HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մարդիկ ամեն ինչ գիտեն ՔԿԱԳ-ի մասին, տեղեկացնելու հարկ չկա

Այս տրամաբանությամբ են գործում ԿՔԱԳ բաժնի  պետերը

Մարալիկ քաղաքի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) տարածքային բաժինը գտնելն այնքան էլ մեծ դժվարություն չներկայացրեց, առաջին իսկ պատահած անցորդը տեղեկացրեց, որ գտնվում է քաղաքապետարանի շենքում, երկրորդ հարկում: Դռան աջ կողմում փակցված ցուցանակն ազդարարում էր, որ փնտրտուքն ավարտվել է եւ ես Մարալիկի ՔԿԱԳ-ում եմ:

Դռան ու միջանցքի պատին այլեւս ոչ մի տեսակի տեղեկատվություն չգտա, որը ծանուցեր պետի բաժնի աշխատանքային ժամերի, վճարման ենթակա գումարների, գրանցումների համար անհրաժեշտ փաստաթղթերի, հաշվեհամարի մասին: Մարալիկի  ՔԿԱԳ-ի պետ Ոսկեհատ Ներսիսյանը ձեռքը պարզելով սենյակի խորքը, ցույց  տվեց պատին փակցված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը, որից տեղեկատվություն քաղելու համար պետք էր կիպ մոտենալ, որպեսզի հնարավոր լիներ ընթերցել մանրատառ գրությունը: Հարցումներից  պարզվեց, որ մարդիկ ոչ միայն չեն մոտենում պատին փակցվածը կարդալու, այլեւ չեն էլ հետաքրքրվում դրանով:

«Դե, տարիներ շարունակ օրենքը փոփոխության չի ենթարկվել, մարդիկ գիտեն, թե ինչ գումարներ մուծեն, դրա համար էլ չեն հետաքրքրվում,-պատճառաբանեց Ոսկեհատ Ներսիսյանը,- եւ հետո, մենք գործարքը չենք կատարում մինչեւ հարկ եղած մուծումները չեն արվում: Ահա, տեսեք, սրանք էլ անդորրագրերը»: Իսկ թե ինչու  տարիներ շարունակ նույն տեղում գործող ծառայությունը զլանում է իր աշխատանքային օրերի ու ժամերի մասին ծանուցելուց, պետի պատճառաբանությունը հետեւյալն էր: «Բոլորն էլ գիտեն, որ մենք քաղաքապետարանի հետ գալիս ենք, քաղաքապետարանի հետ գնում ենք, հետո էլ շատ հաճախ, օրերով մեր դուռը բացող չկա»,- ասաց բաժնի պետը: Սա այն դեպքում, երբ Մարալիկի ՔԿԱԳ-ը բացիՄարալիկ քաղաքից սպասարկում է նաեւ շրջակա 17 գյուղերին, շուրջ 23 հազար մարդու: Մարալիկի  ՔԿԱԳ-ը տեղավորված էր մեկ մեծ ու ընդարձակ սենյակում, չկար սպասասրահ, պետն ու բաժնի միակ մասնագետը համատեղ աշխատում էին մեկ սենյակում: Նրանց ասելով, դռան մոտ էլ անհրաժեշտ թղթերը չեն փակցնում, որովհետեւ բնակիչները պոկում-տանում են:

Artiki-Zags_01.12.09

Արթիկ քաղաքում գործող ՔԿԱԳ տարածքային բաժինը շատ ավելի բարվոք վիճակում էր: Նախ` զարմացա ՔԿԱԳ բաժնի պետի դռան կողքին հայտնաբերելով ոչ միայն ավանդական ցուցանակը, այլեւ ծանուցում աշխատանքային ժամերի մասին, ինչպես նաեւ պետտուրքի մասին օրենքը խոշորացված տառատեսակով տպված, կողքին էլ գրիչով նշված էր փաստացի վճարվելիք տուրքերի չափը` ՀՀ-ում սահմանված բազային տուրքով հաշվարկած:

s-gasparyan_01.12.09

Արթիկի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետ Սուրիա Գասպարյանը ցույց տվեց նաեւ ցուցատախտակը, որ մի ժամանակ օգտագործել են, սակայն հանել են, քանի որ շենքում, որտեղ իրենք գտնվում են, գիշերային պահպանություն չկա եւ որեւէ մեկի մտքով եթե անցնի այն տանել` կանխել չեն կարողանա: «Մենք առավոտյան  ժամը 9-ից այստեղ ենք, որովհետեւ հատկապես գյուղերից առավոտ շուտ են գալիս ու ձգտում են, որ իրենց գործը շուտ անեն-գնան,- պարզաբանում է Սուրիա Գասպարյանը,- մենք, ճիշտ է, սպասասրահ չունենք, բայց երկրորդ աշխատասենյակն ունենք, որտեղ մասնագետն է նստում: Այնպես, որ աշխատում ենք մարդկանց միջանցքում շատ չպահել, հատկապես ձմռան ամիսներին շատ ցուրտ է լինում, մեղք են մարդիկ»: Արթիկի ՔԿԱԳ-ը նաեւ արխիվի համար առանձին սենյակ ուներ: Պետն ասաց, որ մտադիր է նաեւ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը տպել տալ եւ փակցնել պատին, որպեսզի անտեղյակ բնակիչները դրա համար ավելորդ անգամ իրենց դուռը չծեծեն: «Կկարդան, պատրաստ կգան, էլ ավելորդ քաշքշուկ չի լինի,- հավելեց տ. Գասպարյանը»: Այս բաժինը սպասարկում է Արթիկ քաղաքին եւ 23 գյուղ, շուրջ 69 հազար մարդ:

e-khachatryan_01.12.09

Գյումրիի  ՔԿԱԳ-ն արդեն 7 ամիս է նոր շենքում է, բայց ինչպես բաժնի պետ Եղեգնուհի Խաչատրյանն ասաց, կրկին ճամպրուկային տրամադրությամբ, որովհետեւ ամենայն հավանականությամբ, մեկ-երկու ամսից կտեղափոխվեն նորակառույց քաղաքապետարանում իրենց հատկացված սենյակները: «Նաեւ հանդիսասրահ ենք ունենալու, աշխատանքային սենյակները կավելանան, սպասասրահ կունենանք, նաեւ արխիվի սենյակ»,- տեղեկացրեց տիկին Խաչատրյանը: Նոր տեղում, երկու սենյակների միջեւ գտնվող բավական փոքրիկ տարածությունը վերածված էր սպասասրահի, որտեղ իմ այցելության պահին մոտ 10 հոգի սպասում էին իրենց հերթին:

Սպասասրահի պատին փակցված էր «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը, նաեւ պարզաբանված էր Քրեական օրենսգրքի 169 հոդվածը, որով պատիժ էր նախատեսվում սուտ տեղեկություններ տրամադրելու մասին, ինչպես նաեւ Արդարադատության նախարարության հեռախոսահամարները, որոնցից կարող է օգտվել բնակիչը, եթե հայտնաբերի խաբեություն ՔԿԱԳ-ի աշխատակիցների կողմից: Երեք ՔԿԱԳ-ում էլ փակցված չէին բանկային հաշվեհամարները: Արթիկի բաժնի պետը տեղեկացրեց, որ քաղաքում գործող բանկերում գիտեն քաղաքապետարանի հաշվեհամարը եւ մարդիկ ընդամենն ասում են, որ իրենք ՔԿԱԳ-ին են գումարը մուծում: Նույն տեղեկությունը փոխանցեցին նաեւ Գյումրիի ՔԿԱԳ-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր