Արբակ Խաչատրյանի բլեֆը
Ամիսներ առաջ «Հրապարակը» լուր էր տպագրել, որ Արբակ Խաչատրյանը, որին հայ հանրությունը հիշում է 2003-ի նախագահական ընտրություններից, երբ նրան ձերբակալեցին Արտաշես Գեղամյանին 150 հազար դոլար տալու պատճառով, որոշել է զբաղվել քաղցկեղի դեմ պայքարով:

Նա ինչ-որ հիմնադրամ էր ձևավորել, որի նախագահն էր լինելու ՌԴ նախագահ Մեդվեդևի կինը, փոխնախագահը` ինքը, և ԱՄՆ-ից հակաքաղցկեղային մի դեղամիջոց էին ներկրելու Ռուսաստան, որը հաջողությամբ փորձարկվել և այդ հիվանդության դեմ պայքարում արդարացրել է:
Օրերս ԱՄՆ-ից թերթին զանգահարել է մեր հայրենակիցներից մեկը, որը խնդրել է իր անունը չհրապարակել և հայտնել է, որ իրականում Արբակ Խաչատրյանի այդ ձեռնարկը մի մեծ բլեֆ է եղել, և նա մի քանի հայ մեծահարուստների, այդ թվում նաև իրեն, «ֆռռացնելով» մեծ գումարներ է կորզել: Այժմ իրենք զբաղված են Արբակին փնտրելով, որը հույս ունի, որ հեռախոսներն անջատելով ու թաքնվելով, կխուսափի պատժից:
Խոսքը մի քանի հարյուր հազար դոլարի մասին է, որը Ա. Խաչատրյանը հայ բիզնեսմեններից կորզել է` մի քանի ամսում մի քանի միլիոն շահույթ ապահովելու խոստմամբ: Այս մեծ ավանտյուրան բեմականացնելուն օգնել են նաև ռուսական որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` առողջապահության նախարարության աշխատակիցներ, որոնց հետ Արբակը հանդիպումներ է կազմակերպել և ներդրողներին դրանով համոզել: Թերթի զրուցակիցը վստահ էր, որ նա այս ավանտյուրան չի մարսելու: Թերթին չի հաջողվել ճշտել Արբակի զոհերի ցանկը, բայց նրանց թվում կան նաև հայաստանցիներ:
Ղրիմում նույնպես հայկական եկեղեցի են ցանկանում փակել
Ղրիմի տեղական իշխանությունները որոշել են տեղի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին վերածել ազգային-ժողովրդագրական թանգարանի: Եկեղեցում մինչ օրս անց են կացվում արարողություններ և այլ ծառայություններ տեղի հայ համայնքի համար:
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնում են, որ ամեն ինչ պետք է արվի` թույլ չտալու, որ սրբավայրը փոխի իր կարգավիճակը: Մայր աթոռն ընդունում է, որ եկեղեցու տարածքում բացվի թանգարան, սակայն միայն այն պայմանով, որ Սուրբ Խաչը պահպանի իր` եկեղեցու կարգավիճակը: Այս առումով էջմիածինն արդեն կապվել է Ղրիմի ինքնավար հանրապետության Գերագույն ռադայի նախագահ Անատոլի Գրիցենկոյի հետ` լիահույս լինելով, որ հարցն անպայման կլուծվի: Այս հարցում հայ առաքելական եկեղեցուն իր օգնությունն է բերել տեղի հայ համայնքը:
Սակայն թե երբ պետք է Ղրիմի կողմից ընթացք տրվի կամ պատասխանեն հայկական կողմի դժգոհություններին, հայտնի չէ:
Փնտրվում է Խոսրովի նոր տնօրեն
Խոսրովի պետարգելոցի տնօրեն Սամվել Շաբոյանի սպանությունից հետո այդ աշխատանքի վրա շատերն աչք ունեն, բայց հատկապես եռանդուն են պայքարում երկու հավակնորդներ: Մեկն Ալիկ Սերգեյիչի հարազատ եղբայր Անդրանիկ Սարգսյանն է, որը եղբոր մարզպետության տարիներին հարմար տեղավորվել էր մարզի բնապահպանական տեսչությունում և կլորիկ գումարներ էր գրպանում հանքերի թույլտվության և հազար ու մի այլ ապօրինություններ գլուխ բերելու դիմաց:
Մյուսը ոմն Նոնո է` Արգամիչի հովանավորյալը: Հանկարծ սխալ չհասկանաք` Նոնոն տղամարդու անուն է, ավելին` որոշ չափանիշներով` Նոնոն կարգին սրտով տղամարդ է, քանի որ Արտաշատի ամենահայտնի որսագողն է: Իսկ Անդոն Արտաշատում հայտնի է 5-6 թիկնապահների ուղեկցությամբ շրջելու սովորությամբ: Եթե ընտրությունը պետք է կայանա մասնագիտությամբ և էությամբ արգելոցին օգուտ տալու անընդունակ այդ երկուսի միջև, ուրեմն` պետք է ընդամենը հաշվարկեն, թե նրանցից ով կարող է ավելի շատ «քյաշ» փող սարքել հայրենի բնությունից, իսկ Խոսրովի արգելոցի վիճակի վրա արդեն այսօրվանից կարելի է խաչ քաշել:
«Մտացածին» հերքո՞ւմ, թե՞ հաստատում
Երեկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը տարածել է մի հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է. «Վերջին շրջանում որոշ զանգվածային լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, թե ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ լուրերը մտացածին են և իրականությանը չեն համապատասխանում: Ալիկ Սարգսյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել և շարունակում է իրականացնել ոստիկանության պետի գործառույթները»:
Թե ինչու է ոստիկանությունը այդքան «պաշտոնապես» արձագանքել մամուլի հրապարակումներին, հատկապես հիմա, երբ նման տեղեկությունները զլմ-ներում հրապարակվում են շատ հաճախ, մնում է միայն ենթադրել:
Հակագովազդ Հայաստանի օրինակով
«Ավստրիական ավիաուղիների» չվերթներում ուղևորներին տրամադրվող ամսագրում զետեղված է այս ավիաընկերության հետևյալ գովազդը. «Արևելյան Եվրոպայի ճանապարհները վատ վիճակում են: Ավելի լավ է` թռեք»: Եվ որպես ասվածի հավաստում` պատկերված է հայկական մի ցուցանակ` Ջերմուկի և Սևակ գյուղի ճամփաբաժանի վերաբերյալ:
Իհարկե, մի կողմից հաճելի է, որ Հայաստանը համարվել է Արևելյան Եվրոպա, բայց մյուս կողմից, մեղմ ասած` տխուր է, որ չնայած զբոսաշրջության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու վերաբերյալ (մանավանդ ՀՀ նախորդ նախագահի) ելույթներին, մեր ճանապարհներն այն վիճակում են, որ օգտագործվում են իբրև տիպիկ օրինակ, թե ինչու է նախընտրելի օդում գտնվել, քան ցամաքում:
Այնուամենայնիվ, դառը բան ասաց
«Գեղամյանը Գեղամյան չի լինի, եթե ինչ-որ մի դառը բան չասի: Ես այսօր շատ և շատ կցանկանայի այս դահլիճում տեսնել Հայաստանի երկրորդ Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ես շատ կցանկանայի այս ամբիոնից տեսնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի մենք համայն աշխարհի առաջ հանդես գայինք որպես միասնական մի ուժ, որ բոլոր տեսակի ներքին, ճղճիմ, ավելի շուտ ոչ թե ի խորոց սրտի, այլ գիտակցությամբ պայմանավորված տարաձայնությունները մի կողմ շպրտվեին, և Հայաստանը թևակոխեր իր նորագույն պատմության ամենալուսավոր էջը»,- ողջույնի խոսքով հանդես գալով ՀՀԿ համագումարում` ասաց Արտաշես Գեղամյանը:
Սովոր են
Նոյեմբերի 28-ին Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում տեղի ունեցած համագումարի ժամանակ հնարավոր չէր չնկատել այն հանգամանքը, թե կուսակցության ղեկավար կազմի ընտրությունն ինչ քվեատուփերով ու քվեախուցերով էր կազմակերպվել: ՀՀԿ-ականները ոչ ավելի ոչ պակաս, օգտագործել են ՀՀ ԿԸՀ-ին պատկանող և հանրությանը պաշտոնական ընտրություններից հայտնի քվեատուփերը ու քվեախուցերը: Նույնիսկ էական չէ, թե պաշտոնապես ինչպես կպարզաբանվի այդ փաստը: ԿԸՀ-ն կարող է ասել, որ քվեատուփերը ոչ թե իրենք են տվել, այլ դրանք ՀՀԿ-ն գնել է, ասենք, «Սուրմալուի» տոնավաճառում: Դրանից խնդրի էությունը չի փոխվում:
Փաստն այն է, որ նույն քվեատուփերը, որոնցով ԿԸՀ-ն կազմակերպում է բոլոր տեսակի ընտրությունները կարող են հայտնվել մասնավոր անձանց ձեռքում, նույն հաջողությամբ, քվեատուփերը կարող էին նաև, ասենք, նախագահական ընտրությունների ժամանակ նույն մարդկանց տրամադրության տակ լինել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել