HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Եկե՞լ է «ազատորեն փոխվելու և անհրաժեշտաբար փոխվելու ժամանակը»

Նոյեմբերի 28-ին կայացած համագումարում միակ էական տեղաշարժը ՀՀԿ գործադիր մարմնում վարչապետ Տիգրան Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ընդգրկվելն էր: Սակայն համագումարը շատ ավելի կարևորվում էր կուսակցության քաղաքական կուրսի հնարավոր փոփոխությունների իմաստով, անցած երկու տարիներին արվածը վերարժևորելու տեսակետից:

Այս իմաստով սպասելիքները մեծ էին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի սպասվող ելույթից: Այն ստացվեց շատ ընդհանրական ձևակերպումներով արտահայտվող ցանկությունների, ամբիցիոզ նպատակադրումների ներկայացում, որտեղ բացարձակապես որևէ նորություն չկար` վարվող արտաքին քաղաքականության հետ կապված: Սերժ Սարգսյանը թե՛ հայ-թուրքական հարաբերությունների, թե՛ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդամենը ասաց այն, ինչ հայտարարում է վերջին երեք-չորս ամսվա ընթացքում: Դա հստակ ցույց էր տալիս, որ հիմնական ակցենտները նա կատարելու է ներքին խնդիրների վրա: Նա առանձնացրեց խնդիրների երեք կոնկրետ խումբ` անցած նախագահական ընտրություններին հաջորդած զարգացումներ, ներհասարակական պառակտում և դրանց հաղթահարմանն ուղղված քայլեր, Հայաստանի սոցիալ-տնտեսական վատթարացած իրավիճակի պատճառահետևանքային կապեր, ներկուսակցական խնդիրներ և ներքին նոր ընկալումների ու գործելաոճի որդեգրման խնդիր: Նախագահն «անընդունելի ու խիստ վտանգավոր» որակեց նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունները: Սակայն նա չնշեց, թե ինչն էր դրանց պատճառը, և ովքեր էին պատասխանատուները: Այս առկախված հարցերից նա շեշտադրումները սահուն կերպով տեղափոխեց հետևանքների դաշտ: «Ամենասարսափելին, թերևս, պառակտումն էր ժողովրդի մեջ: Ծանր ժամանակներ էին բոլորիս համար: Այսօր մենք արձագանքում ենք, որ միասին կարողացանք չխորացնել կործանարար բաժանարարը. վերջնականապես չանցանք պառակտման գիծը»,- նշեց ՀՀԿ նախագահը` առանց բացատրելու, թե ինչի՞ արդյունք էր «բաժանարարն անցնելուց» խուսափելը: Այսպիսով, նա առկախված թողեց նաև իր ու իշխանության դիրքորոշումը 20 օր առաջ արմատական ընդդիմության առաջնորդի` Լևոն Տեր-Պետրոսյանի այլաբանորեն արած գործակցության առաջարկության վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը հասարակության պառակտվածության պատճառները որոնում է ոչ թե սուբյեկտիվ որոշումների, այլ երկրում առկա համակարգային խնդիրների տիրույթում: «Ընտրական համակարգի, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, մամուլի, հավաքների ազատության, մյուս ազատությունների ոչ լիարժեք կայացվածությունն է, որ հնարավորություն է տալիս գլուխ բարձրացնել չարությանն ու անհանդուրժողականությանը, հանգեցնում հասարակական-քաղաքական ճգնաժամերի»,-ասում է Սերժ Սարգսյանը: Այս միտքը կարմիր թելի նման անցնում է նրա ելույթի ողջ տեքստի միջով: Դրանով, սակայն, նախագահն անուղղակիորեն հաստատում է, որ նաև այս ոլորտում իշխանության բացթողումների արդյունքում են սրվում ներհասարակական տրամադրությունները: Այլ կերպ ասած, նախագահը չփակեց մարտի 1-ի էջը: Երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը նախագահը դիտարկում է բացառապես որպես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանք: Եվ դա հնարավորություն է տալիս շրջանցելու այն ներքին գործոնները, որոնք տնտեսության անկումը հասցրել են նման աննախադեպ մակարդակի: «Փառք ու պատիվ մեր այն գործարարներին, խոշոր և համակարգաստեղծ ընկերություններին, որոնք ճիշտ ընկալեցին մեր հորդորը. համագործակցելով կառավարության հետ` երբեմն գործեցին դասական բիզնես նպատակադրումներին հակառակ, և համատեղ մենք կարողացանք շրջանցել հնարավոր շատ ավելի անցանկալի զարգացումներ»: Նախագահի այս մեկնաբանությունը հակասում է երկրի վարչապետի` ամիսներ շարունակ կրկնվող դիրքորոշմանը: «Մեզ մտահոգում են Հայաստանում առկա մենաշնորհային երևույթները, որոնց պատճառներն են ստվերային տնտեսությունն ու միջազգային շուկաներ դուրս գալու սահմանափակ ուղիները»,- ընդամենը այս տարվա հոկտեմբերի 7-ին Երևանում կայացած ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հոբելյանական 30-րդ նիստի ընթացքում հայտարարել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նախագահը, փաստորեն, մտավախություն չունի, որ խոշոր գործարարներին ուղղված այս «կոմպլիմենտը» կարող է առնվազն ընկալվել որպես այս դաշտում առկա լուրջ խնդիրները շրջանցելու փորձ: Հենց խոշոր գործարարները, որոնք Հայաստանում սերտաճած են իշխանության հետ, և որոնցից քիչ չեն նաև ՀՀԿ-ում, կարող են երկրի նախագահի նման գնահատականներն ընդունել որպես իրենց գործունեության խրախուսում: Շատ ավելի հակասական զգացողություններ է առաջացնում նախագահի խոսքը կուսակցության, նրա դերի ու ֆունկցիաների նկատմամբ առկա ընկալումների փոփոխման անհրաժեշտության վերաբերյալ: Սերժ Սարգսյանը կուսակցության առջև, ըստ էության, նոր խնդիր է դնում` դառնալ առաջնորդող ուժ հանդուրժողականության, երկխոսության մշակույթ ձևավորելու հարցում` որպես որակապես նոր Հայաստան ունենալու երաշխիք: «Կուսակցությունը պետք է դառնա այն Հայաստանի մոդելը, որն ուզում ենք կառուցել: Նման կուսակցության հեղինակությունն անվիճելի է, հզորությունն` անկասելի, իսկ հաղթանակը` դրական փոխվող Հայաստանը»,- ասում է նա: Նպատակն, իհարկե, լավն է, որքան էլ այն առայժմ միրաժային թվա: Սակայն խնդրի նման ձևակերպումը պոտենցիալ վտանգներ է պարունակում: Եվ դա պայմանավորված է պետական շահի և կուսակցական շահի նույնականացման միտումներով: Զարգացնելով իր վերոնշյալ միտքը` ՀՀ նախագահը նշում է. «Հանրապետական կուսակցությունն ըստ էության հայկական վերականգնված պետականության հիմնասյունն է: Ու որքան առողջ լինի այդ հիմնասյունը, այնքան առողջ կլինի պետականությունը, որքան ժամանակի հետ համաքայլ լինի կուսակցությունը, այնքան արդիական հասարակություն կունենանք»: Արդյոք կարելի՞ է որևէ կուսակցություն համարել պետականության հիմնասյուն: Նման ընկալման արդյունքում Խորհրդային Միության պետական կառավարման ողջ համակարգը հենվեց բացառապես Կոմունիստական կուսակցության և նրա շահերի վրա: Դա երկրում որևէ առանձին կուսակցության գաղափարախոսությանը մենաշնորհ տալու և այդ մենաշնորհը պաշտպանելու նախադրյալներ է ստեղծում: Պետականության «առողջությունը» կարող է պայմանավորված լինել ոչ թե որևէ առանձին կուսակցության, տվյալ դեպքում ՀՀԿ-ի առողջ կամ անառողջ լինելով, այլ քաղաքական համակարգի: Այլապես վարչապետի և նրա անմիջական թիմի հանրապետականացումը հենց այսպիսի մոտեցման արդյունք է համարվել: Վարչապետի այդ քայլը շղթայական ռեակցիա է առաջացնելու, և դրա արդյունքում համատարած «հանրապետականացումը»` որպես ինքնադրսևորման ու ինքնարտահայտման նեոբոլշևիկյան միջոց, կարող է ուղղակի երազ դարձնել ժողովրդավարության կարևորագույն սկզբունքներից մեկը` բազմակուսակցականությունը: Ի դեպ, նմանատիպ մոտեցում ուներ նաև ՀՅԴ-ն, որը 1940-60-ականներին սփյուռքում ակտիվորեն զարգացնում էր «Ով դաշնակցական է, ուրեմն հայ է» գաղափարախոսությունը, որը ՀՅԴ-ին զգալիորեն մղեց ինքնամեկուսացման և սփյուռքում նոր բաժանարար գծերի առաջացման տեղիք տվեց: Այս մոտեցումն իրավամբ կարող է փակուղային լինել: ՀՀ նախագահը Հանրապետական կուսակցությունը առաջնորդի կուսակցություն չի համարում: «Հանրապետականը Սերժ Սարգսյան չէ, Սերժ Սարգսյանը պարզապես հանրապետական է: Վստահաբար ասում եմ, որ սա երկրի զարգացման համար կարևորագույն ազդակ է»,- ասում է նա: Կուսակցության համագումարում Սերժ Սարգսյանը վերընտրվեց որպես ՀՀԿ նախագահ: Դա, իհարկե, տրամաբանական էր ու հասկանալի: Սակայն խնդիրն այն է, որ նա այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր: Եթե նա պարզապես հանրապետական լիներ, ապա կուսակիցները կարող էին այլընտրանքային մրցակից առաջադրել: «Եթե ընդդիմախոսը միտք է արտահայտում, որը համոզիչ է ու ավելի լավը, քան քո միտքը, ուրեմն պարավոր ես իրագործել նրա միտքը, ու ոչ թե քոնը` ու միայն այն պատճառով, որ քոնն է: Հանրապետականը պետք է շարունակի կատարելագործվել ավելի ճկուն կուսակցություն դառնալու ճանապարհին, կուսակցություն, որը կարողանում է լսել: Լսել ու ընտրել»,- ասում է ՀՀԿ նախագահը: Կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրվելը Սերժ Սարգսյանին հնարավորություն տալիս է կենսագործելու այս նպատակադրումը: Սակայն դա քիչ հավանական է թվում, որովհետև բուն ՀՀԿ վերնախավում այդ ընկալումը դեռևս չկա: Նույն համագումարի ընթացքում ԱԺ նախագահ, հանրապետական Հովիկ Աբրահամյանը հայտարարում է. «Մենք պետք է զերծ մնանք նրանցից, ովքեր կուսակցությունում որոնում են անձնական օգուտներ կամ զուտ քաղաքական առաջխաղացման հնարավորություն»: Մեկնաբանելով ԱԺ նախագահի այս միտքը, ըստ 7or.am-ի` ՀՀԿ խորհրդի մեկ այլ անդամ` Գալուստ Սահակյանը, նկատել է. «…Ինչո՞ւ չէ, կան նաև պատեհապաշտներ, որոնք գալիս են իրենց այս կամ այն խնդիրը լուծելու: Միշտ էլ այդպես է. իշխանական կուսակցություններն այդ խնդիրն ունեն: Մարդկանց հավատում ես, թե իբրև գալիս են ակտիվանալու, ինչ-որ բան անելու, վերջում պարզվում է, որ նրանք ավելի նեղ անձնական խնդիրներ ունեն»: Թե՛ Հովիկ Աբրահամյանի, թե՛ ալուստ Սահակյանի խոսքերն առաջին հայացքից իրականության պարզ գնահատական են: Սակայն դրա տակ կարող են թաքնված լինել «յուրայինների մեջ օտարներից» ազատվելու, այլընտրանքային խոսքն արգելելու տրամադրություններ: Խնդիրն այն է, որ չկա այն հարցի պատասխանը, թե ովքեր են պատեհապաշտները, և ինչպես պետք է ազատվել նրանցից: Չկա դրա որևէ չափորոշիչ: Պատեհապաշտներից ու մակաբույծներից զերծ մնալու միակ քիչ թե շատ ռացիոնալ տարբերակը կուսակցություն մուտք գործելու համար օպտիմալ ֆիլտրեր գործածելն է, որը Հայաստանում չունի և ոչ մի կուսակցություն: Ինչևէ, ակնհայտ է, որ ՀՀԿ-ն իր առջև որոշակի հավակնոտ խնդիրներ է դնում, որոնք մեծապես կապված են մտածողության, ընկալումների ու ստերեոտիպների փոփոխության հետ: Դա համահասարակական խնդիր է և ուրեմն` դժվար իրագործելի: Վերընտրվելով Հայաստանում փաստացի իշխանություն ունեցող միակ կուսակցության ղեկավարի պաշտոնում` Սերժ Սարգսյանն այդ փոփոխությունները նախաձեռնելու հնարավորություն է ստացել: Առաջիկա երկու տարին ցույց կտա, թե որքանով է կենսագործվել այս համագումարի ընթացքում նրա իսկ կողմից հռչակված «Եկել է ազատորեն փոխվելու և անհրաժեշտաբար փոխվելու ժամանակը» կարգախոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter