաց, որ ելույթը յուրովի ազդակ էր ոչ միայն Հանրապետական կուսակցության անդամների, այլև հասարակության և քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչների համար:

«Ցանկացած պետական ծառայող պետք է գիտակցի, որ ինքն ունի միայն երկրին ծառայելու պարտք: Մեզ մոտ կարծես հակառակն է. պետական ծառայողը կամ պաշտոնյան ստացած պաշտոնը դիտում է որպես սեփականություն: ՀՀԿ-ի աշխատանքի շնորհիվ մենք կհասնենք դրական արդյունքների»,- ասաց Է. Շարմազանովը: Նախագահի ելույթի կարևոր կետերից մեկը, ըստ ՀՀԿ քարտուղարի, համերաշխության մասին կետն էր, երբ Ս.Սարգսյանը նշեց, որ իշխանությունը, խելացի լինելուց բացի, պիտի լինի իմաստուն, իսկ իմաստնությունը, ըստ նախագահի, քննադատություն լսելու կարողությանն է: «Նախագահի այս մեկ ու կես տարվա պաշտոնավարության տարիներին մենք ականատեսը եղանք այն բանի, որ Ս. Սարգսյանը այն առաջնորդն է, որ կարողանում է և պատրաստ է լսել խելացի կարծիքներ, այլ ոչ թե իրականացնել միայն իր մտքերը: Սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ մեր երեք հանրապետությունների օրոք կային և հիմա էլ կան պաշտոնյաներ, ովքեր իրենցից խելացի ոչ մեկին չեն պատկերացնում և տառապում են ինքնասիրահարվածությամբ»,- ասաց Է. Շարմազանովը: Անդրադառանալով հայ-թուրքական հարաբերություններին `ՀՀԿ քարտուղարը վկայակոչեց նախագահի ելույթը և ասաց, որ Հանրապետական կուսակցության դիրքորոշումն անփոփոխ է. կուսակցությունը կողմ է առանց նախապայմանների հարաբերություններին: Է. Շարմազանովը հավելեց, որ գնդակը թուրքական կիսադաշտում է, և Հայաստանը չի հանդուրժի որևէ ձևական ձգձգում Թուրքիայի կողմից: Է. Շարմազանովի խոսքերով` ՀՀԿ-ի կարծիքը հայ-ադրբեջանական հակամարտության հարցում անփոփոխ է. կարևոր է համարվում Արցախի կարգավիճակի խնդիրը: «Ըստ իս, նախաձեռնողական քաղաքականության արդյունքներից մեկն այն է, որ վերջերս «Եվրոնյուզ» ալիքով Ղարաբաղի մասին ռեպորտաժում, երբ խոսում էր Բակո Սահակյանը, էկրանին հայտնվեց համապատասխան գրություն` ԼՂՀ նախագահ»,- ասաց նա: Նախաձեռնողական քաղաքականության սահմաններում Հայաստանը խորացրել է հարաբերությունները Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հետ: Է. Շարմազանովը նշեց, որ երեկ տեղի ունեցավ ՀՀԿ խորհրդի նիստ, որը վարեց կուսակցության նախագահ Ս. Սարգսյանը: Վերջինի առաջարկով ՀՀԿ երեք փոխնախագահները` Գալուստ Սահակյանը, Ռազմիկ Զուրաբյանը, Մուշեղ Լալայանը, վերընտրվեցին: Վերընտրվեցին նաև կուսակցության հանձնաժողովների նախագահները` քաղաքական հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, տնտեսական հանձնաժողովի նախագահ Կարեն Կարապետյանը, գործարարների աջակցության հանձնաժողովի նախագահ Հարություն Փամբուկյանը, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը և գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Մուշեղ Լալայանը: Այլ հարցեր չեն քննարկվել: Լրագրողներից մեկը հարցրեցի, թե ո՞ւմ էր ակնարկում նախագահը իր ելույթում` խոսելով գործչի մասին, ով ցանկացել է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում: ՀՀԿ քարտուղարը պատասխանեց. «Կարծում եմ` շատ պարզ է, թե ում մասին էր խոսում նախագահը. ով քաղաքական պատասխանատվություն և քաջություն չունեցավ մինչև վերջ իրագործել ժողովրդի կամքը: Մենք լավ հիշում ենք` ով պատասխանատվություն չունեցավ, ով հեռացավ, ով «Комсомольская правда» թերթի 1992թ. մարտի 5-ի համարում ասաց, որ Ղարաբաղը պիտի լինի Ադրբեջանի կազմում»: Է. Շարմազանովը խուսափեց բաց տեքստով Լևոն Տեր-Պետրոսյանի անունը տալուց: Այն, որ ՀՀԿ նոր անդամները չգիտեին Գարեգին Նժդեհի իսկական անուն-ազգանունը, Է. Շարմազանովի կարծիքով մեծ թերացում չէ, քանի որ կարևորը Նժդեհի գաղափարախոսությունն է:

Քնար Բաբայան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter