HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

2010-ի բյուջեն պետք է իրատեսական լինի

ԼՂՀ կառավարության երեկվա նիստում, որը վարել է նախագահ Բակո Սահակյանը, գործադիրի քննարկման  էր ներկայացվել «ԼՂՀ 2010թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Ինչպես հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի սկզբում փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը որոշ տվյալներ է հրապարակել եզրափակվող 2009թ. ֆինանսատնտեսական իրավիճակի վերաբերյալ: Ըստ փոխվարչապետի` 2010 թվականը մեր հանրապետության համար կլինի ծանր, ուստի պետությունն իր վրա է վերցրել ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու պատասխանատվությունը: Կառավարությունը գալիք տարում եւս կպահպանի սոցիալական ծրագրերի առաջնահերթությունը, ինչի համար կհատկացվի պետբյուջեի 60%-ը:      Գործադիրի հավանությանն արժանացած օրինագծով` 2010 թվականին եկամուտներն ընդհանուր առմամբ կկազմեն 55 մլրդ 810,4 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ներառյալ` ՀՀ-ից ստացվող միջպետական վարկը: Ծախսերի գծով  գումարը կկազմի 59 մլրդ 804,7 մլն դրամ, պակասորդը` 3 մլրդ 994,3 մլն դրամ: Պետբյուջեի պակասորդի ֆինանսավորմանը կուղղվեն ներքին եւ արտաքին աղբյուրները: Պակասորդի եւ 2010 թ. ծրագրվող ՀՆԱ-ի տոկոսային հարաբերությունը կանխատեսվում է 3,5%-ի չափով` 2009թ. 4,5%-ի դիմաց: Գալիք տարվա պետբյուջեի մուտքերի կազմում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերն ու պետական տուրքերը` 65,8%: Մնացյալը կապահովվի պարտադիր սոցիալական վճարների, պաշտոնական դրամաշնորհների եւ այլ եկամուտների հաշվին: Նախագահ Բակո Սահակյանի գնահատմամբ` գործադիրի վարած տնտեսական քաղաքականության շնորհիվ մասամբ չեզոքացվել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը եւ արդյունքում` այս տարի ապահովվում է մոտ 13 % տնտեսական աճ: Այդ հարցում, ըստ նախագահի, կարեւոր դեր խաղաց նաեւ հանրապետության բնակչության խոհեմ պահվածքը, որը չտրվեց խուճապի եւ հավելյալ լարվածություն չհաղորդեց առաջացած բարդ իրավիճակին: Նախագահը շեշտել է, որ պետք է պատրաստ լինել նոր մարտահրավերների, ուստի եւ` ունենալ իրատեսական բյուջե: Այն, Բ Սահակյանի խոսքով, պետք է իրացվի երկու կարեւոր սկզբունքով. նախ` միջոցները ծախսվեն առավելագույն արդյունավետությամբ, երկրորդ, որ ծախսերի որոշ կրճատումը չխոչընդոտի տնտեսական զարգացմանը: Նախագահը գործադիրին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել սոցիալական անապահով  խմբերը, հատկապես` Արցախյան ազատամարտում զոհվածների ընտանիքներին ու հաշմանդամներին, բացառել սպառողական գների արտառոց աճը, դրսեւորել ֆինանսական բարձր կարգապահություն: Երկրի ղեկավարը նաեւ իր դժգոհությունն է հայտնել, մասնավորապես, կրթության եւ առողջապահության  ոլորտներում առկա ստվերային երեւույթների կապակցությամբ, եւ իրավասու մարմիններին հանձնարարել վճռական քայլեր կատարել իրավիճակն էապես բարելավելու ուղղությամբ, ինչպես նաեւ հատուկ կարեւորություն տվել պետական համակարգի կառավարման օպտիմալացման խնդրին: Նախագահն անթույլատրելի է համարել, որ ավելացել է պետական պաշտոնյաների թիվը, ստեղծվել են նոր ՊՈԱԿ-ներ, որոնց նպատակահարմարությունը կասկածելի է, ուստի կառավարությունը, նախագահի հանձնարարությամբ, պետք է վերանայի կառավարման համակարգը` կատարելով անհրաժեշտ փոփոխություններ: Ամփոփելով պետբյուջեի օրինագծի քննարկումները` նախագահ  Բ.Սահակյանը  վստահություն է հայտնել, որ սոցիալական շեշտված ուղղվածությամբ այդ փաստաթղթի նախանշումներն իրականացնելով` կբարելավվի մարդկանց կյանքի որակը: Միաժամանակ, նա ընդգծել է, որ  դեռեւս լուրջ բացթողումներ կան արդյունավետ աշխատանքի հարցում, եւ դա գլխավորապես մի շարք իրավասու պաշտոնյաների ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով: Վարչապետ Արա Հարությունյանն իր հերթին հավաստիացրել է, որ նախագահի կողմից տրված  հանձնարարականները  լիովին կներառվեն  կառավարության գործունեության առաջիկա  ծրագրերում, ինչպես եւ արտացոլում կգտնեն 2010թ. պետբյուջեում, եւ նպատակային միջոցներ կձեռնարկվեն գործադիր իշխանության ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter