HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ նախագահին

Մեծարգո պարոն Նախագահ, Ձերդ Արժանապատվություն,

Դիմում եմ Ձեզ՝ որպես երաշխավորի՝ ակնկալելով Ձեր անաչառ վերաբերմունքը և միջամտությունը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ծավալվող որոշ անօրինական գործընթացները կանխելու հարցում:

Հավատալով Հայաստանում ներդրումները խթանելու վերաբերյալ իշխանությունների որդեգրած քաղաքականությանը՝ ես իմ ռուս գործընկերների հետ Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնադրել եմ առևտրային ընկերություն՝ «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ն, որի գործունեության նպատակն էր Երևանի գեղատեսիլ վայրերից մեկում (Կասկադում) կառուցել առևտրաբնակարանային համալիր:

Ծրագիրն իրականացնելու համար Կասկադում բնակվող առանձին անհատ քաղաքացիներից մեր ֆինանսական միջոցներով ձեռք են բերվել նրանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերը, ինչի կապակցությամբ կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 4 մլն ԱՄՆ դոլար: Ընդ որում, ներդրումները կատարվել են բացառապես մեր՝ Դմիտրի Աֆոնինի, Ալեքսեյ Կորեպանովի և Դմիտրի Կոտովի կողմից:

Հաշվի առնելով Մոսկվա քաղաքում նախկին ՀՀ գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանի որդու՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանի հետ ունեցած ընկերական հարաբերությունները՝ վերջինիս խնդրանքով նրան ևս ընդգրկեցինք ծրագրում՝ նրա մորը (Սուրեն Օսիպյանի կնոջը)՝ Լյուբով Փիլոյանին «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ում փայատեր դարձնելու միջոցով: Ընկերությունում Լյուբով Փիլոյանի փայաբաժնի արժեքը ևս ամբողջությամբ վճարել ենք մենք:

Բացի մորը փայատեր դարձնելուց՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանին ևս առանձին պայմանագրերով հնարավորություն տվեցինք մտնել ծրագրի մեջ և հետագայում կառույցն ավարտելուց հետո որոշ ակնկալիքներ ունենալ:

Չնայած մեր բարյացակամ վերաբերմունքին՝ վերը նշված ընտանիքը իր ձեռնարկած գործողություններով ցույց տվեց, որ իր նպատակը մեզանից խոշոր դրամական միջոցների կորզումն է՝ ինչին հասնելու համար նրանք կանգ չեն առնում գրեթե ոչ մի միջոցի առաջ:

Ներկայումս դատական ատյաններում ընթանում են մի շարք դատավարություններ, և մենք մտավախություն ունենք, որ ընտանիքի հայրը՝ նախկին դատախազ Սուրեն Օսիպյանը, կօգտագործի իր բոլոր կապերը՝ դատարանների վրա ճնշում գործադրելու համար:

Ասվածի վկայությունն է այն հանգամանքը, որ մեզ ստիպում են հաշտության համաձայնության քողի տակ Օսիպյանների ընտանիքին վճարել 1.500.000 ԱՄՆ դոլար այն պայմաններում, երբ նշված ընտանիքը մեկ ցենտ անգամ չի ներդրել ընկերությունում:

Նշված խայտառակ առաջարկից մեր հրաժարումը որակվում է որպես «ռեյդերական» քայլ, իսկ մեզ անվանում են «ռեյդերներ»: Մինչդեռ հայտնի է, որ ռեյդերները նրանք են, ովքեր, որևէ գումար չներդնելով, ցանկանում են խլել ուրիշի ամբողջ ունեցվածքը:

Հետաքրքրաշարժ և կարևոր է այն հանգամանքը, որ նշված ընտանիքը վերջերս սկսել է խոստովանել ծրագրում գումար չներդնելու փաստը: Ստացվում է, որ գումարը պահանջվում է միայն նրա համար, որ ընտանիքի հայրը նախկին գլխավոր դատախազն է և Օսիպյան ազգանունն է կրում:

ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

Սույն դիմում-բողոքը ներկայացնում ենք Ձեզ՝ հաշվի առնելով, որ հիշատակված սահմանադրական նորմի ուժով ունեք լիազորություն՝ հետևելու իշխանության բոլոր թևերի բնականոն գործունեությանը:

ՀՀ-ում եղած ժամանակ անընդհատ լսում եմ, որ այստեղ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելն և ներդրումներ կատարելն անիմաստ է, քանի որ չկա դրա համար անհրաժեշտ և ոչ մի պայման (արդյունավետ հարկային վարչարարություն, անկախ դատական իշխանություն և այլն), ուստի այդ պատճառով նույնիսկ ազգությամբ հայերը փորձում են իրենց գործունեությունը իրականացնել ՀՀ-ից դուրս: Գաղտնիք չէ նաև համատարած արտագաղթը:

Համաձայն չլինելով նման մոտեցման հետ (ունեմ բազմաթիվ հայ ընկերներ, բարեկամներ)՝ իմ գործողություններով ապացուցել եմ հակառակը:

Սույն գրությամբ խնդիր չունեմ Ձեզ ներկայացնելու մեր բիզնես ծրագրերը և դրանց չկատարման հանգամանքները, այլ ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ ՀՀ-ում դատական և դատախազական համակարգերը կաշկանդված են Օսիպյան ընտանիքից:

Վստահ եմ՝ Դուք քաջ տեղյակ եք, որ Սուրեն Տեր-Օսիպյանը եղել է ՀՀ գլխավոր դատախազ և այդ համակարգում ունի բազմաթիվ տարիների փորձ: Ես ինքս հարգում եմ այս բնագավառում աշխատող մարդկանց և նրանց վաստակը, սակայն չեմ կարող հասկանալ, երբ նույն այդ մարդիկ փորձում են բոլոր հնարավոր միջոցներով (այդ թվում՝ ոչ իրավական) հասնել իրենց նպատակին:

Դատական ատյաններում իմ և Օսիպյան ընտանիքի միջև առկա բազմաթիվ դատական վեճերը և դրանց արդյունքները ցույց տվեցին, որ ՀՀ դատական ատյանները, մեր համոզմամբ, տրամադրված են և վեճերը լուծում եմ հօգուտ Օսիպյանների ընտանիքի:

Հարգելի պարոն Նախագահ, ես համաձայն եմ, որ պետք է գնահատել յուրաքանչյուր անձի աշխատանքը և մատուցած ծառայությունները (այդ թվում՝ Սուրեն Օսիպյանի), սակայն թույլատրելի չէ, երբ դա կատարվում է Հայաստանի Հանրապետության՝ որպես իրավական պետության համբավի վտանգման հաշվին: Այնինչ հակառակը՝ տվյալ դեպքում Օսիպյանների միջանձնային կապերը ՀՀ իրավական համակարգի տարբեր օղակների հետ գերադասվում են իրավական պետության գաղափարից:

Անհրաժեշտ է, որ ստեղծվի այնպիսի դաշտ, որում օտարերկրյա ներդրողը կզգա, որ ինքը գտնվում է ՀՀ-ի քաղաքացիների համեմատ ոչ նվազ կարգավիճակում: Թույլատրելի չեն այն դեպքերը, երբ օտարերկրյա քաղաքացին, գալով ՀՀ, կատարելով ներդրումներ և ՀՀ քաղաքացիների հետ իրականացնելով համատեղ ձեռնարկատիրական գործունեություն, արդյունքում «խաբվում է» ՀՀ քաղաքացու կողմից, իսկ ՀՀ իրավական համակարգը որևէ քայլ չի ձեռնարկում այդ օտարերկրյա քաղաքացու իրավունքների պաշտպանության հարցում, ավելին՝ բոլոր հնարավոր միջոցներով «պաշտպանում է իր քաղաքացուն»:

Նշված իրավիճակների բացառումը ՀՀ-ում ներդրումային առողջ դաշտ ձևավորելու կարևորագույնն բաղկացուցիչներից է, որը ցավոք դեռևս առկա չէ:

Կարծում եմ՝ այս մոտեցումը պետք է փոխվի, և դա կարող է սկսվել հենց այսօր սույն դիմումից:

Ես համոզված եմ, որ որևէ երկրի Նախագահ, առավել ևս Դուք չեք ցանկանա Ձեր երկիրը տեսնել այնպիսին, ինչպիսին ներկայացվեց:

Ես հուսով եմ, որ նշված իրավիճակը Ձեր միջամտությամբ կփոխվի, և ես կշարունակեմ իմ գործունեությունը ՀՀ-ում:

Ամփոփելով վերը նշվածը,
հավատալով ՀՀ-ում սկսած բարեփոխումների մեջ Ձեր հաստատակամությանը և հետևողականությանը,
կարևորելով այդ գործընթացում ՀՀ դատական իշխանության դերը

սույն դիմում-բողոքով խնդրում ենք՝

- Ձեր միջամտությունը ՀՀ դատական իշխանության համակարգի բնականոն գործունեության մեջ միջանձնային հովանավորչական գործոնները բացառելու հարցում:

Դիմող՝ ՌԴ քաղաքացի
Ալեքսեյ Կորեպանով

հասցե՝ ք. Գլազով, Կիրովի 10 շենք, բն. 6

Բաց նամակի կրկնօրինակները՝

ՀՀ արդարադատության խորհրդի նախագահ պարոն Արման Մկրտումյանին
ՀՀ գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյանին
ՀՀ արդարադատության նախարար պարոն Հրայր Թովմասյանին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան պարոն Կարեն Անդրեասյանին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter