Վարչապետը դարձյալ դժգոհ է
Երեկ անցկացրած խորհրդակցության ժամանակ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը դարձյալ դժգոհություն է հայտնել հանրապետությունում տարվող հողամշակման անբավարար մակարդակից: Նա շեշտել է, որ այդ ոլորտում դեռ առկա է զգալի անտարբերություն երաշխավորվող կանոնների նկատմամբ, ինչի հետեւանքով հաճախ է արձանագրվում ցածր բերքատվություն: «Կառավարությունն այսուհետ առավել սկզբունքայնություն հանդես կբերի եւ պետական աջակցություն կտրամադրվի նրանց, ովքեր հողը մշակում են բանիմացորեն»,-ասել է վարչապետը:
Ինչպես հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արա Հարությունյանը ներկաներին տեղեկացրել է, որ գործադիրը որդեգրում է ծախսերի խնայողության քաղաքականություն, ուստի ֆինանսա-նյութական հատկացումներ անելիս պետք է առաջնորդվել առաջնահերթության սկզբունքով: «Հարկ է ներկայացնել իրոք հրատապ ծրագրեր,-շեշտել է Ա. Հարությունյանը,- հրաժարվել սեփական պրոբլեմներն ուրիշների վրա բարդելու արատավոր գործելաոճից: Գործադիր իշխանության բոլոր օղակների հիմնական խնդիրն է` պայմաններ ստեղծել` ավելացնելու քաղաքացիների եկամուտները, որպեսզի ապահովվի երկրի իրական զարգացում»:
Խորհրդակցությունում անդրադարձ է եղել նաեւ գյուղատնտեսական վարկերի մարման գործընթացին: Գյուղի եւ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի նախագահ Հայկ Ջավադյանի տեղեկացմամբ` արդեն վերադարձվել է տրված վարկերի մոտ 83%-ը: Մինչեւ տարեվերջ այդ թիվը զգալիորեն կբարձրանա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել